Bloomberg. Մոսկվան համաձայն չէ խաղաղության նոր պլանի հետ և մտադիր է փոփոխություններ մտցնել

Ռուսական զինուժը Սուրբ Ծննդյան տոնին շարունակել է հարվածները Ուկրաինայի մի շարք շրջանների էներգետիկ ենթակառուցվածքներին: Օդեսայում հարվածել են նաև նավահանգստի ենթակառուցվածքներին, կա մեկ զոհ: Թիրախում են եղել նաև Խարկովը, որի մի մասը հոսանքազրկվել է, մայրաքաղաք Կիևը, որտեղ գիշերը երկու անգամ միացել է օդային տագնապի ազդանշանը:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Կրասնոդարի երկրամասի Տեմրյուկ քաղաքի նավահանգստին, նավթամթերքի երկու պահեստարաններում հրդեհ է բռնկվել, նաև նավթավերամշակման գործարանի Օրենբուրգում:

Ուկրաինայի նախագահը սուրբծննդյան ուղերձում ասել է, որ կաթոլիկ եկեղեցու ամենակարևոր տոնին հարվածները չդադարեցնելով՝ Ռուսաստանն ապացուցում է, որ «անաստվածներ» են, որոնք «ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության հետ»:

«Այսօր բոլորս մեկ երազանք ունենք։ Եվ միասին մեկ ցանկություն ենք պահում: «Թող նա՝ [Պուտինը] մահանա», կարող է մտքում մտածել մեզանից յուրաքանչյուրը, բայց երբ դիմում ենք Աստծուն, իհարկե, ավելին ենք խնդրում։ Մենք խաղաղություն ենք խնդրում Ուկրաինայի համար։ Մենք պայքարում ենք դրա համար», - ասել է Ուկրաինայի նախագահը:

Վլադիմիր Զելենսկին նաև ասել է, որ Ռուսաստանը, չնայած իր առաջացրած բոլոր դժվարություններին, չի կարող կոտրել ուկրաինացիների ոգին, հավատը միմյանց նկատմամբ և միասնությունը։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Զելենսկին ներկայացրել է, թե ինչ է առաջարկվում խաղաղության ամերիկյան 20 կետանոց ծրագրով

Ու մինչ Զելենսկին խոսում է ցանկությունների ու ուկրաինացիների անկոտրում կամքի մասին, Bloomberg-ը Կրեմլին մոտ աղբյուրին հղումով հայտնում է, որ Ռուսաստանը համաձայն չէ Ուկրաինայի և ԱՄՆ-ի միջև Մայամիում կայացած բանակցությունների արդյունքում մշակված 20 կետանոց ծրագրի հետ, որը երեկ ներկայացրել էր նախագահ Վլադիմիր Զելենսկին: Ըստ հեղինակավոր պարբերականի՝ Մոսկվան մտադիր է փոփոխություններ կատարել դրանում։
Բայց Կրեմլը այս պլանը դիտարկում է որպես հետագա բանակցությունների համար մեկնարկային կետ, քանզի դրանում բացակայում են Ռուսաստանի համար կարևոր դրույթներ: Bloomberg-ի աղբյուրը պնդում է, որ Ռուսաստանը ցանկանում է երաշխիքներ ստանալ, որ ՆԱՏՕ-ն չի ընդլայնվի դեպի արևելք, իսկ Ուկրաինան կպահպանի իր չեզոք կարգավիճակը, եթե միանա Եվրամիությանը։
Մոսկվան նաև ցանկանում է, որ հստակություն մտցվի Ռուսաստանի դեմ գործող պատժամիջոցների վերացման և Արևմուտքի կողմից սառեցված ռուսական ակտիվների ապագայի հարցում: Փաստաթղթում հաշվի չեն առնվում պատերազմի ավարտից հետո Ուկրաինայի զինված ուժերի համար սահմանափակումների վերաբերյալ Ռուսաստանի ցանկությունները, նաև հստակ երաշխիքներ չկան Ուկրաինայում ռուսաց լեզվի կարգավիճակի վերաբերյալ, գրում է գործակալությունը:

Ռուսաստանի արտգործնախարարության խոսնակը պնդել է, թե Bloomberg-ի հոդվածը կեղծ լուր է, քանզի լրատվամիջոցը Կրեմլին մոտ հուսալի աղբյուր չունի: «Միայն ոչ հուսալի աղբյուրներ»,- սոցցանցում գրել է Մարիա Զախարովան:

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ «Պուտինին տեղեկացրել են» Ուկրաինայի խաղաղության ծրագրի վերաբերյալ ԱՄՆ-ի առաջարկների մասին

Ռուսաստանը դեռ պաշտոնապես դիրքորոշում չի հայտնել նոր առաջարկների վերաբերյալ: Կրեմլի խոսնակը երեկ հայտարարեց, որ նախագահ Պուտինը տեղեկացվել է դրանց մասին, և Մոսկվան դիրքորոշում կհայտնի հնարավորինս շուտ:

Ուկրաինացի քաղաքագետ Վլադիմիր Ֆեսենկոն «Ազատության» «Նաստոյաշեե վրեմյա» հեռուստաալիքի հետ զրույցում ասել է, որ խաղաղության նոր պլանում շատ բաներ բացակայում են, և Ռուսաստանը, թերևս, կներկայացնի իր պահանջներն ու ցանկությունները:

Ըստ նրա՝ որոշ հարցերի շուրջ հնարավոր չի լինի փոխզիջման գնալ, օրինակ՝ տարածքների, ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության, ուստի դիրքորոշումները համաձայնեցնելու երկար փուլ է սպասվում: Քաղաքագետի կարծիքով՝ խնդիր կառաջանա նաև հրադադարի հետ կապված, մասնավորապես, թե երբ և ինչպես պետք է այն հաստատվի:

Ուկրաինացի քաղաքագետի խոսքով. - «Եթե բանակցություններն ընթանան այս ծրագրի համաձայն՝ այն տրամաբանությամբ, որ հրադադարը կհաստատվի միայն շրջանակային համաձայնագրի ամբողջական ստորագրումից հետո, կարող եմ ասել, որ մենք իրական խաղաղություն դեռ երկար ժամանակ չենք տեսնի»: