Մատչելիության հղումներ

Զելենսկին ներկայացրել է, թե ինչ է առաջարկվում խաղաղության ամերիկյան 20 կետանոց ծրագրով


Ուկրաինայի նախագահն այսօր ներկայացրել է, թե ինչ է առաջարկվում խաղաղության ամերիկյան 20 կետանոց ծրագրով Մայամիի բանակցություններից հետո: Վլադիմիր Զելենսկին ասել է, որ ամենադժվարը տարածքների հարցն է, և ցանկանում է հանդիպել ԱՄՆ նախագահին՝ այս և մյուս զգայուն հարցերը լուծելու համար:

Համաձայնագրի նոր տարբերակով՝ Ուկրաինան պնդում է, որ իրական հրադադար հաստատվի շփման գծի ողջ երկայնքով, Ռուսաստանն էլ պահանջում է, որ ուկրաինական զորքը դուրս գա Դոնեցկից, որտեղ որպես փոխզիջում ԱՄՆ-ն առաջարկում է ազատ տնտեսական գոտի ստեղծել:

Ըստ Զելենսկիի՝ այս հարցը կարող է որոշվել միայն հանրաքվեով, որը կազմակերպելու համար 60 օր է պետք՝ իրական հրադադարի պայմաններում։ Նա նաև ասել է, որ խաղաղության համաձայնագիրը ևս կարող է հաստատվել հանրաքվեով կամ վավերացվել խորհրդարանի կողմից: Ռուսաստանն իր հերթին պետք է ամբողջ զորքը դուրս բերի Դնեպրոպետրովսկի, Սումիի, Խարկովի և Նիկոլաևի մարզերից։

Բացի դրանից՝ ուկրաինական զորքի թիվը պետք է նվազի մինչև 800 հազար, ԱՄՆ-ն, ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն անվտանգության երաշխիքներ կտրամադրեն Ուկրաինային՝ ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օրինակով, Ռուսաստանը պետք է օրենքով պարտավորվի կրկին չհարձակվել: Ուկրաինան ԵՄ-ին կմիանա համաձայնագրում նշված ժամկետներում և չի ձգտի միջուկային զենք ունենալ, սակայն չի պարտավորվում հրաժարվել ՆԱՏՕ-ի անդամակցությունից, ինչպես նշվում էր նախորդ տարբերակում:

«Սա համաձայնագիր է կողմերի՝ Ամերիկայի, Ուկրաինայի, Եվրոպայի և Ռուսաստանի միջև։ Մեր կարծիքով՝ դա ՆԱՏՕ-ի անդամների ընտրությունն է՝ ընդունե՞լ Ուկրաինային, թե՞ ոչ։ Եվ մեր ընտրությունն արդեն կատարված է», - ասել է Զելենսկին:

Խաղաղության համաձայնագրի ստորագրումից հետո Ուկրաինան պետք է «հնարավորինս շուտ» նախագահական ընտրություններ անցկացնի: Համաձայնագրի կատարմանը կհետևի Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհուրդը, որում ներկայացված կլինեն նաև Եվրոպան և ՆԱՏՕ-ն։

Զապորոժիեի ատոմակայանը, որն այժմ ռուսական վերահսկողության տակ է, համատեղ պետք է կառավարեն Ուկրաինան, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, սակայն Կիևը դեմ է Ռուսաստանի մասնակցությանը: Լիարժեք հրադադարն ուժի մեջ կմտնի, երբ կողմերը համաձայնեն համաձայնագրի շուրջ:

Մոսկվան իր դիրքորոշման մասին կհայտարարի հնարավորինս շուտ

Կրեմլի խոսնակն ասել է, որ Ռուսաստանի հատուկ բանագանց Կիրիլ Դմիտրիևը Մայամիում իր հանդիպումների արդյունքների մասին արդեն մանրամասն զեկուցել է նախագահ Պուտինին։ Ըստ Դմիտրի Պեսկովի՝ Մոսկվան իր դիրքորոշման մասին կհայտարարի հնարավորինս շուտ:

«Այժմ մենք մտադիր ենք մեր ապագա դիրքորոշումը ձևակերպել պետության ղեկավարի կողմից ստացված տեղեկատվության հիման վրա և հնարավորինս շուտ շարունակել մեր շփումները ներկայումս գործող խողովակներով», - նշել է նա։

Ռազմական իրավիճակը

Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակում է ինտենսիվ հարձակումներն Ուկրաինայի վրա և գրավել է Դոնեցկի մարզի Սևերսկ քաղաքը, որտեղից փորձում է մոտենալ Սլավյանսկին՝ շրջանի խոշոր քաղաքներից մեկին: Սևերսկի գրավումը նաև կարող է պայմաններ ստեղծել Կրամատորսկի ուղղությամբ ռուսական հետագա առաջխաղացման համար։

Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբը հայտարարել է, որ Սևերսկից դուրս են եկել զինվորների կյանքը խնայելու և զորքի մարտական պատրաստվածությունը բարձրացնելու համար:

Ռուսական զինուժը գիշերը նաև հարվածել է ուկրաինական բնակավայրերին և էներգետիկ ենթակառուցվածքներին: Զապորոժիեում 13 բազմաբնակարան շենք է վնասվել, կան վիրավորներ, Չեռնիգովում ևս բնակելի շենք է վնասվել: Ուկրաինական զինուժն իր հերթին Տուլայում հարվածել է ձեռնարկության:

Հռոմի պապը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը հրադադար հաստատել ողջ աշխարհում


Ու մինչ Ռուսաստանը շարունակում է հարվածները, Հռոմի պապ Լևոն XIV-ը կոչ է արել Սուրբ Ծննդյան օրը հրադադար հաստատել ողջ աշխարհում՝ նշելով, թե ցավում է, որ Ռուսաստանը չի համաձայնել Ծննդյան տոներին հրադադար հաստատելու առաջարկին:

«Իսկապես, ինձ մեծ տխրություն պատճառող բաներից մեկն այն է, որ, ըստ երևույթին, Ռուսաստանը մերժել է հրադադարի խնդրանքը։ Եվս մեկ անգամ ես այս խնդրանքն եմ հղում բարի կամքի տեր բոլոր մարդկանց՝ գոնե Փրկչի ծննդյան տոնը հարգել որպես խաղաղության օր», - ասսել է նա։


XS
SM
MD
LG