Ֆրանսիայի նախագահ Էմանյուել Մակրոնը ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեի հետ քննարկել է Ուկրաինայում տիրող իրավիճակը և «Կամավորների կոալիցիայի» կատարած աշխատանքը:
Մակրոնը X սոցիալական ցանցում գրել է, որ հունվարից սկսած Փարիզում շարունակելու ենք աշխատանքը, որը միտված է Ուկրաինային հուսալի անվտանգության երաշխիքների տրամադրմանը, ինչպես նաև ամուր և հարատև խաղաղությանը:
Միացյալ Նահանգների նախագահի բանագնաց Սթիվ Ուիթքոֆն ավելի վաղ արդյունավետ և կառուցողական է գնահատել Մայամիում հանգստյան օրերին Ռուսաստանի, Ուկրաինայի և Եվրոպայի ներկայացուցիչների հետ ունեցած առանձին հանդիպումները, որոնց ժամանակ քննարկվել է խաղաղության ամերիկյան պլանի փոփոխված տարբերակը: Ուիթքոֆն ասել է, Ռուսաստանը ցանկանում է խաղաղության հասնել:
Ուկրաինայի նախագահն այսօր ներկայացրել է, թե ինչ է առաջարկվում խաղաղության ամերիկյան 20 կետանոց ծրագրով Մայամիի բանակցություններից հետո: