Ուկրաինայի նախագահը բացահայտել է ԱՄՆ-ի հետ քննարկվող 20 կետանոց խաղաղության ծրագրի հիմնական դրույթները, որոնք նրա խոսքով՝ կարող են դառնալ Ռուսաստանի հետ պատերազմը դադարեցնելու ապագա համաձայնագրերի հիմքը։
Շաբաթներ տևած բանակցություններից հետո, ըստ Զելենսկու, տարաձայնությունների մեծ մասը հարթվել է, միաժամանակ, Ուկրաինան և Միացյալ Նահանգները դեռևս չեն հասել փոխըմբռնման երկու հիմնական կետերի՝ տարածքի վերահսկողության և Զապորոժիեի ատոմակայանի շուրջ։
Ըստ Ուկրաինայի նախագահականի հրապարակած փաստաթղթի, ծրագիրը նախատեսում է Կիևի և Մոսկվայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, ինչպես նաև շփման գծի երկայնքով մոնիթորինգի մեխանիզմի ստեղծում: Ուկրաինային առաջարկվում են անվտանգության երաշխիքներ, այդ թվում՝ ԱՄՆ-ի, ՆԱՏՕ-ի և Եվրոպայի կողմից՝ ՆԱՏՕ-ի պայմանագրի 5-րդ հոդվածի նմանությամբ, և Ռուսաստանի դեմ պատժամիջոցների վերականգնում, եթե Մոսկվան վերսկսի հակամարտությունը:
Ուկրաինայի բանակն, ըստ այդ պլանի, խաղաղ ժամանակներում կունենա 800,000 զինվորական, միաժամանակ Ուկրաինան կպահպանի իր ոչ միջուկային կարգավիճակը:
Ռուսաստանը իր հերթին պարտավորվելու է չհարձակվել Ուկրաինայի և Եվրոպայի դեմ, չխոչընդոտել Դնեպրի և Սև ծովի առևտրային գործունեությանը։
Ծրագրի տնտեսական բաղադրիչը նախատեսում է Ուկրաինայի անդամակցությունը ԵՄ-ին և կարճաժամկետ արտոնյալ մուտք դեպի եվրոպական շուկա, տնտեսական զարգացմանը նպաստող միջոցառումներ, ներդրումային համաձայնագրեր և մինչև 800 միլիարդ դոլար ներգրավելուն ուղղված վերականգնման ֆոնդերի ստեղծում: Առաջարկվում է նաև ազատ առևտրի համաձայնագիր Ուկրաինայի և Միացյալ Նահանգների միջև։
Զապորոժիեի ատոմակայանի վերահսկողության հարցը մնում է չլուծված: Վաշինգտոնը առաջարկում է համատեղ կառավարում Ուկրաինայի, Ռուսաստանի և Միացյալ Նահանգների կողմից, մինչդեռ Կիևը պահանջում է կառավարումից դուրս թողնել Ռուսաստանին։
Տարածքային հարցի շուրջ համաձայնություն նույնպես ձեռք չի բերվել։ Ուկրաինան առաջարկում է ռուսական զորքերի դուրսբերում Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից ու փաստացի ճանաչում շփման գծի գոյությունը Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերում համաձայնագրի կնքման պահին։