Վաշինգտոնում այսօր նախատեսվում է Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ:
Հանդիպման մասին առաջինը հայտնեց Պետդեպարտամենտը՝ նշելով, որ այն նախատեսված է Երևանի ժամանակով երեկոյան 9-ին:
Նշվում է, որ ավելի ուշ նրանց է միանալու պետքարտուղարի տեղակալ Հուկերը:
Երևանի փոխանցմամբ՝ Միրզոյանն աշխատանքային այցով է մեկնել Նահանգներ այսօր, այցը երկօրյա է: Նախատեսվում է TRIPP-ի կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարություն:
Ամերիկյան պատվիրակությունը «Թրամփի ուղու» իրագործմանն առնչվող հարցերը նախօրեին քննարկել է Բաքվում:
Տարեվերջին էլ ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների հետ Վաշինգտոնում դռնփակ քննարկում էին անցկացրել՝ «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» թեմայով։
Հայաստանի վարչապետն ավելի վաղ հայտնել էր, որ «ամերիկացի գործընկերների հետ ինտենսիվ բանակցություններ են վարում «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղի» նախագծի իրականացման ընդհանուր պայմանների շուրջ»:
ՀՀ-ում դիվանագիտական առաքելությունն ավարտող ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինի խոսքով՝ Վաշինգտոնն այժմ աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ ձևավորելու «Թրամփի ուղու» և վաշինգտոնյան հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցները:
Վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացման ՀՀ-ԱՄՆ աշխատանքային խումբն իր առաջին հանդիպումն անցկացրել է դեկտեմբերի 18-ին: