Մատչելիության հղումներ

Թուրք նախարարի խոսքով՝ Երևանի հետ հարաբերություններում առաջընթացի համար Բաքվի հետ համաձայնությունը պարտադիր է


Թուրքիայի տրանսպորտի և ենթակառուցվածքների նախարար Աբդուլքադիր Ուրալօղլուն հայտարարել է, որ որպեսզի իր երկիրը կարողանա առաջ շարժվել Հայաստանի հետ հարաբերություններում, նախ և առաջ պետք է համաձայնություն ձեռք բերել Ադրբեջանի հետ: Այս մասին հայտնում է ադրբեջանական ԱՊԱ գործակալությունը:

Ուրալօղլուն նշել է, որ ներկայումս բանակցություններ են ընթանում ՝ ընդգծելով, որ «Հայաստանը դեմ չէ Զանգեզուրի միջանցքին»:

ՀՀ իշխանությունները, մինչդեռ, բազմիցս են հայտարարել, որ դեմ են միջանցքային տրամաբանությանը:

«Ադրբեջանն ու Հայաստանը պետք է նախ նստեն բանակցությունների սեղանի շուրջ և համաձայնության գան։ Դրանից հետո Թուրքիան բարիդրացիական հարաբերությունների շրջանակներում կկարողանա ավելի ակտիվ քայլեր անել Հայաստանի նկատմամբ։ Նույնն է նաև մեր նախագահի դիրքորոշումը», - ասել է թուրք գործիչը:

Հայաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն այս ամսվա սկզբին Դոհայի ֆորումի ժամանակ ընդգծել էր, որ Երևանի համար միջանցք տերմիննն անընդունելի է։ Նա նաև վստահություն էր հայտնել, որ TRIPP-ը շատ օգուտներ կբերի ոչ միայն տարածաշրջանին, այլև բիզնեսներին, տարածաշրջանից դուրս գտնվող երկրներին:

XS
SM
MD
LG