ԱՄՆ-ն այժմ աշխատում է Հայաստանի կառավարության հետ՝ ձևավորելու «Թրամփի ուղու» և վաշինգտոնյան հուշագրերից բխող անելիքների մշակման ու իրականացման կառույցներ, հայտնել է ՀՀ-ում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը:
Ներկայումս, նրա փոխանցմամբ, ձևավորվում են երկու միջկառավարական աշխատանքային խմբեր, որոնք ուղղորդելու են հուշագրերի ու «Թրամփի ուղու» իրականացումը։ Աշխատանքային խմբերն արդեն ստեղծվել են, և ինչպես դեսպանն է հայտնել, մինչև տարեվերջ կանցկացնեն իրենց անդրանիկ նիստերը։
Երևանն ու Վաշինգտոնը նաև աշխատում են «Թրամփի ուղու» պլանավորման ու կառուցման աշխատանքները ղեկավարելու նպատակով հայ-ամերիկյան կառույցի ձևավորման ուղղությամբ։ «Այժմ իրավական հարցերն են հստակեցվում կապված այս առանձնահատուկ կառույցի վերաբերյալ և սպասում ենք առաջընթացի մասին լուրերի», - հավելել է Քրիստինա Քվինը:
Նրա համոզմամբ՝ «Թրամփի ուղի հանուն միջազգային բարգավաճման և խաղաղության» նախագծի ներքո օգուտները կբացեն առևտրային ճանապարհներ և նորից կմիացնեն Հայաստանը համաշխարհային շուկայի հետ։
««Թրամփի ուղին» ոչ միայն նպաստում է տարածաշրջանային փոխկապակցվածության ընդլայնմանը, այլ նաև տալիս է Հայաստանին հնարավորություն ընտրելու գործընկերներ արտահանման, ներմուծման ու համատեղ նախաձեռնությունների համար։ Ընտրության այս ազատությունը նշանակում է, որ Հայաստանը կարող է բանակցել ամենանպաստավոր պայմաններով կոմերցիոն պայմանավորվածությունները, ինչը շահեկան կլինի Հայաստանի բիզնեսի և սպառողների համար», - հայտարարել է դեսպանը։
Վերջինս շեշտել է՝ Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորմանը զուգընթաց Վաշինգտոնը պատրաստ է աջակցել Հայաստանի լիարժեք ինտեգրմանը Արևելք-Արևմուտք կոմերցիոն օղակներում։
Քրիստինա Քվինը նաև վստահություն է հայտնել՝ հայ-ամերիկյան հարաբերություններն այս պահին ավելի խորն ու ամուր են, քան երբևէ։
Օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Հայաստանը նախ նախաստորագրեց երկկողմ խաղաղության համաձայնագրի նախապես համաձայնեցված տեքստը Ադրբեջանի հետ։
Դեսպանը շեշտել է՝ Միացյալ Նահանգները եռանդուն աջակցում է համաձայնագրի ստորագրմանն ու վավերացմանը և կշարունակի աշխատել այս նպատակին հասնելու ուղղությամբ։
Նոյեմբերին հաղորդվել էր, որ հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել՝ վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման ու «Թրամփի ուղու» զարգացման համար:
Ամերիկյան կողմից աշխատանքային խումբը կգլխավորի պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը: