Մատչելիության հղումներ

TRIPP-ի թեմայով դռնփակ քննարկում Վաշինգտոնում՝ Հայաստանի և Ադրբեջանի դեսպանների մասնակցությամբ


ԱՄՆ-ում Հայաստանի և Ադրբեջանի դեսպանները՝ ԱՄՆ կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների և գործարարների հետ Վաշինգտոնում դռնփակ քննարկում են անցկացրել՝ «Թրամփի ուղին՝ միջազգային խաղաղության և բարգավաճման համար» թեմայով։

«TRIPP-ը այն գործիքն է, որով մենք այդ խաղաղությունը դարձնում ենք կայուն՝ տարանցիկ ճանապարհը վերածելով համատեղ բարգավաճման շարժիչի», - ասել է ԱՄՆ Պետդեպարտամենտի հատուկ բանագնաց Վինայ Չավլան՝ հավելելով,- «Ամերիկյան ընկերություններն ու կապիտալը կարևոր են այդ տեսլականի համար, և գործող վարչակազմը հանձնառու է ապահովել նրանց մասնակցությունը»։

«Նախագահ Թրամփի ղեկավարության շնորհիվ է, որ մենք կարողացանք զարգացնել խաղաղության այս հնարավորությունը», - ասել է ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյանը՝ հավելելով.- «ԱՄՆ ներգրավվածությունը կօգնի այս նախաձեռնությունը վերածել շոշափելի օգուտների Հարավային Կովկասի, Կենտրոնական Ասիայի և այլ երկրների համար»։

Ադրբեջանի դեսպան Խազար Իբրահիմն իր հերթին պնդել է, թե «Բաքուն վաղուց է առաջ մղում համագործակցության սկզբունքները»՝ հավելելով.- «Մենք պետք է արագ շարժվենք։ Կարևոր է ապահովել TRIPP-ի դերը որպես Միջին միջանցքի հիմնական բաղադրիչ»։

Հանդիպումը կազմակերպել է Ադրբեջան-Միացյալ Նահանգներ առևտրի պալատը, որի ղեկավար Նատիգ Բախիշովն ընդգծել է՝«TRIPP»-ը սովորական տարանցիկ ծրագրից ավելին է՝ այն մեկ ռազմավարական շրջանակի մեջ է միավորում ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները, տարանցման պայմանների համակարգումը և մասնավոր հատվածի մասնակցությունը։

Մասնավոր ընկերությունները, այդ թվում՝ Google-ը, Bechtel-ը և Tetra Tech-ը, ըստ հաղորդագրության, հաստատել են իրենց հետաքրքրությունը տարածաշրջանային նոր ներդրումային հնարավորությունների նկատմամբ, Ադրբեջան-Միացյալ Նահանգներ առևտրի պալատն էլ վերահաստատել է կառավարությունների ու մասնավոր հատվածի միջև երկխոսությունն առաջ մղելու հանձնառությունը՝ «TRIPP-ի հաջող իրականացմանը և երկարաժամկետ ազդեցությանը աջակցելու համար»։

Հայաստանյան կամ վաշինգտոնյան այլ աղբյուրներ այս հանդիպման մասին որևէ տեղեկություն դեռ չեն տարածել։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG