Մատչելիության հղումներ

Ծառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա անցկացրեցին Իրանի դեսպանատան առջև

Լրացված

Արդեն 20 օր կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիմակիցներն այսօր էլ բողոքի ակցիա էին անում Իրանի դեսպանատան առջև՝ դիվանագիտական գերատեսչությանը կոչ անելով օգտագործել գործիքակազմը «արդարության հասնելու» համար:

Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:

«Իրավական բեսպրեդելը, որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ, մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, վստահաբար կարող եմ ասել՝ երկու խարդախների, երկու խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական դարավոր բարեկամական հարաբերությունները», - հայտարարեց ԲՀԿ առաջնորդի խոսնակ Իվետա Տոնոյանը:

Ընտրություններից հետո հարուցված գործով Ծառուկյանին առաջադրվել է առանձնապես խոշոր չափերով խարդախության և փողերի լվացման մեղադրանք: Իրանցիներն առերեսվել են հայաստանցի մեծահարուստ գործարարի հետ ու քննիչների առջև էլ պնդել, որ Ծառուկյանը հափշտակել է իրենց կարողությունը:

«Մենք ուզում ենք հավատալ, որ Իրանի Իսլամական Հանրապետության դեսպանատունը՝ դեսպանի գլխավորությամբ, հետամուտ է լինելու այս գործընթացի բացահայտմանը, օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական և դիվանագիտական գործիքները՝ պարոն Ծառուկյանի նկատմամբ սանձազերծված բացարձակ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու», - ասաց Տոնոյանը:

Նամակը փոխանցեցին առանց տեսախցիկների: Իրանի դեսպանն օրերս հրաժարվել էր գնահատականներ տալ գործին, բայց հաստատել էր, որ իր երկրի քաղաքացիների և Ծառուկյանի միջև միջնորդ է եղել:

Մինչ այդ, սակայն, իրավապահները նոր մեղադրանք առաջադրեցին Գագիկ Ծառուկյանին, որին ունեզրկելու ու բանտ ուղարկելու սպառնալիքներ վարչապետը հնչեցնում էր քարոզարշավից սկսած: Նախօրեին հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը մեղադրվում է նաև հարկերից խուսափելու համար՝ մի հոդված, որով գործ էր բացվել ընտրություններից երկու օր անց, արգելվել էր Ծառուկյանին հեռանալ Հայաստանից, ապա Դատախազությունը դադարեցրել էր իր իսկ նախաձեռնած հետապնդումը: Այս անգամ մեղադրանքն առնչվում է գործարարի գինու, կոնյակի գործարանին:

«Սա ավելի զավեշտալի դեպք է, որովհետև կարծում եմ՝ բոլորին հայտնի է, որ պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, երբ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իր բիզնեսները հանձնել է կառավարման, ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առ այսօր չունի», - նշել էր փաստաբան Էմին Խաչատրյանը:

Ինքը Ծառուկյանն այսօր հերթական ուղերձն է հրապարակել մեկուսարանից՝ կրկին ձեռնպահ մնալով իշխանություններին հասցեական ու խիստ քննադատելուց: Փոխարենը՝ «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը նորից խոսել է երկրի զարգացման խոչընդոտների, բոլորի ներուժն օգտագործելու մասին:

«Վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է»,- Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից գրել է 70-ամյա Ծառուկյանը՝ դիմելով պարապուրդի մատնված իր հազարավոր աշխատակիցներին, որոնք իրավապահների կողմից փակված դռներից այս կողմ սպասում են ստուգումների ավարտին:

Ծառուկյանի «Բարգավաճ Հայաստան»-ը խորհրդարանից դուրս մնաց հաշվված ձայների տարբերությամբ, արդյունքները չեղարկած երկու տեղամասերում Կենտրոնական ընտրական հանձնաժողովը վերաքվեարկություն չնշանակեց, արդյունքում «Քաղաքացիական պայմանագրի» մանդատները որոշիչ մեծամասնության հասան:


Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG