Կալանավորված Գագիկ Ծառուկյանի թիմակիցները բողոքի ակցիա են անցկացրել Իրանի դեսպանատան առջև՝ դիվանագիտական գերատեսչությանը կոչ անելով օգտագործել գործիքկազմը՝ «ադարության հասնելու» համար:
«Ինչու ենք Իրանի դեսպանատան առջև. ցանկություն կա անձամբ փոխանցելու ԲՀԿ-ի նամակը, որտեղ նկարագրված է ամբողջ իրավական «բեսպրեդելը», որը սանձազերծվել է Գագիկ Ծառուկյանի նկատմամբ: Մեր համար անընդունելի է, որ Իրանի Իսլամական Հանրապետության երկու քաղաքացիների, խաբեբաների պատճառով վտանգված են հայ-իրանական բարեկամական հարաբերությունները»,- հայտարարեց Ծառուկյանի խոսնակ Իվետա Տոնոյանը:
«Մենք ուզում ենք հավատալ, որ Իրանի դեսպանատունը՝ դեսպանի գլխավորությամբ, հետամուտ է լինելու այս գործընթացի բացահայտմանը, օգտագործելու է բոլոր հնարավոր իրավական և դիվանագիտական գործիքները Ծառուկյանի նկատմամբ ապօրինի քրեական հետապնդումը դադարեցնելու նպատակով»,- նախքան նամակը դեսպանատանը հանձնելն ասաց Իվետա Տոնոյանը: ԲՀԿ առաջնորդի խոսնակը նաև տեղեկացրեց, որ ուրբաթ օրը «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը նամակներ է ուղարկել նաև Հայաստանում գործող բոլոր դիվանագիտական ներկայացուցիչներին:
Ծառուկյանը մեղադրվում է առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար: Ըստ իրավապահների՝ «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդը կազմակերպել է ավելի քան 21 միլիոն դոլարի գույքի հափշտակությունը իրանցի գործարարներից: Մինչդեռ, Ծառուկյանի փաստաբանները պնդում են, որ իրանցիներն են պարտք «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդին, և դա ապացուցող պարտավորագրեր կան:
Գագիկ Ծառուկյանն այսօր հերթական ուղերձն է հրապարակել մեկուսարանից՝ կրկին ձեռնպահ մնալով իշխանություններին հասցեական ու խիստ քննադատելուց: Փոխարենը «Բարգավաճ Հայաստան»-ի ղեկավարը նորից խոսել է երկրի զարգացման խոչըդոտների, բոլորի ներուժն օգտագործելու մասին: «Վստահ եմ, որ արդարությունը վերականգնվելու է»,- ԱԱԾ մեկուսարանից գրել է 70-ամյա Ծառուկյանը: