Մատչելիության հղումներ

Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել

ԲՀԿ առաջնորդ, գործարար Գագիկ Ծառուկյանի նկատմամբ նոր հանրային քրեական հետապնդում է հարուցվել՝ հարկերից խուսափելու հոդվածով, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց փաստաբան Էմին Խաչատրյանը:

Նա հայտնել է, որ գործը կապված է Երևանի «Արարատ» կոնյակի-գինու, օղու կոմբինատի հետ: Նախօրեին Քննչական կոմիտեն հայտնել էր կոմբինատի տնօրենի ձերբակալության մասին:

«Սա ավելի զավեշտալի դեպ է, որովհետև կարծում եմ՝ բոլորին հայտնի է, որ պարոն Ծառուկյանը դեռ 2003 թվականից, երբ ընտրվել է Ազգային ժողովի պատգամավոր, իր բիզնեսները հանձնել է կառավարման, ու այդ բիզնեսների կառավարման հետ որևէ առնչություն առ այսօր չունի», - նշեց փաստաբանը:

Գագիկ Ծառուկյանն ինքն էր դեռ 2019-ին հայտարարել, որ իր հիմնադրած որևէ առևտրային կազմակերպությունում որևէ պաշտոն չի զբաղեցնում, դրանցից որևէ մեկի կառավարմանն անձամբ չի մասնակցում: Ծառուկյանի խոսքով՝ դրանք հանձնել է հավատարմագրային կառավարման, իր գործունեությունը համապատասխանում է օրենքի տառին ու ոգուն։

Կալանավորված Գագիկ Ծառուկյանն Քննչական կոմիտեում էր. նրան երրորդ անգամ Ազգային անվտանգության ծառայության մեկուսարանից հարցաքննության էին բերել: Փաստաբանի փոխանցմամբ տեղի է ունեցել երկու առաերեսում.

«Նախորդ առերեսման շարունակությունը, լրացուցիչ առերեսում և Իրանի Իսլամական հանրապետության երկու եղբայրների հետ առերեսումներ», - ասաց Խաչատրյանը:

Դատախազությունն ավելի վաղ դադարեցրել է ընտրություններից երկու օր անց Գագիկ Ծառուկյանին առաջադրված՝ առանձնապես խոշոր չափերով հարկերից խուսափելու մեղադրանքը. ինչպես փոխանցեց «Բարգավաճ Հայաստան»-ի առաջնորդի փաստաբան Երեմ Սարգսյանը, «ապօրինի լինելու հիմքով»:

Կալանավորված Գագիկ Ծառուկյանն այժմ մեղադրվում է նաև առանձնապես խոշոր չափերով խարդախություն և փողերի լվացում կատարելու համար:

XS
SM
MD
LG