Մատչելիության հղումներ

«Ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում». Ծառուկյանի ընկերությունների աշխատակիցների բողոքի ակցիաները

Կալանավորված գործարար Գագիկ Ծառուկյանի ընտանիքին պատկանող մի շարք խոշոր ընկերություններ արդեն ուղիղ մեկ շաբաթ է՝ չեն աշխատում, աշխատակիցներն, ըստ էության, հարկադիր պարապուրդի մեջ են. այսօր «Արարատի» կոնյակի, գինու և օղու կոմբինատի աշխատակիցները հավաքվել էին ընկերության կապարակնքված դռան առջև՝ պահանջելով թույլ տալ վերսկսել աշխատանքը:

«Ուղիղ մեկ շաբաթ է՝ մենք այս անորոշ վիճակում ենք, անհասկանալի, չենք հասկանում՝ ինչ է կատարվում», - ասաց նրանցից մեկը:

Գործարանի հարյուրավոր աշխատակիցներից Գայանե Իսպիրյանը, որն աշխատում է շշալցման արտադրամասում անցած երկուշաբթի տեղի ունեցած իրադարձություններն իր աչքերով է տեսել. առավոտ շուտ իրավապահները եկան ու իրենց թույլ չտվեցին ներս մտնել: Կինը պնդում է՝ թող իրավապահները քննություն անցկացնեն՝ առանց ընկերության աշխատանքը դադարեցնելու:

Այս ընկերությունում արդեն 20 տարի աշխատող Ժասմենա Վեզիրյանը շուրջ 200 հազար դրամ աշխատավարձ է ստանում, ամուսինն առողջական խնդիրների պատճառով չի աշխատում, տանը խնամում են նաև իր 90-անց սկեսրայրին՝ իր ու որդու աշխատավարձով:

«Վաղը բանկի օրն է, ո՞վ է վճարելու մեզ, մենք խնդիրներ կունենանք, դրա համար խնդրում եմ մեր վարչապետին՝ ուղղակի այս հարցին շուտ լուծում տա, մենք ընդամենը մեր աշխատանքն ենք ուզում», - ասաց նա:

Աշխատավարձերը թեև մինչ իրավապահների գործողությունները հասցրել են ստանալ, սակայն դեռ գումար պետք է փոխանցեն իրենց:

Երևանի «Արարատ» կոնյակի, գինու և օղու կոմբինատը Հայաստանի խոշոր հարկատուների ցանկում 2025-ի տվյալներով 357-րդն է՝ վճարած շուրջ մեկ միլիարդ դրամի հարկերով: Անցած երկուշաբթի առավոտյան, միաժամանակ իրավապահները գնացին ոչ միայն այս, այլև Ծառուկյաններին պատկանող մի շարք այլ ընկերություններ ու կապարակնքեցին դռները:

«Մուլտի Սթոուն» ընկերության աշխատակիցներն այսօր նույնպես հավաքվել էին՝ պատասխաններ պահանջելով. ե՞րբ կկարողանան աշխատանքի վերադառնալ:

Չի գործում նաև 2025-ի տվյալներով Հայաստանի 80-րդ ամենամեծ ընկերությունը՝ «Փարավոն» ռեստորանը՝ շուրջ 4.5 միլիարդ դրամ վճարած հարկերով. այսօր ռեստորանի ու հարևանությամբ գործող «Մուլտի Գրանդ» հյուրանոցի աշխատակիցները նույնպես ակցիա իրականացրին. այստեղ նաև հարսանյաց արարողություններ էին ծրագրել:

«Բոլոր աշխատակիցները գտնվում են անորոշ վիճակում, եթե ամեն մեկս մեզ վրա վերցնի, ինչ կաներ, եթե հազարավոր հաճախորդներ զանգ տային.... ամոթանք ենք լսում, վիրավորանք նույնպես», - նշեց աշխատակիցներից մեկը:

Պահանջը նույնն է՝ վերաբացել ընկերությունները:

Անցած շաբաթ կանգնել էր նաև Արարատի ցեմենտի գործարանի արտադրությունը, սակայն աշխատակիցների բողոքի ակցիայից հետո կառավարության միջամտությամբ թույլատրեցին վերսկսել աշխատանքը:

Այսօր Պետական եկամուտների կոմիտեն Ծառուկյաններին պատկանող գործարանում հարկերից խուսափելու դեպքերի մասին է հայտարարել. հարկային մարմինը պնդում է, թե պետությանն ավելի քան 400 միլիոն դրամի վնաս են հասցրել. օրինակ, առանց անհրաժեշտ փաստաթղթերի ցեմենտ են իրացրել. խուսափել են նաև ձեռք բերած դիզելային վառելիքի դիմաց բոլոր անհրաժեշտ հարկերը վճարելուց: Պետական եկամուտների կոմիտեն հաղորդումներ է ներկայացրել Քննչական կոմիտե: Ծառուկյաններին պատկանող ընկերությունից դեռ չեն արձագանքել հարկային մարմնի պնդումներին:

Արդեն մեկ շաբաթ է՝ կապարակնքել են նաև «Օլիմպավան»-ի, «Մուլտի Ուելնեսս» կենտրոնի դռները, որոնց աշխատակիցներն ու մարզվողներն անցած շաբաթավերջին բողոքի ցույցեր կազմակերպեցին: Իրավապահները կապարակնքել ու դադարեցրել են նաև Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի դռներն ու աշխատանքը. սակայն հայկական մարզաշխարհի ներկայացուցիչները, որոնց Գագիկ Ծառուկյանը տարիներ շարունակ անձամբ աջակցել է, արդեն մեկ շաբաթ է՝ լուռ են. առայժմ կալանավորված գործարարին հրապարակայնորեն աջակցել են միայն Հայաստանի բասկետբոլի, բռնցքամարտի, ուժային եռամարտի ու ՈւշուԳունգֆուի ֆեդերացիաները:

ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանն օրերս ֆեյսբուքյան գրառմամբ պնդեց, թե Կրթության նախարարության պաշտոնյաներն ու Պաշտպանության նախարարության Բանակի կենտրոնական մարզական ակումբի ղեկավարությունը «աննախադեպ ճնշումներ են գործադրում ֆեդերացիաների ղեկավարների և մարզիկների նկատմամբ՝ փորձելով արգելել արտահայտել սեփական կարծիքն ու աջակցել Գագիկ Ծառուկյանին»:

«Այսօր, երբ Գագիկ Ծառուկյանն ապօրինի կալանքի մեջ է, առավել քան երբևէ անհրաժեշտ է պահպանել մեր միասնականությունը։ Մի՛ տրվեք ժամանակավոր պաշտոնյաների շանտաժին, սպառնալիքներին և ճնշումներին։ Մի՛ թույլ տվեք, որ վախը հաղթի արժանապատվությանը», - նշված է հայտարարությունում:

Վեց ամիս առաջ մարզիկների հետ հերթական հանդիպման ընթացքում Գագիկ Ծառուկյանի կողքին նստած էին ըմբշամարտիկներ Արթուր Ալեքսանյանն ու Մալխաս Ամոյանը, ծանրամարտիկներ Հռիփսիմե Խուրշուդյանն ու Վարազդատ Լալայանը. նրանք առայժմ լուռ են:

Կրթության նախարարությունն առայժմ չի արձագանքել Օլիմպիական կոմիտեի քարուղարի հրապարակային պնդումներին: «Ազատությանն» էլ հորդորեցին գրավոր դիմել:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG