Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի՝ Միացյալ Նահանգներում բանտարկությունից հետո, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ հարավամերիկյան այդ երկրի ավտորիտար կառավարիչները «շատ մեծ գին կվճարեն», եթե «չհամագործակցեն» Վաշինգտոնի հետ:
Երեկ The Atlantic պարբերականում հրապարակված հարցազրույցում Թրամփը զգուշացրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսին, որ «եթե նա չանի այն, ինչ ճիշտ է, շատ մեծ գին կվճարի, հավանաբար ավելի մեծ, քան Մադուրոն»:
Ռոդրիգեսը, որը մինչ նախագահի ժամանակավոր պաշտոնակատար նշանակվելը Վենեսուելայի փոխնախագահն էր, Մադուրոյին անվանել էր «միակ նախագահ», Միացյալ Նահանգների գործողությունը որակել ՄԱԿ-ի Կանոնադրության ոտնահարում և վստահեցրել. - «Մենք երբեք այլևս ստրուկներ չենք լինելու»:
Այդուհանդերձ, անհրաժեշտության դեպքում Վենեսուելայում ռազմական գործողության երկրորդ ալիք իրականացնելու պատրաստակամության մասին Թրամփի ակնարկից հետո Ռոդրիգեսն ավելի հաշտվողական էր՝ այսօր վաղ առավոտյան սոցիալական ցանցում գրելով, թե Կարակասը Վաշինգտոնի հետ «հավասարակշռված և հարգալից» հարաբերությունների կողմնակից է:
«Մենք հրավեր ենք հղում Միացյալ Նահանգների կառավարությանը՝ միասին աշխատելու համատեղ զարգացմանն ուղղված համագործակցության օրակարգի վրա», - գրել է Վենեսուելայի նախագահի պաշտոնակատարը: