21:50
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է՝ Վենեսուելան կլինի ամերիկյան վերահսկողության տակ, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում ամերիկյան զորքերի տեղակայման միջոցով:
«Մենք պատրաստվում ենք կառավարել երկիրը այնքան ժամանակ, քանի դեռ չի հաջողվի իրականացնել անվտանգ, պատշաճ և խելամիտ անցումային շրջան», - հայտարարել Է Թրամփը Ֆլորիդայի իր Մար-ա-Լագո հանգստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ:
Նա հավելել է, որ չեն կարող թույլ տալ, որ Վենեսուելան ղեկավարի մեկ ուրիշը, ով հաշվի չի առնի վենեսուելացիների շահերը:
Դեռևս պարզ չէ, թե ինչպես է Թրամփը նախատեսում վերահսկել Վենեսուելան:
19:42
«Ազատության» ամփոփումը՝ տեսանյութում.
18:25
Վենեսուելայի նախագահն ու նրա տիկինը տեղափոխվում են Նյու Յորք, «Ֆոքս նյուզ» հեռուստաալիքին հայտնել է Սպիտակ տան ղեկավար Դոնալդ Թրամփը:
Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը, ըստ ԱՄՆ նախագահի, Վենեսուելայից դուրս են բերել ուղղաթիռով և տեղափոխվել նավի վրա, որով էլ նրանք կժամանեն Նյու Յորք:
Թրամփը, խոսելով Վենեսուելայում այսօր իրականացված ամերիկյան հարվածների մասին, ասել է, որ դրանք մի քանի օր առաջ պետք է լինեն, սակայն հետաձգվել են եղանակի պատճառով:
Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները մտադիր է «շատ ակտիվորեն մասնակցել» Վենեսուելայի նավթային արդյունաբերությանը:
16:42
Նիկոլաս Մադուրոյին և նրա կնոջը՝ Սիլիա Ֆլորեսին մեղադրանք է առաջադրվել Նյու Յորքի հարավային շրջանում, հայտնել է ԱՄՆ գլխավոր դատախազ Պամելա Բոնդին:
Մադուրոյին մեղադրանք է առաջադրվել ԱՄՆ-ի դեմ նարկոահաբեկչական դավադրության, կոկաինի ներմուծման, գնդացիրների և պայթուցիկ սարքեր ապօրինի պահելու համար:
16:30
Իրանը՝ Վենեսուելայի ևս մեկ առանցքային դաշնակիցը, դատապարտել է ԱՄՆ-ի ռազմական հարձակումը, հաղորդում է իրանական Press TV-ն:
Թեհրանը հայտարարել է, որ ենթադրյալ հարձակումը խախտում է Վենեսուելայի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև ՄԱԿ-ի կանոնադրությունը:
16:17
Ռուսաստանի ԱԳՆ կոչ է արել անհապաղ հստակություն մտցնել Վենեսուելայի նախագահի և նրա կնոջ գտնվելու վայրի վերաբերյալ:
«Նման գործողությունները, եթե իրապես տեղի են ունեցել, անընդունելի ոտնձգություն են անկախ պետության ինքնիշխանության նկատմամբ, որի հարգանքը միջազգային իրավունքի առանցքային սկզբունք է», - ասված է Մոսկվայի հայտարարության մեջ:
Նախարարությունը հավելել է, որ Լատինական Ամերիկան պետք է «մնա խաղաղության գոտի»։
Վենեսուելան Լատինական Ամերիկայում Մոսկվայի ամենակարևոր գործընկերն է:
«Վենեսուելան պետք է երաշխավորի իր ճակատագիրը որոշելու իրավունքը՝ առանց որևէ ապակառուցողական, ռազմական, արտաքին միջամտության»,-ասվում է ռուսական կողմի հայտարարության մեջ:
15:45
Եվրամիությունը բազմիցս հայտարարել է, որ Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոն «լեգիտիմության պակաս ունի», հայտարարել է միության բարձրաստիճան դիվանագետ Կայա Կալլասը՝ միաժամանակ զսպվածության և ստեղծված իրավիճակի նկատմամբ միջազգային իրավունքը հարգելու կոչ անելով:
«Ես զրուցել եմ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի և Կարակասում մեր դեսպանի հետ։ ԵՄ-ն ուշադիր հետևում է Վենեսուելայում տիրող իրավիճակին», - նշել է։
15:10
Առայժմ հայտնի չէ, թե ստույգ որտեղ է Վենեսուելայի առաջնորդը, բայց ամերիկյան լրատվամիջոցները տարածում են նաև ամերիկացի սենատորներից մեկի գրառումը, ով զրուցել է պետքարտուղար Մարկո Ռուբիոյի հետ: Ըստ Մայք Լիի՝ Ռուբիոն ասել է, որ Մադուրոն «ձերբակալված է ԱՄՆ-ի կողմից և կանգնելու է ամերիկյան դատարանի առաջ»:
15:00
Reuters-ի տեսանյութում տեսանելի է, թե ինչ է կատարվում Կարակասում: Երկնքում ծուխ է երևում:
Ծուխ է նկատվել նաև մայրաքաղաքի Լա Կարլոտա օդանավակայանի մոտակայքում, իսկ տարածքից պայթյունների ձայներ են լսվում:
Նույն պատկերն է նկատվում նաև «Միրանդա» ավիաբազայում:
14:31
«Նոր լուսաբաց Վենեսուելայի համար։ Բռնակալը հեռացել է և վերջապես կկանգնի արդարադատության առջև իր հանցագործությունների համար»,- X-ում գրել է ԱՄՆ փքխպետքարտուղսր Քրիստոֆեր Լանդաուն:
Վենեսուելայի փոխնախագահ Դելսի Ռոդրիգեսը պետական հեռուստաընկերության եթերում քիչ առաջ ասել է, որ Նիկոլաս Մադուրոյի և նրա կնոջ գտնվելու վայրը անհայտ է. նա նախագահ Թրամփից խնդրել է ապացույցներ ներկայացնել, որ նրանք ողջ են:
14:30
Վենեսուելայի իշխանությունները հայտարարել են Միացյալ Նահանգների կողմից «լուրջ ռազմական ագրեսիայի» մասին և դիմել են ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին։
Ամերիկյան հարվածներից հետո միակ պաշտոնյան, որ ելույթ է ունեցել, Վենեսուելայի պաշտպանության նախարարն է, ով պնդել է, թե «չի հանձնվի և չի բանակցի»:
Մինչ այս պահը զոհերի կամ վիրավորների մասին տեղեկություններ չկան:
14:19
The Times-ի հետ կարճ հեռախոսազրույցում նախագահ Թրամփը պնդել է, թե «առաքելությունը փայլուն է ավարտվել և եղել է շատ լավ պլանավորված»:
Հարցին, թե արդյոք նա այս գործողությունը սկսելու համար ստացել է Կոնգրեսի հավանությունը, կամ ինչ է սպասվում Վենեսուելային, Թրամփը պատասխանել է՝ այդ մասին կխոսի այսօր ավելի ուշ՝ Մար-ա-Լագոյում իր մամուլի ասուլիսի ժամանակ:
13:32
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հաստատել է, որ Նահանգները հարվածել է Վենեսուելային: Նա հայտարարել է, որ ԱՄՆ-ն հաջողությամբ լայնածավալ հարված է հասցրել Վենեսուելային և նրա ղեկավարությանը:
Նա հայտարարել է նաև, որ ամերիկյան զինուժն ինքնաթիռով Վենեսուելայից դուրս է բերել Մադուրոյին և նրա տիկնոջը:
12:42
Վենեսուելայի կառավարությունն իր հայտարարության մեջ նշել է, որ «ԱՄՆ հարձակման նպատակն տիրանալ» երկրի նավթին և օգտակար հանածոներին: Կարակասը հավելել է, որ Միացյալ Նահանգներին «չի հաջողվի» տիրանալ իր ռեսուրսներին։
Ավելի վաղ ԱՄՆ-ը զգալի ուժեր էր տեղակայել Կարիբյան ծովում և վերականգնել լքված ռազմակայանը: Ամերիկացի զինվորականները հարվածներ էին հասցնում վենեսուեալական նավերին, որոնք, նրանց պնդմամբ, թմրամիջոցներ էին տեղափոխում: Նոյեմբերի վերջին Թրամփը հայտարարեց, որ Վենեսուելայի օդային տարածքն ամբողջությամբ փակված է:
ԱՄՆ նախագահը քանիցս Վենեսուելայի նախագահին մեղադրել է թմրադեղերի կարտել ղեկավարելու մեջ և հանդես է եկել այդ երկրում իշխանափոխության օգտին: Նիկոլաս Մադուրոն և իր ենթակաները հերքում են այդ մեղադրանքները:
12:21
ԱՄՆ պաշտոնյան Reuters-ին հաստատել է, որ ԱՄՆ-ն հարվածներ է հասցնում Վենեսուելայի տարածքին:
12:00
Վենեսուելան մերժում է Միացյալ Նահանգների կողմից «ռազմական ագրեսիան»: Այս մասին ասվում է Նիկոլաս Մադուրոյի կառավարության հայտարարության մեջ, որը հրապարակվել է շաբաթ վաղ առավոտյան:
Հարձակումները տեղի են ունեցել մայրաքաղաք Կարակասում և Միրանդա, Արագուա և Լա Գուայրա Նահանգներում, ասվում է հայտարարության մեջ: Մադուրոն արտակարգ դրություն հայտարարելուց զատ, կոչ է արել հասարակական և քաղաքական ուժերին «ակտիվացնել մոբիլիզացիոն ծրագրերը»:
11:41
Շաբաթ վաղ առավոտյան Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասում տեսանելի ու լսելի են եղել ինքնաթիռների և այլ բարձր ձայներ, ծխի սյուներ: Քաղաքի հարավային շրջանը, որը գտնվում է խոշոր ռազմաբազայի հարևանությամբ, մնացել է առանց էլեկտրականության, հաղորդում է Reuters-ը:
Կառավարությունից քիչ ավելի ուշ հայտնել են, որ հարձակումներ են եղել Կարակասում, Միրանդայում, Արագուայում:
Նախագահ Մադուրոն հրամանագիր է ստորագրել արտակարգ դրություն հայտարարելու և զորահավաքի կոչ անելու մասին:
ԶԼՄ-ներում հաղորդումներ կան, որ ԱՄՆ-ն է հարձակում սկսել, սակայն պաշտոնապես դրանք չեն հաստատվել:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը բազմիցս խոստացել է ցամաքային գործողություններ իրականացնել Վենեսուելայում ՝ նախագահ Նիկոլաս Մադուրոյին պաշտոնանկ անելու փորձերի ֆոնին, ներառյալ պատժամիջոցների ընդլայնումը, տարածաշրջանում ԱՄՆ ռազմական ներկայության ուժեղացումը:
Պաշտոնական մեկնաբանություն դեռ չի հնչել նաև Պետդեպի կողմից: