Մատչելիության հղումներ

Սահամանփակումներ, նվազած արտահանում. ինչ հաջորդեց Փաշինյան-Պուտին նախորդ հանդիպմանը

Արխիվ
Արխիվ

Նիկոլ Փաշինյան-Վլադիմիր Պուտին փոխադարձ խայթոցներով հանդիպումից 5 ամիս անց Հայաստանի կառավարության՝ ռուսական տնտեսական սահմանափակումներին դիմակայելու նպատակով թերևս ամենաառարկայական քայլը հայ գործարարներին ու արտահանողներին տված սուբսիդիաներն ու տրանսպորտային ծախսերի փոխհատուցումն են:

Եվրամիությունն էլ իր հերթին կառավարությանը 52 միլիոն եվրոյի աջակցություն է տրամադրել Ռուսաստանի գործողություններից պաշտպանվելու նպատակով և հայտնել Հայաստանի համար արտոնյալ մաքսային ռեժիմ սահմանելու մտադրության մասին, որը հնարավորություն կտա Հայաստանից արտահանվող ապրանքների շուրջ 80 տոկոսն առանց մաքսատուրքերի եվրոպական շուկաներ հասցնել.

«Սրանով մենք կարող ենք վերաուղղորդել այն ապրանքները, որոնք մեծապես ռուսական շուկա են արտահանվում, և դրանք ուղարկել Եվրոպական միության միասնական շուկա՝ 450 միլիոն մարդկանց համար»,- ավելի վաղ հայտնել էր Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Առևտրի ինքնավար միջացառումներ՝ Autonomous Trade Measures կամ ATM սահմանելու այս առաջարկը, սակայն, կգործի միայն հաստատումից հետո, թե երբ ո՛չ Երևանը, ո՛չ Բրյուսելը չեն հստակեցրել.

«Լիահույս եմ, որ ԵՄ և ԵՄ անդամ պետությունների մյուս կառույցների գործընկերների հետ ակտիվ աշխատանքի միջոցով կկարողանանք կարճ ժամկետներում ավարտել որոշման ընդունման գործընթացը: Հույս ունենք նաև, որ այն հնարավոր կլինի ընդունել հնարավորինս սեղմ ժամկետներում՝ հաշվի առնելով, որ բերքահավաքի շրջանը Հայաստանում արդեն մեկնարկել է» ,- հայտարարել էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Ամառն անցավ, այս առաջարկն առայժմ չեն իրագործել։ Անցնող ամիսներին ֆերմերները պարբերաբար բողոքի ակցիաներ էին կազմակերպում՝ պնդելով, թե ստեղծված իրավիճակի պատճառով զգալի վնասներ ունեն, բերքն իրացնել չեն կարողանում, ասում էին.- «Ես երեկ պիտի հավաքեի դեղս չհավաքեցի, որովհետև ոչ մեկ չուզեց իմ դեղձը, ոչ մի չրագործ...»։

Շաբաթներ առաջ դեղձի ու թզի մթերումների խնդիրը լուծելու համար գործադիրը ևս մեկ ծրագիր հաստատեց՝ աջակցություն կտրամադրեն ոչ միայն արտահանողներին, այլև վերամշակման նպատակով մթերողներին: Ֆերմերների խոսքերն ու պահանջները, թե ավելի ճիշտ կլիներ, որ պետությունն ուղիղ իրենց աջակցեր, այլ ոչ իրենցից բերքը գնողներին վարչապետ Նիկոլ Փաշինյանին չեն համոզում, նրա խոսքով.- «Արտահանողների դեպքում մենք տեսնում ենք՝ ապրանքը դուրս եկավ երկրից, մյուս դեպքերում հետագծելիության մեխանիզմ չունենք։ Եթե լինի հետագծելիության հուսալի մեխանիզմ մեզ համար տարբերություն չկա, ընդհակառակը՝ ավելի լավ։ Բայց, մյուս կողմից, ուզում եմ հիշեցնել, որ մենք արտահանումն ենք աջակցում և, հետևաբար,արտահանողներին պետք է աջակցենք»

Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսքով՝ անգամ եթե Ռուսաստանը վերացնի սահմանափակումները, Հայաստանը տնտեսության դիվերսֆիկացիայի հանձնառությունից հետ չի կագնի. «Եթե հիմա նույնիսկ Ռուսաստանի շուկան 100 տոկոս բացվի, միևնույն է մենք լրացուցիչ ջանքեր ենք գործադրելու, որ դիվերսֆիկացիան տեղի ունենա, որպեսզի այս իրավիճակներից մենք մեզ մեկընդմիշտ ապահովագրենք»։

Այս պահին արդեն հասանելի պաշտոնական վիճակագրությունը փաստում է՝ այս տարվա առաջին 7 ամիսներին Հայաստանից արտահանումները ընդհանուր շուրջ 8 տոկոսով նվազել են անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ: Այն 4 միլիարդ դոլարից քիչ ավելին է կազմել: Իսկ հուլիսին՝ բերքահավաքի շրջանում, արտահանումների ծավալը 2025-ի հուլիսի նկատմամբ նվազել է ավելի քան 15 տոկոսով: Թե կոնկրետ որ ուղղություններով ինչ են Հայաստանից արտահանել անցնող ամիսների ընթացքում, հայտնի կդառնա, երբ Պետական եկամուտների կոմիտեն մաքսային ավելի մանրամասն վիճակագրությունը հրապարակի, սակայն, արդեն իսկ հրապարկված տվյալների համաձայն, օրինակ, այս տարվա առաջին կեսին լոլիկի արտահանման ծավալները նվազել են ավելի քան 40 տոկոսով, 50 տոկոսով ծաղիկներինը, կորիզավորների՝ այդ թվում ծիրանի արտահանումը նվազել է գրեթե 90 տոկոսով, Ռուսաստանի տնտեսական սահմանափակումներից հետո այս հունիսին թարմ ձկան արտահանումը գրեթե զրոյացել է՝ նվազելով ավելի քան 99.9 տոկոսով, 2510 դոլար անցած տարվա 3 միլիոնի համեմատ:

Չնայած սահմանափակումներին ու անկումային տվյալներին՝ Ռուսաստանը շարունակում է մնալ Հայաստանի ամենախոշոր առևտրային գործընկերն ու արտահանումների հիմնական ուղղությունը: Այս տարվա առաջին կեսի տվյալներով Հայաստանից արտահանումների շուրջ 36 տոկոսը կամ ավելի քան 1.2 միլիարդ դոլարը ռուսական շուկա է մտել, ընդհանուր հաշվարկով 2025-ի նույն ժամանակահատվածի համեմատ ծավալը նվազել է 4.2 տոկոսով:

Միայն հունիս ամսին՝ երբ Ռուսաստանի սահմանափակումներն արդեն ուժի մեջ էին, Հայաստանից գրեթե 200 միլիոն դոլարի ապրանք է ռուսական շուկա մտել: Նույն ամսում դեպի Եվրամիություն արտահանումները գրեթե 56 միլիոն դոլար են կազմել: Չնայած այս տարբերությանը դեպի Եվրամիություն արտահանման ծավալները շեշտակի են աճել: 2025-ի առաջին կիսամյակի համեմատ՝ արտահանումների ծավալը գրեթե կրկնապատկվել է՝ անցնելով կես միլիարդ դոլարի շեմը:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG