Մատչելիության հղումներ

Կառավարությունը նախատեսում է 320 մլն դոլարի նոր վարկեր վերցնել

Լրացված

Այս պահին ավելի քան 14 միլիարդ դոլար պետական պարտք ունեցող Հայաստանի կառավարությունը նախատեսում է արտաքին աղբյուրներից ևս 320 միլիոն դոլարի նոր վարկեր վերցնել՝ գումարի մի մասն ուղղելով հարկաբյուջետային կառավարման, պետական պարտքի և ֆինանսական ռիսկերի կառավարման քաղաքականությունների հզորացմանը:

Որոշումների նախագծերը գործադիրի վաղը կայանալիք նիստի օրակարգում են: 150 միլիոն դոլար նախատեսում են Ասիական զարգացման բանկից ստանալ՝ 15 տարով, շուրջ 4.6 տոկոս լողացող տոկոսադրույքով: Բացի վերոնշյալ նպատակից՝ գումարը ծրագրում են ուղղել պետական արժեթղթերի շուկայի կատարելագործմանը, ֆինանսական գործիքների ու ներդրողների շրջանակի ընդլայմանն ու ընկերությունների թափանցիկությանը:

Եվս 170 միլիոն դոլար Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից են ծրագրում պարտք վերցնել. նախատեսում են գումարն ուղղել ներդրումների, առևտրի ազատականացման ու մրցակցության խախուսմանը, ինչպես նաև կանաչ ու ավելի դիմակայուն աճի ապահովմանը: Սա ավելի երկարաժամկետ պարտավորություն կլինի՝ 28 տարի մարման ժամկետով, տարեկան 3.9 տոկոսով:

«Զենք ենք ա-ռել: Պարտքով ե՞նք զենք առել, այո, պարտքով ենք զենք առել, ինչի՞՝ որովհետև շատ ա պետք էղել ու միանգամից: Չեք հավատո՞ւմ, իրավունք ունեք: Ասում եմ՝ էկեք տանենք ցույց տանք, էկեք տանենք ցույց տանք, կարանք գնապիտակներն էլ վրից կպցնենք». - ութ տարում պետական պարտքը կրկնապատկելու վերաբերյալ ընդդիմադիրների քննադատություններին իշխանությունների հիմնականում կոշտ են արձագանքում: Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այս հայտարարությունը արեց անցած տարի: Հասանելի տվյալները փաստում են՝ վարչապետի պնդումներն իրականությանը չեն համապատասխանում, անցնող տարիներին Հայաստանը ֆինանսական նոր պարտավորություններ է ստանձնել նաև այլ նպատակների համար, օրինակ՝ անցած տարի Հայաստանը միանգամից 750 միլիոն դոլար արտաքին պարտք վերցրեց, որը հիմնականում ուղղվեց նախորդի մարմանը:

«Ի՞նչ ենք արել, բա չգիտե՞ք, որ կովիդ ա եղել, վարկ ենք վերցրել, որ երկիրը կովիդը հաղթահարի պատերազմի ժամանակ», - հայտարարել էր Փաշինյանը:

Այս պահին հասանելի ամենաթարմ՝ հուլիսի տվյալներով՝ Հայաստանն արտաքին աղբյուրներից վերցրած ավելի 6.6 միլիարդ դոլարի պարտք ունի, 2024 թվականից սկսած ավելի մեծ է ներքին պարտքը՝ պարտատոմսեր վաճառելուց ստացած գումարը. ամենաթարմ տվյալներով՝ այն շուրջ 7.3 միլիարդ դոլար է կազմում:

Պետական պարտքի շուրջ բանանավեճերը շարունակվում են նաև Ազգային ժողովի 9-րդ գումարման նիստերին:

Ներքին պարտքի սպասարկումն անհամեմատ ավելի թանկ է՝ հունիսի տվյալներով՝ միջինը 10.1 տոկոս, արտաքին աղբյուրներից վերցրած վարկերի տոկոսադրույքը 3.2 տոկոս է կազմում: Չնայած պետական բյուջեի եկամուտներն աճում են, սակայն մեծ է մնում նաև պակասուրդի չափը. միայն այս տարի դեֆիցիտը ծածկելու համար գործադիրն ավելի քան 1.6 միլիարդ դոլարի պարտք պետք է վերցնի: Բացի այդ, ավելի քան մեկ միլիարդ դոլար կուղղեն միայն տոկոսադրույքների վճարմանը: Սա Հայաստանի ամբողջ պետական բյուջեի ավելի քան մեկ տասներորդ մասն է, զուտ տոկոսը վճարելու համար Կառավարությունն ավելի շատ կծախսի, քան մի ամբողջ տարվա ընթացքում կհատկացնի Առողջապահության նախարարությանը կամ կրթության ֆինանսավորմանը: Ըստ 2026-2028 թվականների ծախսային ծրագրի՝ սպասարկումը հաջորդ տարիներին ավելի կթանկանա:

Խորհրդարանական ընտրություններում հաղթած իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախընտրական ծրագրում դեֆիցիտն ու սպասարկման ծախսերը նվազեցնելու խոստում է տվել: Թե այդ խոստումը ինչ օրենսդրական ձևակերպում կստանա հավանաբար պարզ կլինի շուտով, երբ գործադիրը ներկայացնի իրենց հնգամյա ծրագիրը:



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG