Մատչելիության հղումներ

Ռուսական սահմանափակումներից մինչև վիզաներ․ բեռնափոխադրողները կառավարության լուծումներին են սպասում

Կառավարության առջև բողոքի ակցիայից հետո բեռնափոխադրողները վերջին չորս շաբաթվա ընթացքում երկու հանդիպում են ունեցել կառավարության ներկայացուցիչների հետ։ «Ազատությանն» ասացին՝ մեծ հույս չունեն, որ իրենց խնդիրներն արագ կլուծվեն կամ, որ առհասարակ կլուծվեն։ Ասում են՝ պաշտոնյաները չեն մերժում, ընդլայնված կազմով ընդունում են իրենց, բայց.

«Բեռնափոխադրման, լոգիստիկայի ոլորտն այնքան բարձիթողի վիճակում է, անգամ նրանք չգիտեն՝ որ թևը ում է պատկանում: Տրանսպորտը պատկանում է ՏԿԵՆ-ին, ՏԿԵՆ-ը ասում է՝ խնդիր չկա, ես զբաղվում եմ իմ աշխատանքով։ Լոգիստիկան ո՞ւմ է պատկանում, կոնկրետ միջնորդական ընկերությունները, արտահանում-ներմուծումն ո՞ւմ է պատկանում, Էկոնոմիկայի նախարարությա՞նը, ՊԵ՞Կ-ին: Խառը վիճակ է էլի։ Տեսնում եմ, որ նրանք փորձում են հասկանալ, բայց դեռ չի ստացվում»,- «Ազատության» հետ զրույցում ասում է բեռնափոխադրում իրականացնողներից մեկը:

Ռուսաստանի կողմից ամիսներ շարունակ կիրառվող ներմուծման սահմանափակումների հետևանքով հայաստանցի բեռնափոխադրողների աշխատանքը գրեթե կանգ է առել։ Ռուսաստանն արգելել է հայկական գյուղմթերքի գրեթե ողջ տեսականու, ինչպես նաև կաթնամթերքի, ձկնեղենի, ծաղիկների, հանքային և ոչ հանքային ջրերի մի մասի, ոչ ալկոհոլային ու ալկոհոլային խմիչքների որոշ տեսակների մուտքն իր երկիր։ Բեռնափոխադրողների խոսքով՝ առայժմ սանկցիաների տակ ընկած նեղ ոլորտների ապրանքների թիվը քիչ է։ Դրանք էլ հիմնականում օտարերկրյա բեռնափոխադրողներն են արտահանում։ Նրանք կառավարությունից պահանջում են բանակցել Ռուսաստանի և Վրաստանի հետ հայկական փոխադրողներին՝ միջազգային բեռնափոխադրումների համար անհրաժեշտ թույլտվություններ, այսպես կոչված դազվուլներ տրամադրելու և հավասար պայմաններ ապահովելու հարցը, որ դիմանան այս մրցակցությանը։

Բեռնափոխադրողները նաև ավելի քան մեկ տարի բարձրաձայնում են լոգիստիկ ընկերությունների գործունեության խնդիրը։ Նրանց պնդմամբ՝ այս ընկերությունները հաճախ նախընտրում են աշխատել օտարերկրյա փոխադրողների հետ, որոնք Հայաստանում, ըստ իրենց, ավելի քիչ հարկեր են վճարում և կարողանում են ծառայություններ մատուցել ավելի ցածր գներով։

Փոխադրողները պնդում են՝ նրանցից շատերը, որոնք հատկապես սնկի նման են բացվում, կանխիկ շրջանառությամբ են աշխատում։ Պաշտոնյաների հետ հանդիպմանն ասացին՝ դա էլ են նշել։

«Պատասխանն այսպիսին է՝ գիտե՞ք տվյալ ֆիրմա, որն աշխատում է ձեր նշած շրջանառությունով՝ կանխիկով, ասեք նրա անունը։ Բայց մենք չենք գնում ինչ-որ մարդու անուն տանք։ Եկեք ոլորտը կարգավորեք: Պետության շահերն ենք մենք ուզում իրենց ցույց տանք, իրենք ասում են՝ անուն տուր»,- ասում է բեռնափոխադրողներից մեկը:

Մյուս խնդիրները բեռնատարների հնացած պարկն է։ Բեռնափոխադրողներն ասում են՝ մեքենաների մեծ մասը չեն կարող սպասարկել եվրոպական ուղղություններ։ Ակնկալում են, որ կառավարությունն աջակցի նոր բեռնատարների ձեռքբերմանը, օրինակ՝ սուբսիդավորման միջոցով։ Սակայն այս դեպքում էլ բեռնափոխադրողները մտահոգված են՝ անգամ եթե դա լինի, ինչպե՞ս են նոր վարկերը վճարելու, քանի դեռ չեն մարել գործողները։ Իսկ եվրոպական ուղղությամբ աշխատելու համար ասում են՝ նաև վիզաների խնդիր ունեն։

Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հուլիսին հրապարակած վիճակագրությամբ նշել էր, որ այս տարի հունվար-հունիսին նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ Հայաստանից արտահանումը Չինաստան աճել է 83.4 տոկոսով, Հնդկաստան 81.3 տոկոսով, իսկ Եվրամիություն 80 տոկոսով, սակայն շուրջ 10 տարի բեռնափոխադրումներով զբաղվող մեր զրուցակիցը, որ չցանկացավ ներկայանալ, հարցնում է՝ սրանք ի՞նչ թվեր են։ Նրա խոսքով.- «Կեռասը վերցնում են, Վրաստանի կեռասն ավելի թանկ է, քան որ մենք ենք տանում այնտեղ։ Երկու լարիով տալիս են, ինչ կծախվի, կծախվի, մնացածն էլ թափում են։ Գալիս են այստեղից սուբսիդավորումը վերցնում են, ստացվում է, որ բոլորը չաղ և բախտավոր են։ Այդ ի՞նչ է ծիրանի արտահանումը։ Մի մեքենա գնացել է Ֆրանսիա, հայկական շենքի տակի խանութներում են դրել վաճառում, առավոտից իրիկուն էստի համեցեք են կանչում, որ հայ համայնքը գնա այդ ծիրանն առնի։ Ա՞յդ էր Եվրոպայի շուկան։ Երկու մեքենա գնաց Լեհաստան, մի մեքենա Ֆրանսիա, մի մեքենա Բելգիա։ Ռուսաստան օրը 50 մեքենա է գնում»՞

Բեռնափոխադրողները հետևել են նաև Ղրղզստանում կայացած ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի նիստին։ Փաշինյանն այնտեղ հայտարարել է, որ Հայաստանը պետք է ընդլայնի արտահանման շուկաները՝ միաժամանակ մնալով ԵԱՏՄ-ում ու խորացնելով հարաբերությունները Եվրամիության հետ։ Բեռնափոխադրողները կողմ են շուկաների դիվերսիֆիկացմանը, սակայն ասում են՝ դա արագ լուծվելիք հարց չէ, իսկ այս ընթացքում իրենք զրկվել են Հայաստանի համար ամենամոտ ու ամենախոշոր շուկայից։ Բեռնափոխադրողի խոսքով.- «Ես այդ դիվերսիֆիկացիային դեմ չեմ, ես տարբեր շուկաներին էլ եմ կողմ, այո, երկիրը մի կողմի վրա չպետք է զարգանա, բայց չունենք շուկաներ»:

Բեռնափոխադրողներն ասում են՝ կառավարությունում իրենց խոստացել են, որ տարբեր նախարարությունների ներկայացուցիչների հետ նույն ընդլայնված կազմով հանդիպումները շարունակական կլինեն, բայց.

«Ես հանդիպումների ընթացքում հասկացա, որ ոչ մեկ չի էլ կարող մեզ բան խոստանա», «Իմաստ չեմ տեսնում իրանց հետ հանդիպելու: Պրոտակոլային է...մարդիկ ներվայնացած են, գալիս հետները խոսում են, պառը տալիս, անցնում է, որ ուրիշ բաներ չանեն էլի ժողովուրդը»,- ասում են բեռնափոխադրողները:

«Ազատությունը» դիմել է Էկոնոմիկայի և Տարածքային կառավարման նախարարություններ՝ փորձելով պարզել, թե ինչ լուծումներ են քննարկում բեռնափոխադրողների համար։ Տարածքային կառավարման նախարարությունից ասացին՝ բարձրացրած հարցերից իրենց տիրույթում է եղել միայն դեպի Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելու թույլտվությունների հարցը։ Նախարարության ներկայացուցիչները մանրամասն ներկայացրել են դեպի Եվրոպա բեռնափոխադրումներ իրականացնելու համար թույլտվությունների ստացման կարգն ու բացատրել, թե ինչ պետք է արվի դրա համար, փոխանցեցին Տարածքային կառավարման նախարարությունից։ Էկոնոմիկայի նախարարությունից պատասխան դեռ չունենք:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG