Կառավարությունը նախատեսում է Արարատի և Արմավիրի մարզերի 135 ձկնաբույծներին 450 միլիոն դրամ աջակցություն տրամադրել՝ փոխհատուցելով այս տարվա առաջին կիսամյակում ձեռք բերված ձկան կերի մեկ ամսվա միջին արժեքի 20%-ը։
Աջակցություն ստանալու համար դիմումների ընդունումն այս շաբաթ մեկնարկել է։ Էկոնոմիկայի նախարարի մամուլի խոսնակ Լիլիթ Շաբոյանն «Ազատությանն» ասաց՝ դիմողներ արդեն կան, բայց դրանց թիվը դեռ մեկ տասնյակի էլ չի հասել.
«Կարող ենք փաստել, որ հետաքրքրությունը ծրագրի նկատմամբ բավականին մեծ է, ուղղակի հաշվի առնելով, որ նոր է ընդունվել ծրագիրը, և այդքան էլ նրանք ծանոթ չեն, հիմա աշխատում են մեր մասնագետների հետ, որպեսզի կարողանան ամբողջ անհրաժեշտ փաստաթղթերն հավաքել, և ներկայացնել դիմումները, որոնց ամփոփվելուց հետո արդեն կունենանք նաև շահառուներ»,- ասաց Էկոնոմիկայի նախարարության խոսնակը։
Կառավարությունը ձկնաբույծներին աջակցելու որոշումն ընդունեց այն բանից հետո, երբ Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հայտարարեց, որ Հայաստանը Եվրոպական հանձնաժողովից պաշտոնապես թույլտվություն է ստացել Եվրամիության երկրներ սառեցված ու վերամշակված ձուկ և ձկնամթերք արտահանելու համար։
«Էլեկտրոնային եղանակով գնալու են ՍԱՏՄ բիզնեսից, որից հետո ընթացակարգեր կա երեք օրվա ընթացքում, հետո15 օրվա ընթացքում ՍԱՏՄ-ն համապատասխան ստուգումներ կիրականացնի, որից հետո այդ փաստաթղթերը, երբ արդեն կուղարկվի Եվրոպական համակարգ, այնտեղից մեր տնտեսվարողը ստանալու է կոդ, որի մեջ այդ ամբողջ պատմությունը կա»,- հայտնել է նախարարը։
Հետո Արարատի և Արմավիրի մարզերի ձկնաբույծները բողոքի ակցիա արեցին կառավարության շենքի դիմաց։ Պնդում էին՝ շուրջ 30 տարի ձուկը ռուսական շուկա են տարել և մեկ օրում չեն կարող արտահանումը վերաուղղել դեպի Եվրոպա։ Առավել ևս կուտակված ֆինանսական պարտավորությունների պայմաններում, երբ Ռուսաստանն արգելել է հայկական ձկան ներմուծումը։ Բողոքի ակցիայից հետո կառավարությունը որոշեց 135 ձկնաբուծարանների ձկան կերի ծախսերը մասնակիորեն փոխհատուցել, բայց պայման կա՝ փոխհատուցվող կերը պետք է ԵՄ և ԵԱՏՄ ստանդարտներին համապատասխան սերտիֆիկատ ունենա։
«Շատ ծանր է մեր վիճակը»
Ձկնաբույծների միության վարչության անդամ «Մաքս ֆիշ» ընկերության սեփականատեր Արմեն Կարապետյանից հետաքրքրվեցինք՝ արդյո՞ք այս աջակցությունը կմեղմի իրենց խնդիրները, ասում է.- «Դա ժամանակավոր է, դա ընդամենը օգնում են, որ մի քիչ ուշ մահանանք, էլի շնորհակալություն, բայց հիմա իրոք շատ ծանր է մեր վիճակը»։
Ձկնաբույծներն այսօր փակ հանդիպում ունեին, հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել անելիքներից։ Հանդիպման մասնակիցներից էր Արմեն Կարապետյանը։ Նրա հիմնած «Մաքս ֆիշը» գործում է 2012 թվականից, Հայաստանի խոշոր ձկնաբույծներից է։ Գործարարն ասաց՝ ինքն ու մյուս տնտեսվարողները պատրաստվում են օգտվել կառավարության աջակցության ծրագրից, փաստաթղթերն են կարգավորում. «135 ձկնաբուծարան դիմելու է, որը հասցրել է դիմել է։ Ինձ թվում է՝ բոլորն էլ ստանալու են աջակցություն ժամանակավոր պահպանման համար,որովհետև իրոք շատ ծանր է մեր վիճակը»։
Բայց կոնկրետ իր ընկերության՝ «Մաքս ֆիշի» համար մեկանգամյա այս աջակցությունն, ըստ նրա, բավարար չէ։ Կուտակված ֆինանսական խնդիրներն ասում է՝ այնքան շատ են, որ եթե իրավիճակը չփոխվի, կսնանկանա։
«եթե չհասցնենք ծկան ավելցուկը, որը մենք հույսով արտադրել ենք, որ Ռուսաստան պետք է արտահանենք, վարկերը չփակենք, մենք երևի չդիմանանք։ Ես կոնկրետ կարող եմ անգամ սնանկանալ, որովհետև եթե չկարողացանք հանենք, ուրիշ տարբերակ չեմ տեսնում»,- ասում է Ձկնաբույծների միության վարչության անդամ Արմեն Կարապետյանը։
Կառավարության շենքի մոտ հավաքված ձկնաբույծներն ասում էին՝ եվրոպական շուկաներում գործընկերներ և պայմանավորվածություն չունեն, իսկ նոր շուկաներ գտնելու գործընթացը երկար ժամանակ է պահանջում։ Կարապետյանը նույնը նաև այսօր ասաց. «Ոնց փորձում ենք, չենք կարողանում փոխարինենք էդ շուկան, որովհետև 80 տոկոսին փոխարինելը մի քիչ շատ բարդ է էլի։ 20 տարվա աշխատանքը լրիվ կապված է եղել ռուսական շուկայի հետ։ Հիմա մենք էլ տեսնում ենք, որ դա չի բացվելու ոնց որ։ Հիմա, ավել ձուկը, որն արտադրվել է հույսով, որ պետք է գնա Ռուսաստան, գոնե վաճառենք ինքնարժեքով, ինքնարժեքից ցածր, որովհետև եթե չեղավ, պետք է թափենք»։
Տնտեսվարողների պնդմամբ՝ այս պահին իրենց ձկները մնացել են լճերում։ Ռուսաստան չի արտահանվում։ Եվրամիության շուկա մտնելուն դեռ պատրաստ չեն։ Տեղական շուկայում թեև չեն կարող ամբողջ ծավալն իրացնել, բայց եթե փորձեն էլ, ապա ինքնարժեքից ցածր գնով։ Դա էլ ասում են՝ առավել կխորացնի ոլորտի ճգնաժամը։