Բաքվում 20 տարվա ազատազրկման դատապարտված Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը կոչով դիմել է Միացյալ Նահանգների նախագահին, որ Դոնալդ Թրամփը կատարի գերիների ազատ արձակման հարցով իր իսկ խոստումը:
«Կոչ եմ անում նախագահ Դոնալդ Թրամփին կատարել հրապարակային տրված խոստումը Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ապահովել նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»,- X-ում գրել է Ջարեդ Գենսերը:
Ադրբեջանում ծանր մեղադրանքներով 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման դատապարտվեցին Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական ղեկավարներն ու մյուս գերիները: Վերջինը հրապարակվեց նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի դատավճիռը: ԱՄՆ նախագահ Թրամփը կես տարի առաջ՝ վաշինգտոնյան գագաթնաժողովին էր հետաքրքրվել գերիներով: Այդ օրերին համացանցում մի կարճ տեսանյութ էր տարածվել, որտեղ Թրամփը դիմելով վարչապետ Նիկոլ Փաշինյանին շեշտել էր, թե գերիների հարցով կխոսի Ադրբեջանի նախագահի հետ:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփ.- «Ուրեմն, ասացիք, որ 23 քրիստոնյաներին (հայ գերիներին) կցանկանայիք հետ ստանալ: Որովհետև ես պատրաստվում եմ խնդրել նրան [Ալևին] անել դա»:
Մինչև օրս հայտնի չէ՝ Թրամփն Ալիևին անձամբ խնդրե՞լ է ազատ արձակել գերիներին: Բայց նրանց վերադարձի հարցը օրերս Բաքվում բարձրացրել էր ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը: Թե Բաքվում ինչպես են արձագանքել, հայտնի չէ: Բայց դրանից հետո Ադրբեջանի նախագահն, ըստ էության, բացառել էր, որ Արցախի նախկին ղեկավարներն ազատ կարձակվեն:
«Այդ մարդիկ լուրջ հանցանքներ են կատարել մարդկության դեմ։ Պատկերացրեք, 2-րդ համաշխարհային պատերազմի ավարտին նյուրնբերգյան դատավարությունից 2ամիս անց ոմանք գային և ասեին՝ խնդրում ենք ազատ արձակել մահվան դատապարտված նացիստ առաջնորդներին։ Դա նույն բանն է, նույնիսկ ավելի վատ։ Նրանց հանցանքները ավելի ծա՞նր են, քան այն, ինչ արել են նացիստները 2-րդ համաշխարհային պատերազմի ժամանակ»,- հայտարարել է Իլհամ Ալիևը:
Երբևէ որևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանի փաստաբան Գենսերը Վարդանյանին՝ «կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը արդարադատության ծաղր է որակել»:
«Հարգված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի միակ «հանցանքը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, նրանցից մոտ 120,000-ը վտարվեցին դեպի Հայաստան՝ դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտման զոհերը։ Դատավարությունն ինքնին լիակատար կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն անօրինական է»,- շեշտել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը:
Իրավական բոլոր ընթացակարգերի խախտմամբ այդ դատավարությունն ու դատավճիռը, ըստ փաստաբանի, խախտում են ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական օրենքները: «Բոլոր 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն»- հավելել է Ռուբեն Վարդանյանի փաստաբանը:
Պաշտոնական Երևանը Վարդանյանի դատավճռից հետո էլ լռությունը չխախտեց, ո՛չ արտգործնախարարությունից, ո՛չ վարչապետի աշխատակազմից արձագանք չկա: Իշխանականները գերիներից խոսում են այն դեպքում, երբ լրագրողներն են հարցեր տալիս, պատասխանն էլ նույնն է՝ նրանց վերադարձի հարցը խաղաղության մթնոլորտում կլուծվի:
«Խաղաղությունն է այն միջավայրը, որում հնարավոր է այդ խնդիրը լուծել: Կոնֆլիկտի միջավայրում այդ խնդիրն անլուծելի է»,- հայտարարել էր վարչապետը:
Նիկոլ Փաշինյանն իր վերջին հարցազրույցում պնդում էր, թե անցած ամիս վերադարձած չորս գերիներից հատկապես Վագիֆ Խաչատրյանը հնարավոր է չվերադառնար, եթե խաղաղության միջավայր չլիներ: Ընդդիմադիր պատգամավոր Տիգրան Աբրահամյանը, սակայն, կարծում է՝ Իլհամ Ալիևը գերիների վերադարձի հարցը մշտապես օգտագործել և օգտագործում է իր շահերի առաջ մղելու համար:
«Այստեղ խնդիրը ոչ թե այն է, որ Հայաստանի իշխանությունը ունի պահանջ, և դա որևէ փուլում թեկուզ մասնակի իրացվում է, այլ Ադրբեջանը իր նախընտրությամբ, իր շահերի շրջանակներում դրանք օգտագործում է և այս թեման հիմնականում այդ տրամաբանության մեջ է»,- նշում է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը:
Աբրահամյանի համար համոզիչ չեն ՔՊ-ականների պնդումները, թե իրենք գերիների վերադարձի հարցով հետևողական զբաղվում են և խաղաղության մթնոլորտն է նպաստելու նրանց ազատ արձակմանը:
«Ես կարծում եմ՝ իշխանությունը որոշակի բառամթերք է ներմուծել քարոզչական դաշտում և փորձում է այդ մարդկանց Բաքվում գտնվելը որոշակի չակերտավոր հիմնավորվածության մեջ ներկայացնել հասարակությանը։ Ինչպե՞ս է ստացվում, որ կողմերը խոսում են խաղաղության մասին, բայց ադրբեջանական օրակարգը կետ առ կետ իրացվում է, դրանք անընդհատ ընդլայնվում են, իսկ Հայաստանի իշխանության համար որևէ ձևով կարևորություն ներկայացնող թեմաները մնում են երկրորդ պլանում: Եթե նույնիսկ մի կողմ դնենք գերիների, ռազմագերիների թեման, ապա իմ համար մի քիչ անպատկերացնելի է խաղաղություն, որտեղ ադրբեջանական զորքերը մեծ թվով ուղղություններով մխրճված են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում»,- ընդգծում է ընդդիմադիր պատգամավորը:
Իսկ ինչու գերիների հարցով առաջընթաց չեղավ ԱՄՆ փոխնախագահի այցից հետո, Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ գուցե Հայաստանի համար առաջնահերթություններն այլ են եղել և ամերիկյան կողմը, Բաքվում ըստ Երևանի օրակարգի է հարցերը բարձրացրել: