Մատչելիության հղումներ

Չորս գերի է Ադրբեջանից վերադարձել Հայաստան, երկու սիրիացի վարձկաններ են հանձնվել Սիրիային


Ադրբեջանից Հայաստան է վերադարձել չորս գերի, Երևանն իր հերթին Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված երկու սիրիացի վարձկաններին է վերադարձրել Սիրիա:

Գերիների վերադարձի մասին հայտնել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նրա փոխանցմամբ՝ Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը և Վագիֆ Խաչատրյանը Հակարի կամրջով Ադրբեջանի համապատասխան մարմինների ներկայացուցիչների կողմից հանձնվել են Հայաստանին և հիմա գտնվում են ՀՀ տարածքում, տեղափոխվում են Երևան:

Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը, Վիգեն Էուլջեքջյանը, վարչապետի հաղորդմամբ, նախնական զննությամբ առողջական խնդիրներ չունեն։ 70-ամյա Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը նախնական գնահատվում է բավարար։ Խաչատրյանը դեկտեմբերի 22-ի գիշերը ադրբեջանական բանտից հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունք էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, սրտի բարդացած խնդիրներով:

Ազգային անվտանգության ծառայությունը հայտնում է, որ գործընթացն իրականացվել է որպես Հայաստանի և Ադրբեջանի միջև հաստատված խաղաղության գործնական արդյունք:

Սուջյանը և Դավթյանը գերեվարվել են 2020թ. նոյեմբերի 11-ին՝ հրադադարի ուժի մեջ մտնելուց հետո՝ Շուշի ուղևորվելիս։ Բաքուն նրանց մեղադրել է ՔՕ մի շարք հոդվածներով, այդ թվում՝ զենքի ապօրինի պահում, լրտեսություն:

Լիբանանահայ Էուլջեքյանը ադրբեջանցիների կողմից գերեվարվել էր 44-օրյա պատերազմի ավարտից հետո՝ 2020-ի նոյեմբերի 10-ին, Շուշի ուղևորվելու ճանապարհին: Ադրբեջանը նրան որպես ահաբեկիչ էր ներկայացնում:

Վագիֆ Խաչատրյանին Ադրբեջանի ուժայինները 2023-ի հուլիսի վերջին էին առևանգել Հակարիի իրենց անցակետից․ նա Կարմիր Խաչի ուղեկցությամբ ու մեքենայով Երևան էր գալիս բժիշկների ցուցումով՝ սրտի հրատապ վիրահատության, Բաքուն նույն օրը հայտարարեց, թե նրան վաղուց են փնտրում որպես Մեշալի գյուղում ցեղասպանություն կատարողի։

Բաքվի կողմից ներկայացված մեղադրանքները հայ գերիները չեն ընդունել:

Պաշտոնական տվյալներով՝ Ադրբեջանում պահվում է ևս 19 հայ գերի:

Սիրիացի վարձկանները հանձնվել են Սիրիային


Արդարադատության նախարարությունը վարչապետի հայտարարությունից քիչ հետո հայտնեց, որ Հայաստանում ցմահ ազատազրկման դատապարտված, 44-օրյա պատերազմում Հայաստանի դեմ մասնակցած երկու սիրիացիներ այսօր Թուրքիայի միջոցով փոխանցվել են Սիրիային:

Յուսեֆ Ալաաբեթ ալ-Հաջիի և Մուհհռաբ Մուհամմադ ալ-Շխերիի նկատմամբ կայացված դատավճիռների հետագա կատարումը կշարունակվի Սիրիայում:

«Փոխանցումն իրականացվել է համապատասխան իրավասու մարմինների միջև համագործակցության և կիրառվող իրավական մեխանիզմների ներքո», - նշել է նախարարությունը:

Հայաստանի իրավապահները պարզել էին, որ 2020 թվականի պատերազմի ընթացքում սիրիացի վարձկաններն անարգել Ադրբեջան էին տեղափոխվել Թուրքիայի տարածքով, սահմանային անցակետը հատել էին առանց որևէ փաստաթղթի։ Իսկ մինչ նրանց տեղափոխումը՝ հունիսից մինչև սեպտեմբեր, Սիրիայում ռազմական պատրաստվածության դասընթացների էին մասնակցել։

Իրավապահների փոխանցմամբ՝ ռազմական գործողություններին մասնակցելու համար վարձկաններին առաջարկվել էր 2 հազար դոլար։ Հրապարակային կոչեր են հնչել, այն է՝ չխնայել որևէ անձի կյանք, բոլոր հայերին գլխատել, սպանել, ավելին՝ նրանց նաև ամեն հայի համար 100 դոլար գլխագին էին խոստացել։

Սիրիայի քաղաքացիները մեղադրվում են Հայաստանի քրեական օրենսգրքի մի շարք հոդվածներով. վարձկանություն, միջազգային ահաբեկչություն, միջազգային մարդասիրական իրավունքի նորմերի լուրջ խախտումները զինված ընդհարումների ժամանակ։ Նրանք ձերբակալվել էին Արցախի պաշտպանության բանակի կողմից:

XS
SM
MD
LG