Մատչելիության հղումներ

Այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է. Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի հայտարարությունը

Ռուբեն Վարդանյանի դեմ կայացված վճռի վերաբերյալ Վարդանյանի իրավաբանական թիմը հայտարարում է՝ այս դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։

«Այս վճիռն անկախ և անաչառ դատական գործընթացի արդյունք չէ, այլ քաղաքական նկատառումներով պայմանավորված վարույթի կանխատեսելի հետևանք՝ ամբողջությամբ անհամատեղելի արդար դատաքննության երաշխիքների հետ»,- հայտարարում է Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

«Դատավարությունն ի սկզբանե ընթացել է և՛ Ադրբեջանի ներքին օրենսդրության, և՛ այդ երկրի միջազգային պարտավորությունների լուրջ և համակարգային խախտումներով: Դատարանը չի բավարարել Քաղաքացիական և քաղաքական իրավունքների միջազգային դաշնագրով և Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայով երաշխավորված անկախության և անկողմնակալության պահանջներին: Մեղադրանքների ձևակերպումը և էությունը խաթարել են անմեղության կանխավարկածը»,- հայտարարում են Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմի ներկայացուցիչները:

Նրանց տարածած հայտարարությունում նշվում է՝ պաշտպանական կողմը զրկված է եղել գործի նյութերին պատշաճ ծանոթանալու հնարավորությունից՝ ունենալով խիստ անբավարար ժամանակ նյութերի ուսումնասիրման համար։

«Բազմիցս խոչընդոտվել են միջնորդություններ անելու և արդարացնող ապացույցներ ներկայացնելու փորձերը։ Պարոն Վարդանյանին չի տրամադրվել իր կողմից ընտրված փաստաբանի հետ լիարժեք աշխատելու հնարավորություն։ Սրանք ընթացակարգային խախտումներ չեն և ուղղակիորեն զրկել են Վարդանյանին արդյունավետ պաշտպանություն իրակականացնելու հիմնարար իրավունքից։ Դատավարության կողմերի հավասարության սկզբունքը չի գործել։ Պարոն Վարդանյանին չի տրվել իրեն առաջադրված մեղադրանքներն իրավասու, անկախ ու անաչառ դատարանում վիճարկելու իրական հնարավորություն: Նման հանգամանքներում դատավճիռն անկողմնակալ լինել չի կարող»,- ասված է տարածված հայտարարությունում:

Իրավաբանական թիմի ներկայացուցիչները կոչ են արել միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանության մեխանիզմներին և պատասխանատու կառավարություններին՝ «անհապաղ և կոնկրետ քայլեր ձեռնարկել Ռուբեն Վարդանյանի և Բաքվում պահվող և ապօրինի դատապարտված մյուս հայերի իրավունքները պաշտպանելու և նրանց ազատ արձակումն ապահովելու համար: Քաղաքական դրդապատճառներով հետապնդումների նորմալիզացումը սպառնում է ոչ միայն շահագրգիռ անձանց, այլև միջազգային իրավակարգի հեղինակությանը»,- նշում են իրավաբանները:

Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները:

Ադրբեջանի նախագահը օրերս, ըստ էության, բացառել էր, որ նրանք ազատ կարձակվեն՝ թեև հաստատել էր, որ Բաքու այցի ժամանակ հարցը բարձրացրել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը:


XS
SM
MD
LG