Մատչելիության հղումներ

«Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով դատապարտելը արդարադատության ծաղր է». Գենսեր

Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը
Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը

«Բաքվի ռազմական դատարանի կողմից Ռուբեն Վարդանյանին կեղծ մեղադրանքներով 20 տարվա ազատազրկման դատապարտելը պարզապես արդարադատության ծաղր է»,- հայտարարել է Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբան Ջարեդ Գենսերը:

Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը նախօրեին դատապարտվեց 20 տարվա ազատազրկման: Երբևէ զինվորական պաշտոն չզբաղեցրած Ռուբեն Վարդանյանին Բաքվի դատարանը մեղավոր ճանաչեց մի շարք հանցանքների, այդ թվում՝ Ադրբեջանի դեմ պատերազմի, ահաբեկչության ֆինանսավորման, մարդկանց տեղահանելու մեջ։

«Հարգված գործարար և բարերար Ռուբեն Վարդանյանի միակ «հանցանքը» Լեռնային Ղարաբաղի հայ քրիստոնյա ժողովրդի ինքնորոշման իրավունքի պաշտպանությունն էր, նրանցից մոտ 120,000-ը վտարվեցին դեպի Հայաստան՝ դառնալով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի էթնիկ զտման զոհերը։ Դատավարությունն ինքնին լիակատար կեղծիք էր, քանի որ քաղաքացիական անձանց ռազմական դատարանում դատելն անօրինական է»,- X-ում գրել է ամերիկացի փաստաբան Ջարեդ Գենսերը, շարունակելով. «Այն [դատավարությունը] նաև գաղտնի է անցկացվել, բազմաթիվ ընթացակարգերի խախտումներով, ինչպիսիք են փաստաբանի հետ կապ հաստատելու բազմաթիվ մերժումները, դատարանի կողմից տասնյակ միջնորդությունների պարզապես անտեսումը, որոնք, Ադրբեջանի օրենսդրության համաձայն՝ դրանցից յուրաքանչյուրի վերաբերյալ որոշում պետք է կայացվեր ներկայացվելուց մի քանի օրվա ընթացքում»։

Արցախի նակին պետնախարար Ռուբեն Վարդանյանի միջազգային փաստաբանն ընդգծել է՝ Ռուբեն Վարդանյանի դատապարտումն ու դատավճիռը խախտում են ինչպես միջազգային, այնպես էլ ադրբեջանական օրենքները և «բոլոր 19 հայ քրիստոնյա քաղբանտարկյալներն ու ռազմագերիները պետք է անհապաղ և անվերապահորեն ազատ արձակվեն»:

Փաստաբանը կոչ է արել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին «կատարել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին տված իր հրապարակային հանձնառությունը՝ ապահովելու նրանց բոլորի ազատ արձակումը նախագահ Ալիևից, որպեսզի նրանք կարողանան անվտանգ վերադառնալ Հայաստան»,- ասված է ամերիկացի փաստաբանի գրառման մեջ:

Երեկ նաև Ռուբեն Վարդանյանի իրավաբանական թիմն էր հանդես եկել հայտարարությամբ՝ շեշտելով՝ դատավճիռն իրավաբանորեն անհիմն է։

Ավելի վաղ էլ 15 տարվանից մինչև ցմահ ազատազրկման էին դատապարտվել Արցախի մյուս ղեկավարներն ու գործով անցնող մեղադրյալները:

Ադրբեջանի նախագահը օրերս, ըստ էության, բացառել էր, որ նրանք ազատ կարձակվեն՝ թեև հաստատել էր, որ Բաքու այցի ժամանակ հարցը բարձրացրել էր Միացյալ Նահանգների փոխնախագահը:

XS
SM
MD
LG