Մատչելիության հղումներ

Աշխատանքը չի դադարելու, մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստան. Սիմոնյանը՝ գերիների մասին

Հայաստանի կողմից իրականացվող աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա, լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարեց Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչպես կմեկնաբանի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը, ըստ որի՝ Ադրբեջանը մտադիր չէ վերադարձնել Բաքվում պահվող հայերին։

«Ես չեմ տեսել այդ հարցազրույցը և չեմ կարող մեկնաբանել, որովհետև հարցազրույցն, առավել ևս այդպիսի կարևոր հարցազրույցը, մեկ նախադասությամբ և մեջբերմամբ պատրաստ չեմ մեկնաբանել։ Պետք է ընդհանրական գնահատական տալով, պետք է ասեմ, որ այն գործընթացը և այն աշխատանքը ու ոճը, որը մենք երկուստեք Ադրբեջանի հետ իրականացնում ենք, բարդ է, դժվար է, բայց առաջ գնալու հնարավորություն ստեղծող բան է, որից չպետք է հրաժարվենք։ Այդպես էլ անում ենք։ Բոլորն էլ վերադառնալու են։ Այսօր չէ, վաղը չէ, բայց բոլորն էլ վերադառնալու են։ Ինչպես ժամանակին, երբ 200-ին հասնող մարդիկ կային, էլի մարդիկ կային, որոնք չվերադարձվողների ցուցակում էին, բայց աշխատանքի շնորհիվ մենք կարողացանք հասնել...։ Այդ աշխատանքը չի դադարելու մինչև վերջին հայը չվերադառնա Հայաստանի Հանրապետություն»,- ընդգծեց Սիմոնյանը։

Ադրբեջանի նախագահը France 24-ի հետ զրույցում, ըստ էության, բացառել է, որ Բաքվում պահվող Արցախի ղեկավարությունը ազատ կարձակվի: Ալիևը հաստատել է, որ Ադրբեջան այցի ընթացքում ԱՄՆ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը բարձրացրել է նաև հայ բանտարկյալների հարցը: «Եվ ես էլ ներկայացրեցի Ադրբեջանի դիրքորոշումը: Դա է եղել խոսակցությունը», - պատմել է Ալիևը՝ կրկին ծանր, այդ թվում՝ պատերազմական հանցագործությունների մեղադրանքներ հնչեցնելով Բաքվի բանտերում պահվող արցախցի նախկին պաշտոնյաների հասցեին:

Հայ գերիները Բաքվում դատապարտվել են երկարատև, որոշ դեպքերում՝ ցմահ ազատազրկման:

XS
SM
MD
LG