Մատչելիության հղումներ

Պուտինը պատրաստ է տարածքային որոշ զիջումների գնալ, բացի Դոնբասից. «Կոմերսանտ»


Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Պետական խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է, որ պատրաստ է տարածքային որոշ զիջումների գնալ, բացի Դոնբասից, գրում է Կրեմլի կողմից վերահսկվող «Կոմերսանտ»-ը՝ չմանրամասնելով, թե որ տարածքների մասին է խոսքը:

Ըստ թերթի՝ թեև դեկտեմբերի 24-ի ուշ երեկոյան կայացած նիստը նվիրված էր անձնակազմի վերապատրաստման թեմային, սակայն նախագահն ամենից շատ խոսել է խաղաղության պլանի շուրջ ԱՄՆ-ի հետ բանակցությունների, դիրքորոշումների, Անքորիջի պայմանավորվածությունների մասին, նաև այն մասին, թե եվրոպացիների հետ բանակցություններից հետո ինչպես ամերիկացիները հրաժարվեցին իրենց որոշ առաջարկներից, ինչը «թուլության նշան» է որակել: Թերթը գրում է.

«Վլադիմիր Պուտինը պնդում էր, որ ռուսական կողմը դեռ պատրաստ է անել այն զիջումները, որոնց համաձայնել է Անքորիջում։ Այլ կերպ ասած, նա խոսում է այն մասին, որ «Դոնբասի մերն է լինելու»։ Նա հայտարարեց, որ «Կրամատորսկ-Կոնստանտինովսկ-Սլավյանսկ հանգույցի հարցը քննարկման ենթակա չէ»։ Այնուամենայնիվ, հնարավոր է նաև ռուսական կողմից տարածքային մասնակի փոխանակում», - այս մասին կարդում ենք թերթում:

Կրեմլի ղեկավարը նաև անդրադարձել է ամենակնճռոտ հարցերից մեկին՝ Զապորոժիեի ատոմակայանին, որն այժմ ռուսական վերահսկողության տակ է և որի շուրջ կողմերը չեն կարողանում համաձայնել: Ըստ թերթի՝ Պուտինը չի թաքցրել, որ ԱՄՆ-ի հետ քննարկում են Եվրոպայի ամենամեծ ատոմակայանը համատեղ շահագործելու հարցը՝ առանց Ուկրաինայի: Խոսքը թե՛ կայանի ստեղծած էլեկտրաէներգիայով կրիպտոարժույթների համատեղ մայնինգով զբաղվելու, թե՛ Ուկրաինային էլեկտրաէներգիա տրամադրելու մասին է:

Զելենսկին կհանդիպի Թրամփի հետ

Ու մինչ «Կոմերսանտ»-ը մանրամասներ է հայտնում Պուտինի հետ հանդիպումից, Ուկրաինայի նախագահը հայտարարել է, որ առաջիկայում կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ: Ըստ Վլադիմիր Զելենսկիի՝ «շատ բան կարող է որոշվել մինչև Նոր տարի»: Kiev Post-ը, դիվանագիտական աղբյուրներին հղումով, գրում է, որ այցը կարող է կայանալ այս կիրակի, ու եթե ամեն ինչ հարթ ընթանա, առաջնորդների հանդիպումը տեղի կունենա Ֆլորիդայում Թրամփի կեցավայրում:

Մինչ այդ Զելենսկին երեկ մոտ մեկ ժամ հեռախոսով խոսել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆի և Ջարեդ Քուշների հետ: Զելենսկին հայտնել է, որ քննարկել են «լավ գաղափարներ», թե ինչպես մոտեցնել իրական խաղաղությունը: Ըստ նրա՝ «դա իսկապես լավ զրույց էր»: Ուկրաինայի առաջնորդը վստահեցրել է` ամեն ինչ անում են, որ պատերազմն ավարտվի, իսկ ստորագրվելիք բոլոր փաստաթղթերը լինեն հուսալի և արդյունավետ գործեն:

«Որոշ փաստաթղթեր … գրեթե պատրաստ են, որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ են։ Իհարկե, զգայուն հարցերի շուրջ դեռ շատ անելիքներ կան, բայց ամերիկյան թիմի հետ միասին հասկանում ենք, թե ինչպես հասնել դրան», - հայտարարել է Ուկրաինայի նախագահը:

New York Times-ն իր հերթին գրում է, որ Ռուսաստանը հազիվ թե համաձայնի Մայամիում ԱՄՆ-ի և Ուկրաինայի բանակցությունների արդյունքում կազմված նոր պլանին և մի քանի պատճառ է նշում: Ըստ հեղինակավոր պարբերականի՝ նախ Կրեմլը ոգևորված է ռազմաճակատում ռուսական բանակի առաջընթացով։ Երկրորդ՝ ծրագիրը չի ներառում Ռուսաստանի տարածքային հիմնական պահանջները, օրինակ՝ ողջ Դոնեցկի հանձնումը Ռուսաստանին:

Երրորդ՝ դժվար կլինի նոր ծրագիրը ռուս հանրությանը որպես հաղթանակ ներկայացնել։ Բացի դրանից՝ հազարավոր ռուսներ 2025-ին պատերազմին մասնակցելու պայմանագրեր են ստորագրել, ինչը Մոսկվային թույլ է տալիս շարունակել պատերազմը՝ չնայած ծանր կորուստներին։

Կողմերը շարունակել են փոխադարձ հարվածները


Այս ընթացքում ռուսական զինուժը շարունակել է հարվածները ուկրաինական շրջաններին, այդ թվում՝ Նիկոլաևին, Վոլինի մարզին, Զապորոժիեին, որտեղ խաղաղ բնակիչ է սպանվել: Հարվածել են նաև Օդեսային, որի նավահանգիստներում Սլովակիայի և Պալաուի դրոշով երթևեկող նավեր են վնասվել:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է ռուսական շրջաններին, այդ թվում՝ Ռոստովին, Վոլգոգրադին:

XS
SM
MD
LG