ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ռուսաստանցի առաջատար գործարարներից մի քանիսին ասել է, որ հնարավոր է՝ պատրաստ լինի Ուկրաինայում ռուսական զորքերի կողմից վերահսկվող որոշ տարածքների փոխանակմանը, սակայն ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը, հաղորդում է «Կոմերսանտ»-ը:
Թերթը հայտնել է, որ Պուտինը դեկտեմբերի 24-ին Կրեմլում կայացած գիշերային հանդիպման ժամանակ առաջատար գործարարներին ծանոթացրել է ծրագրի մանրամասներին:
Ըստ էության, Պուտինը ցանկանում է ստանալ ամբողջ Դոնբասը, սակայն այդ տարածքից դուրս «չի բացառվում ռուսական կողմից տարածքների մասնակի փոխանակումը», մանրամասնել է պարբերականը:
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ավելի վաղ ներկայացրել է 20 կետից բաղկացած խաղաղության ծրագրի նախագիծը: Այն նախնական 28 կետից բաղկացած պլանի կրճատված տարբերակն է, որը ԱՄՆ-ն ավելի վաղ քննարկել էր ռուսական կողմի հետ:
Այնուամենայնիվ, նոր նախագծում ևս առանցքային տարածքային հարցերը մնում են չլուծված, ավելի վաղ շեշտել է Զելենսկին՝ հավելելով, որ առավել զգայուն հարցերի լուծման համար կպահանջվի հանդիպում ԱՄՆ նախագահի հետ, որը կկայանա մոտ ապագայում:
Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը հինգշաբթի օրը հայտարարել է, որ Մոսկվան վերլուծում է պատերազմը դադարեցնելու մասին փաստաթղթերը, որոնք ԱՄՆ-ից Մոսկվա է բերել Ռուսաստանի հատուկ ներկայացուցիչ Կիրիլ Դմիտրիևը: