Մատչելիության հղումներ

Պատերազմի 40-րդ օրը ԱՄՆ-ն և Իրանը երկշաբաթյա հրադադար են հաստատել

Պատերազմի 40-րդ օրը և Իրանին Դոնալդ Թրամփի տված վերջնաժամկետից երկու ժամ առաջ Վաշինգտոնն ու Թեհրանը համաձայնել են երկշաբաթյա անհապաղ հրադադար հաստատել բոլոր ուղղություններով, հայտարարել է Պակիստանի վարչապետը, որը դիմել էր կողմերին հրադադարի առաջարկով։

Շահբազ Շարիֆը նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ հրավիրել է Իսլամաբադ՝ բանակցությունների։ Ըստ Իրանի կիսապաշտոնական ISNA գործակալության՝ Իրանից կբանակցի խորհրդարանի նախագահ Մոհամադ Բաղեր Ղալիբաֆը, իսկ ԱՄՆ-ից՝ փոխնախագահ Ջեյ Դի Վենսը:

ԱՄՆ նախագահը հայտարարել է, որ հրադադարին համաձայնել է, քանզի Իրանում գերազանցել են բոլոր ռազմական նպատակները և մեծ առաջընթաց ունեն «երկարաժամկետ խաղաղության և Մերձավոր Արևելքում խաղաղության վերաբերյալ վերջնական համաձայնագրի կնքման հարցում»։

Թրամփը հայտնել է՝ ԱՄՆ-ն կօգնի Հորմուզի նեղուցով երթևեկության բարելավմանը

Թրամփը սոցցանցում հայտնել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած նոր առաջարկ, որը, ըստ նրա, գործնական հիմք է բանակցությունների համար: Նա նաև նշել է, որ նախկինում վիճելի գրեթե բոլոր կետերի շուրջ համաձայնության են եկել, իսկ երկշաբաթյա ժամկետը թույլ կտա վերջնական տեսքի բերել համաձայնագիրը: Ավելի ուշ Թրամփը մեկ այլ գրառում է արել, որում նշել է.

«Կարևոր օր է համաշխարհային խաղաղության համար։ Իրանն ուզում է դա, նրանք բավականին հյուծվել են այս պատերազմի հետևանքով։ Նույնը վերաբերում է նաև մյուս բոլորին։ ԱՄՆ-ն կօգնի կարգավորել Հորմուզի նեղուցով երթևեկությունը ... Շատ գումար հնարավոր կլինի աշխատել»,- հայտարարել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը:

Սպիտակ տան ղեկավարը նաև նշել է, որ Իրանն արդեն կարող է սկսել վերակառուցման գործընթացը, իսկ ԱՄՆ-ն կօգնի ամեն ինչով, որպեսզի վստահ լինի, որ ամեն ինչ լավ ընթանա։ «Սա կարող է Մերձավոր Արևելքի ոսկեդարը լինել»,- գրել է նա։ France Press-ին էլ Թրամփն ասել է, որ սա ԱՄՆ-ի համար «լիակատար և ամբողջական հաղթանակ» է։ «Դրանում կասկած չկա»,- ասել է նա:

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին հայտարարել է, որ երկրի զինուժը երկու շաբաթ կապահովի անվտանգ երթևեկությունը Հորմուզի նեղուցով, որտեղով անցնում է աշխարհում սպառվող նավթի մոտ 20%-ը։

Իսրայելը սատարում է ԱՄՆ որոշումը

Իսրայելը հայտարարել է, որ սատարում է ԱՄՆ որոշումը և դադարեցրել է Իրանի դեմ ռազմական գործողությունները: Վարչապետի գրասենյակից, սակայն, ընդգծել են՝ հրադադարը չի վերաբերում Լիբանանին, որտեղ շարունակվում են Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաչված «Հեզբոլա»-ի դեմ գործողությունները: Թեև Իրանի աջակցությունը վայելող շարժման աղբյուրն ասել է, որ դադարեցրել են հարձակումները:

Հրադադարի մասին լուրից հետո նավթի գինը նվազել է 100 դոլարից, ֆինանսական շուկաներն աճ են արձանագրել: Իրաքը բացել է իր օդային տարածքը: Մի շարք երկրներ ողջունել են հրադադարը: ԵՄ արտգործնախարար Կայա Կալասն այն անվանել է «հետքայլ՝ անդունդի եզրից»: Ֆրանսիայի նախագահը կոչ է արել հրադադար հաստատել նաև Լիբանանում:

Իրանում մարդիկ փողոց են դուրս եկել՝ տոնելու հրադադարը: Թեհրանում նաև այրել են ԱՄՆ-ի և Իսրայելի դրոշները: Շատ իրանցիներ չեն հավատում, որ ԱՄՆ-ն և Իսրայելը հավատարիմ կմնան հրադադարին:

«Ամերիկան մինչ օրս հարյուր անգամ ցույց է տվել իր դեմքը։ Մենք երկու անգամ բանակցությունների սեղանի շուրջ էինք, երբ հարձակվեցին։ Այս հրադադարը նաև, անշուշտ, նրա համար է, որ վերականգնեն ուժերը»,- ասում է Թեհրանի բնակիչը:

Մեկ այլ բնակչի խոսքով էլ. «Մենք սա զգացինք և՛ դիմադրության ճակատում, որտեղ նրանք օգտագործեցին հրադադարի պատրվակը զինվելու և ավելի ուժեղ հարվածելու համար, և՛ 12-օրյա պատերազմի ժամանակ, երբ հրադադարի պատրվակով դադարեցրին պատերազմը, զինվեցին և կրկին հարձակվեցին»։

Al Jazeera-ն գրում է, որ Իրանում չափավոր լավատեսություն կա հրադադարի հարցում, սակայն Թեհրանը միաժամանակ զգուշավոր է, քանզի նախկինում երկու անգամ բանակցություններն պատերազմով են ավարտվել:

Պատերազմի հետևանքով Իրանում սպանվել է ավելի քան 2070, վիրավորվել 26,500 մարդ, թեև ըստ իրապաշտպանների՝ զոհերի թիվն անցնում է 3500-ը: Լիբանանում սպանվել է 1500-ից ավելի, վիրավորվել 4640-ից ավելի մարդ, իսկ Իսրայելում սպանվել 26, վիրավորվել 7183 մարդ: Տասներեք զոհ և 200 վիրավոր էլ ունեցել է ԱՄՆ-ն: 150-ից ավելի մարդ էլ սպանվել է Պարսից ծոցի երկրներում:

Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG