ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը AFP-ին ասել է, որ Միացյալ Նահանգները «լիակատար և ամբողջական հաղթանակ» է տարել Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի համաձայնագրի համաձայնեցումից հետո։
«Լիակատար և ամբողջական հաղթանակ։ 100 տոկոս։ Դրանում կասկած չկա»,- ասել է Թրամփը՝ պատասխանելով AFP-ի հարցին, թե արդյոք նա այսպիսով հաղթանակ է հայտարարում հրադադարով։
Թրամփը, որն ավելի վաղ գրել էր, որ «ամբողջ քաղաքակրթությունը կվերանա այսօր գիշեր», եթե Իրանը չկարողանա համաձայնության գալ, նշել է, որ ԱՄՆ-ն Իրանից ստացել է 10 կետից բաղկացած առաջարկ, որը նա անվանել է «գործունակ հիմք բանակցությունների համար»։
Սակայն, երբ Թրամփին հարցրել են գործարքի խզման դեպքում Իրանի քաղաքացիական էլեկտրակայաններն ու կամուրջները ոչնչացնելու իր սկզբնական սպառնալիքների մասին, նախագահը պատասխանել է. «Դուք պետք է տեսնեք», - ասվում է AFP-ի հաղորդագրության մեջ։
Հաղորդվում է, որ Թրամփը պնդել է՝ Իրանի միջուկային ծրագրի հարցը կընդգրկվի ցանկացած խաղաղության համաձայնագրում։
Այլ մանրամասներ, սակայն, չեն հաղորդվում։
Իրանին տված վերջնաժամկետից 2 ժամ առաջ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը համաձայնել է Իրանի հետ երկշաբաթյա հրադադարի։ Իրանի արտաքին գործերի նախարար Աբբաս Արաղչին հայտարարության մեջ նշել է, որ Թեհրանը կդադարեցնի հակահարձակումները և կապահովի ջրային ուղիով անվտանգ անցում։
Պակիստանի վարչապետ Շեհբազ Շարիֆը, որը միջնորդել էր հրադադարի հարցում, X-ի գրառման մեջ նշել է, որ իրանական և ամերիկյան պատվիրակություններին ուրբաթ օրը հրավիրել է հանդիպելու Իսլամաբադում։ Իրանը հայտարարել է, որ ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունները կսկսվեն ուրբաթ օրը Իսլամաբադում։
ԱՄՆ-Իսրայել համատեղ հարձակումն Իրանի դեմ սկիզբ է առել փետրվարի 28-ին։ Իրանն ի պատասխան հարվածներ է հասցրել Իսրայելին և ամերիկյան ռազմաբազաներ ունեցող Ծոցի երկրներին։