Այս գիշեր ուկրաինական բանակը հրթիռային հարված է հասցել Բելգորոդին, հաղորդել է ռուսաստանյան մարզի նահանգապետ Վյաչեսլավ Գլադկովը: Նրա խոսքով՝ վնասվել են էներգետիկ ենթակառուցվածքի օբյեկտներ, Բելգորոդ քաղաքում և շրջանում էլեկտրամատակարարման, ջրամատակարարման և ջերմամատակարարման խափանումներ են սկսվել, օբյեկտներից մեկում հրդեհ է բռնկվել: Տուժածներ չկան:
Վոլգոգրադում ուկրաինական անօդաչու թռչող սարքերի հարձակումից հետո վնասվել է բազմահարկ բնակելի շենք, փշրվել են ապակիներ, տուժածներ չկան, գրել է նահանգապես Ադրեյ Բոչարովը:
Ուկրաինական անօդաչուների հարձակման է ենթարկվել նաև Մորդովիայի մայրաքաղաք Սարանսկը, տեղական իշխանությունների վկայությամբ՝ տուժածներ չկան:
Կրասնոդարի երկրամասի օպերատիվ շտաբը հաղորդում է, որ ուկրաինական անօդաչուների «բեկորների ընկնելու» հետևանքով հրդեհ է բռնկվել Տիխորեցկի արվարձանի նավթաբազայում: Նախնական տվյալներով՝ տուժածներ չկան: Տիխորեցկի շրջանում վնասվել են նաև երկու բարձրավոլտ հաղորդալարեր:
Տիխորեցկին մերձակա նավթաբազան հարձակման էր ենթարկվել նաև մարտի 12-ին, պատասխանատվությունը ստանձնել էր Ուկրաինայի Անվտանգության ծառայությունը:
Շաբաթ երեկոյան ուկրաինական անօդաչուների հարձակման մասին գրել է նաև Բրյանսկի նահանգապետ Ալեքսանդր Բոգոմազը: Նրա վկայությամբ՝ օրվա ընթացքում մարզի երկնքում ոչնչացվել է 128 անօդաչու թռչող սարք:
Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ գիշերը հակաօդային պաշտպանության ուժերը 170 ուկրաինական անօդաչու են որսացել Տվերի, Բրյանսկի, Բելգորոդի, Կալուգայի, Կուրսկի, Սմոլենսկի, Տուլայի, Ռոստովի, Վոլգոգրադի և Սարատովի մարզերի, ինչպես նաև Կրասնոդարի երկրամասի, Ադըղեայի Հանրապետության և Ղրիմի երկնքում: Երկու տասնյակից ոչ պակաս անօդաչուներ թռչում էին դեպի Մոսկվա: