Մատչելիության հղումներ

Ուկրաինան ցանկանում է, որ երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն


Ուկրաինան ցանկանում է, որ որպես անվտանգության երաշխիք երկրում ֆրանսիական և բրիտանական զորքեր տեղակայվեն, և դրանց ներկայությունն ամրագրվի Ռուսաստանի հետ խաղաղության հնարավոր համաձայնագրում, հայտարարել է Ուկրաինայի նախագահը։

«Ներկայությունը կարևոր գործոններից մեկն է. նույնիսկ «Կամավորների կոալիցիա»-ի գոյությունը կախված է նրանից, թե արդյոք նրանք պատրաստ են ուժեղացնել իրենց ներկայությունը»,- ինչպես հաղորդում է «Ուկրաինսկայա պրավդա»-ն, արևմտյան երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականների հետ հանդիպումից հետո երեկ հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։

Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրները զորք տեղակայեն Ուկրաինայում, ապա դրանք ռուսական զինուժի համար լեգիտիմ թիրախ կլինեն։

Զելենսկին նաև հայտարարել է, որ պատրաստ է քննարկել պատերազմի ժամանակ խաղաղության համաձայնագրի պայմաններով ընտրություններ և հանրաքվե անցկացնելու հնարավորությունը, որպեսզի ամերիկյան կողմն իրեն չմեղադրի փոխզիջման գնալուն պատրաստ չլինելու համար, և որպեսզի խուսափի Միացյալ Նահանգներին որպես գործընկեր կորցնելուց։

Գերագույն ռադայի «Ժողովրդի ծառա» խմբակցության ղեկավար Դավիթ Արախամիան և Ռադայի նախագահ Ռուսլան Ստեֆանչուկը իրենց հերթին հայտարարել են, որ նախագահական ընտրությունները և հնարավոր խաղաղության համաձայնագրի հաստատման վերաբերյալ հանրաքվեն կարող են անցկացվել միայն հրադադարի հաստատվելու դեպքում։

Այս ֆոնին ԱՄՆ նախագահը երեկ հայտարարել է, որ հիասթափված է Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի գործողություններից՝ Ուկրաինայում պատերազմը շարունակելու համար։ «Ես հիացած չեմ Պուտինով։ Նա չափազանց շատ մարդ է սպանում»,- երեկ Մար-ա-Լագո նստավայրում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Դոնալդ Թրամփը՝ պատասխանելով Ուկրաինայի մասին հարցին։

«Ես կարծում էի, որ Ռուսաստանի և Ուկրաինայի միջև պատերազմը կլինի ամենահեշտ լուծելիներից մեկը։ Այդպես չէ։ Նրանք երկուսն էլ վատ բաներ են արել: Անցյալ ամիս 30 հազար մարդ սպանվեց, հիմնականում զինվորներ, դրանից մեկ ամիս առաջ՝ 27 հազար։ Ես ուզում եմ դադարեցնել դա: Կարծում եմ՝ մենք առաջընթաց ենք գրանցում»,- ասել է Թրամփը։

Ռուսաստանն անցած շաբաթ հայտարարեց, որ կխստացնի իր դիրքորոշումը խաղաղության ամերիկյան պլանի շուրջ բանակցություններում այն բանից հետո, երբ Ուկրաինային մեղադրեց Վալդայում Վլադիմիր Պուտինի նստավայրին հարվածելու փորձ անելու համար։ Ուկրաինան հերքում, արևմտյան երկրները վիճարկում են Ռուսաստանի տեղեկատվությունը ենթադրյալ հարվածի փորձի մասին:

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG