Մատչելիության հղումներ

Ռուսաստանը հայտարարում է սահմանային «բուֆերային գոտու» ընդլայնման մասին

Լրացված

Չնայած Ուկրաինայի հերքմանը՝ Ռուսաստանն այսօր կրկին պնդել է, որ Վալդայում նախագահ Պուտինի նստավայրի վրա ուկրաինական անօդաչուների նպատակաուղղված հարձակում եղել է՝ չորս ուղղությունով:

Զենիթային զորքերի հրամանատար գեներալ-մայոր Ալեքսանդր Ռոմանենկովի պնդմամբ՝ դեկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը տեղի ունեցած հարձակմանը մասնակցել է 91 անօդաչու, որոնք դեպի Պուտինի նստավայր են շարժվել չորս մարզի՝ Բրյանսկի, Սմոլենսկի, Տվերի և Նովգորոդի օդային տարածքներով. «Կիևի ռեժիմի ահաբեկչական հարձակումը հետ մղելու արդյունքում Ռուսաստանի տարածքում զոհեր կամ ավերածություններ չեն եղել։ Ռուսաստանի նախագահի նստավայրին վնաս չի պատճառվել»:

Վալդայում իր կեցավայրի վրա ենթադրյալ հարձակումից հետո Վլադիմի Պուտինը հրամայել է 2026-ին ընդլայնել Ուկրաինայի Սումիի և Խարկովի շրջաններում Ռուսաստանի հետ սահմանի մոտ «բուֆերային գոտին»՝ խուսափելու Բելգորոդի և Կուրսկի գնդակոծումներից, հայտնել է Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Վալերի Գերասիմովը՝ նշելով, որ արդեն կարգադրել է կատարել նախագահի հրամանը:

Հարձակման մասին Ռուսաստանի պնդումը հիմնավոր չէ և դիտավորյալ է արվում՝ նպատակ ունենալով շեղել ուշադրությունը, հայտարարել է ԵՄ արտգործնախարարը: Կայա Կալլասի պնդմամբ՝ Մոսկվան ցանկանում է «խափանել Ուկրաինայի և նրա արևմտյան գործընկերների կողմից խաղաղության ուղղությամբ իրական առաջընթացը»:

«Ոչ ոք չպետք է հալած յուղի տեղ ընդունի անհիմն պնդումներն ագրեսորի, որը պատերազմի սկզբից ի վեր անխտիր թիրախավորել է Ուկրաինայի ենթակառուցվածքները և քաղաքացիական բնակչությանը», - սոցցանցում գրել է նա:

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, իր հերթին կրկին անդրադառնալով Մոսկվայի մեղադրանքներին, դարձյալ վստահեցրել է, որ հարձակման մասին պնդումը կեղծիք է: Զելենսկին ասել է, որ ամերիկացի գործընկերները միշտ կարող են իրենց տեխնիկական հնարավորություններով ստուգել դա։ Վաշինգտոնը Մոսկվայի պնդումը ո՛չ հերքել է, ո՛չ էլ հաստատել:

Ուկրաինայի նախագահը նաև հայտնել է, որ ԱՄՆ-ի առաջարկած անվտանգության երաշխիքների շրջանակում Դոնալդ Թրամփի հետ Մայամիում քննարկել է Ուկրաինայում ամերիկյան զորք տեղակայելու հնարավորությունը, թեև Ռուսաստանը բազմիցս հայտարարել է, որ եթե ՆԱՏՕ-ի անդամ երկրների զորքեր տեղակայվեն Ուկրաինայում, դրանք լեգիտիմ թիրախ կդառնան ռուսական զորքի համար:

«ԱՄՆ նախագահը պետք է հաստատի սա։ Սրանք ԱՄՆ-ի զորքերն են, ուստի հենց Ամերիկան պետք է նման որոշումներ կայացնի։ Իհարկե, մենք սա քննարկում ենք նախագահ Թրամփի և կամավորների կոալիցիայի ներկայացուցիչների հետ։ Մենք կցանկանայինք, որ դա տեղի ունենար», - ասել է նա։

Վլադիմիր Զելենսկիի փոխանցմամբ՝ Թրամփը խոստացել է Ուկրաինային օգնել հակաօդային պաշտպանության միջոցներով: Ուկրաինայի նախագահը տեղեկացրել է, որ հունվարի 3-ին Ուկրաինա կայցելեն կամավորների կոալիցիայի երկրների ազգային անվտանգության հարցերով խորհրդականները, որոնց հետ կքննարկվեն բոլոր փաստաթղթերը:

Ըստ նրա՝ հունվարին որոշ փաստաթղթեր արդեն պատրաստ կլինեն ստորագրման: Հունվարի 6-ին էլ Էմանյուել Մակրոնը Ֆրանսիայում Ուկրաինայի հարցով կկազմակերպի հանդիպում եվրոպացի առաջնորդների հետ, հայտնել է Զելենսկին: Այս ֆոնին եվրոպական երկրների առաջնորդները երեկ քննարկել են ուկրաինական խնդիրը: Եվրահանձնաժողովի նախագահը ասել է, որ «լավ քննարկում» են ունեցել: Ուրսուլա ֆոն դեր Լայենը նաև հայտարարել է, որ Ուկրաինայի համար անվտանգության գլխավոր երաշխիքը Եվրամիությանն անդամակցելն է:

«Ազատ Ուկրաինայի բարգավաճումը պայմանավորված է ԵՄ-ին նրա անդամակցությամբ։ Սա ինքնին անվտանգության կարևոր երաշխիք է։ Անդամակցությունից օգտվում են ոչ միայն ԵՄ-ին միացող երկրները, այլև ամբողջ Եվրոպան», - նշել է նա:

Գերմանիայի կանցլերն իր հերթին հայտարարել է, որ Եվրոպան պետք է ավելի վճռականորեն պաշտպանի իր շահերը, որպեսզի 2026-ին ապահովի խաղաղություն և բարգավաճում: Սակայն Ռուսաստանը շարունակում է իր ագրեսիվ պատերազմն Ուկրաինայի դեմ՝ օր-օրի ավելացող դաժանությամբ, հավելել է Մերցը:

«Եվ սա հեռվում ընթացող պատերազմ չէ, որը մեզ վրա չի ազդում։ Մենք ավելի ու ավելի հստակ տեսնում ենք, որ Ռուսաստանի հարձակումը ամբողջ Եվրոպայի դեմ ուղղված ծրագրի մի մասն էր և մնում է այդպիսին։ Ամեն օր Գերմանիան նույնպես ենթարկվում է դիվերսիայի, լրտեսության և կիբեռհարձակումների», - ասել է Մերցը:

Այս ընթացքում Ռուսաստանն ու Ուկրաինան շարունակել են փոխադարձ հարվածները: Ռուսական զինուժն անօդաչուներով գիշերը հարվածել է Օդեսայի մարզին, կա վեց վիրավոր, որից երեքը՝ երեխաներ, վնասվել են բնակելի շենքեր ու ենթակառուցվածքներ: 170 հազար մարդ մնացել է առանց էլեկտրաէներգիայի: Հարվածել են նաև Կիևի մարզին, որտեղ երկու բազմահարկ բնակելի շենք է վնասվել, կան տուժածներ։ Հարձակման են ենթարկվել նաև Խերսոնը, Սումին, Չեռնիգովը, որտեղ ևս կան տուժածներ:

Ուկրաինական զինուժն իր հերթին հարվածել է Կրասնոդարի երկրամասի Տուապսե քաղաքում գտնվող նավթավերամշակման գործարանին, կա երկու տուժած: Անօդաչուի հարվածից ևս մեկ մարդ տուժել է Մերձմոսկվայում: Ուկրաինական անօդաչուները հարձակվել են նաև Յարոսլավլի մարզի Ռիբինսկ քաղաքի վրա։

XS
SM
MD
LG