Մատչելիության հղումներ

Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմը դադարեցվի, բայց ոչ ցանկացած գնով. Զելենսկի

Ուկրաինան ցանկանում է, որ պատերազմը դադարեցվի, բայց ոչ ցանկացած գնով, հայտարարել է նախագահ Վլադիմիր Զելենսկին իր ամանորյա ուղերձում, հավելելով, որ չի ստորագրի «թույլ» խաղաղության համաձայնագիր, որը միայն կերկարաձգի պատերազմը։

«Ի՞նչ է ուզում Ուկրաինան։ Խաղաղություն։ Այո՛։ Ցանկացած գնո՞վ։ Ոչ։ Մենք ուզում ենք պատերազմի ավարտ, բայց ոչ Ուկրաինայի վերջ: Մենք հոգնե՞լ ենք։ Շատ։ Սա նշանակո՞ւմ է, որ մենք պատրաստ ենք հանձնվել։ Ամեն ոք, ով այդպես է կարծում, խորապես սխալվում է», - ասել է Զելենսկին։

Ուկրաինայի նախագահն ընդգծել է, որ «թույլ համաձայնագրերի վրա դրված ցանկացած ստորագրություն միայն պատերազմ է սնում»:

«Իմ ստորագրությունը կդրվի ամուր համաձայնագրի վրա։ Եվ հենց դրա մասին է հիմա յուրաքանչյուր հանդիպում, յուրաքանչյուր հեռախոսազանգ, յուրաքանչյուր որոշում. ապահովել ամուր խաղաղություն բոլորի համար, ոչ թե մեկ օրով, մեկ շաբաթով կամ երկու ամսով, այլ տարիներ շարունակ խաղաղություն», - հայտարարել է Զելենսկին

Ամանորի գիշերը ռուսական բանակը հարձակվել է Ուկրաինայի վրա ավելի քան 200 անօդաչու թռչող սարքերով, ըստ նախագահ Զելենսկու, թիրախում են եղել էներգետիկ օբյեկտները։ Կիևն էլ հայտարարել է, թե հարվածներ է հասցրել Ռուսաստանի «կարևոր օբյեկտներին», այդ թվում՝ Կրասնոդարում գտնվող Իլսկի նավթավերամշակման գործարանին ու Թաթարստանի Ալմետևսկայայի նավթավերամշակման գործարանին։

Մինչ այդ՝ տարեմուտի ուղերձում, Ռուսաստանի նախագահը հիմնականում խոսել է Ուկրաինայի դեմ պատերազմի ու դրա մասնակիցների մասին՝ կոչ անելով «գնալ առաջ ու հասնել դրված նպատակներին»։ Պուտինի Ուղերձում խաղաղության կամ հակամարտության խաղաղ կարգավորման մասին որևէ խոսք չկար։



Առնչվող թեմաներ
XS
SM
MD
LG