Մատչելիության հղումներ

Նոր քրեական վարույթ և գաղտնալսում՝ Սամվել Կարապետյանի ուժի դեմ. ընդդիմադիրները հերքում են ընտրակաշառքի կասկածները

Սամվել Կարապետյանի ասուլիսից կարճ ժամանակ անց Հակակոռուպցիոնը հայտարարեց նրա կուսակցությանը վերագրվող հերթական ընտրակաշառքի գործի մասին.

«Հայաստանի Հանրապետության հակակոռուպցիոն կոմիտեում իրականացվող քրեական վարույթով բացահայտվել են ընտրակաշառք տալու, ստանալու և անձանց ընտրական իրավունքի ազատ իրականացմանը խոչընդոտելու դեպքեր»:

Իրավապահները ձերբակալել են Սամվել Կարապետյանի թիմի հետ առնչություն ունեցող անձանց: Ըստ վարույթի՝ Օրենբուրգում ապրող հայ գործարարի կազմակերպմամբ «Ուժեղ Հայաստան»-ի օգտին քվեարկելու պայմանով ընտրողներին տարատեսակ խոստումներ են տրվել, օրինակ՝ զիջել պարտքերը, աշխատանքի ընդունել և ընտրակաշառքի այլ տարբերակներ են խոստացել:

Հակակոռուպցիոնը չի բացահայտում, թե քանի հոգու է ձերբակալել և ովքեր են նրանք: Նշվում է նաև, որ ձերբակալվածները փորձել են խոչընդոտել Սիսիանի բնակիչների ընտրական իրավունքի ազատ իրականացմանը՝ բռնություն գործադրելու սպառնալիքով:

Հակակոռուպցիոնի հաղորդագրությունն ուղեկցվում է հերթական գաղտնալսմամբ, որում ինչ-որ անձինք ինչ-ինչ գումարներից են խոսում, զրույցներ կան նաև զենք վերցնելու մասին: Թե ովքեր են այս մարդիկ և ինչ պայմաններում է իրականացվել գաղտնալսումը, իրավապահները չեն մանրամասնում:

«Կոտրվել-մոտրվել չլնի, ախպեր, մենք մեր հարցը պտի լուծենք: Մեր հետ եք՝ մեր հետ եք, մեր հետ չեք՝ հաստատ թշնամի եք, ախպեր», - հայտարարում էր գաղտնալսված անձանցից մեկը:

Չնայած օր-օրի ավելացող քրեական գործերին՝ Սամվել Կարապետյանն այսօր հերքեց գումար բաժանելու մասին իրավապահների պնդումները:

«Մենք՝ որպես առաջատար ուժ, կաշառք տալու կարիք չունենք: Մարդիկ ընդհանրապես Հայաստանում ներկա ռեպրեսիաների պայմաններում իրար հետ բարեկամական զրույց ունենալը դարձել է հանցագործություն, տանում են մարդկանց կալանքի: Դա ընդամենը գործող իշխանության ցնցումներն են, վախերն են, որը արտացոլվում է այդպիսի տեսքով», - հայտարարեց Կարապետյանը:

Հայ Առաքելական եկեղեցին «իր ձևով» պաշտպանելու հայտարարությունից հետո մեղադրյալի աթոռին հայտնված և քաղաքական հայտ ներկայացրած միլիարդատեր գործարարն այսօր նշեց՝ չի էլ լսել իր ուժին առնչվող գաղտնալսումները:

«Մենք պետք է հասկանանք՝ ո՞վ է ձայնագրում, ի՞նչ են ձայնագրում, խի՛ են ձայնագրում: Ես վստահ կարող եմ ասել՝ մենք ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում, քանի որ եթե մենք գոնե մեկ սխալ թույլ տված լինեինք, ամեն սխալի համար, մենք գիտենք, հարյուրավոր մարդիկ հայտնվելու են բանտերում», - ասաց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը:

Մինչդեռ այսօր գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը խորհրդարանի ամբիոնից զգուշացրեց՝ ընտրակաշառքների և ընտրակեղծիքների գործերով պայմանական ազատազրկում չկա, մեղադրյալները կդատապարտվեն:

«Ցանկացած փորձ՝ խեղաթյուրելու մարդու ազատ կամարտահայտությունը, հանդիպելու է կոշտ իրավական հակազդեցության, այդ թվում՝ ռեալ ազատազրկման ձևով», - հայտարարեց գլխավոր դատախազը:

Սամվել Կարապետյանի մոտ երկու տասնյակ թիմակիցներ ընտրություններին ընդառաջ մեղադրվում են նաև բարեգործության արգելքը խախտելու, ինչպես նաև հավաքին մասնակցելու հարկադրանքի և նյութապես շահագրգռելու հոդվածներով: Այս բոլոր գործերը վերջին շրջանում են հարուցվել, դատարան դեռ չեն հասել, իսկ մեղադրյալները հերքում են, թե օրենք են խախտել:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG