Մատչելիության հղումներ

Նոր քրեական գործ՝ «Ուժեղ Հայաստան»-ին առնչվող

Քննչական կոմիտեն հայտնում է, որ Շիրակի մարզային քննչական վարչությունում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում ընտանիքի անդամներից 4-ի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի հավաքին մասնակցելու նպատակով մի խումբ անձանց նյութապես շահագրգռելու համար:

Ըստ հաղորդագրության՝ խոսքը ապրիլի 11-ի հավաքի մասին է: Իրավապահների հաղորդմամբ՝ չորս անձինք «հավաքին մասնակցելու նպատակով նյութապես շահագրգռել են մի խումբ անձանց, այդ թվում՝ անչափահասներին, խոստանալով հավաքին մասնակցելուց հետո մասնակցության համար յուրաքանչյուրին տալ 10.000-ական դրամ»:

Քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության համաձայն՝ Շիրակի մարզի Արթիկ համայնքի Փոքր Մանթաշ բնակավայրից կազմակերպվել է մի խումբ անձանց տեղափոխումը Երևան, որտեղ «Ուժեղ Հայաստան» կուսակցության կողմից կազմակերպված հավաքին մասնակցելուց հետո նրանք վերադարձել են Փոքր Մանթաշ և «ստացել հավաքին մասնակցելու համար նախապես խոստացված 10.000-ական դրամ գումարները»:

Մեղադրանք է առաջադրվել 4 անձին, նրանցից մեկի նկատմամբ կիրառվել է տնային կալանքը և բացակայելու արգելքը, մյուս երկուսի նկատմամբ՝ վարչական հսկողությունը և բացակայելու արգելքը, իսկ անչափահասի նկատմամբ՝ դաստիարակչական հսկողությունը:

Կուսակցությունից առայժմ չեն մեկնաբանում Քննչական կոմիտեի հաղորդագրությունը:


XS
SM
MD
LG