Հակակոռուպցիոնն այսօր ձերբակալեց, ապա մեղադրանք առաջադրեց ընդդիմադիր «Ուժեղ Հայաստան» կուսակցության անվտանգության հարցերով թիմի ղեկավար, արցախյան պատերազմների մասնակից, Կանդազ մականվամբ հայտնի Արթուր Ավանեսյանին: Նախկին հետախույզը և նրա հետ ձերբակալված ևս երեք հոգի, որոնց անունները չեն հրապարակվել, մեղադրվում են ընտրակաշառքի հոդվածով: Պարզ չէ` արդյո՞ք միջնորդելու են, որ կալանավորեն ձերբակալվածներին:
«Փաստական տվյալներ են ստացվել այն մասին, որ «Ուժեղ Հայաստան» կուսակցության համակիրը 2026 թվականի հունիսի 7-ին կայանալիք Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրություններին իրենց օգտին քվեարկելու դիմաց մի շարք ընտրողների աշխատանքի ընդունելու և այլ եղանակով խոստացել է տալ կաշառք, որպիսի խոստումն ընդունվել է վերջիններիս կողմից», - ասված է Հակակոռուպցիոն կոմիտեի հաղորդագրությունում:
Ավելի ուշ իրավապահ կառույցը հրապարակեց գաղտնալսումներ, որտեղ ենթադրաբար Արթուր Ավանեսյանը Արցախի բարբառով խոսող տղամարդուն պատմում է, որ «Ուժեղ Հայաստան»-ի թիմում է, որ ընդդիմադիրների՝ իշխանության գալուց հետո լավ է լինելու, խոսում է ինչ-որ միջոցառմանը ներկայանալու կարևորության մասին:
Ըստ Հակակոռուպցիոնի հրապարակած ձայնագրության, Արթուր Ավանեսյանը քաղաքացուն դրական պատասխան է տալիս, երբ նա հարցնում է՝ իրեն պաշտոն կտա՞ բանակում: Հրապարակված գաղտնալսման մեջ քվեի դիմաց փող տալու մասին ակնկարկ չկա:
Մինչ քննիչները պնդում են, թե տվյալներ ունեն, որ Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի համակիրը իրենց օգտին քվեարկելու դիմաց ընտրողներին խոստացել է աշխատանքի ընդունել, «Ուժեղ Հայաստան»-ից հայտնում են, որ Արթուր Ավանեսյանը մեղքը չի ընդունում: Պատգամավորի թեկնածու Արեգա Հովսեփյանի խոսքով՝ Ավանեսյանի տանն իրականացվել է խուզարկություն, որի ընթացքում քրեական վարույթին առնչվող և առհասարակ ապօրինի որևէ բան չի հայտնաբերվել։
«Խուզարկության ընթացքում որևէ առարկա քրեական վարույթին առնչվող չի հայտնաբերվել, ավելին՝ ապօրինի որևէ առարկա չի հայտնաբերվել», - ասաց Հովսեփյանը:
«Ուժեղ Հայաստան»-ին առնչվող մեկ այլ վարույթի մասին այսօր առավոտյան հաղորդեց նաև Քննչական կոմիտեն: Շիրակի մարզի մի ընտանիքի չորս անդամ, այդ թվում՝ անչափահասը, մեղադրվում են հավաքին մասնակցելու համար նյութապես շահագրգռելու հոդվածներով: Ըստ իրավապահների՝ նրանք մի խումբ մարդկանց գումարի դիմաց առաջարկել են մասնակցել ապրիլի 11-ին Երևանի Ազատության հրապարակում «Ուժեղ Հայաստան»-ի հանրահավաքին: Գյուղից մայրաքաղաք տեղափոխվելուց, հավաքին մասնակցելուց հետո նրանց 10-հազարական դրամ են տվել:
Այս մի գործին ընդդիմադիր կուսակցությունը դեռ չի անդրադարձել:
Ընտրություններին ընդառաջ իրավապահների վարույթները Սամվել Կարապետյանի ուժի դեմ ավելանում են: Եվս մի քանի գործ էլ հարուցվել է բարեգործության արգելքը խախտելու, ընտրակաշառքի, ինչպես նաև հավաքին մասնակցելու հարկադրանքի և նյութապես շահագրգռելու հոդվածներով: «Ուժեղ Հայաստան»-ից հերքում են, թե ապօրինի քայլեր են արել: