Չկա որևէ ուժ, որ կարող է ինձ ունեզրկել, պնդեց «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանը՝ արձագանքելով վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարություններին:
Հայաստանի վարչապետը ապրիլին լրագրողների հետ ճեպազրույցում հայտարարել էր, թե վախենում է, որ Սամվել Կարապետյանը կարող է կորցնել ամբողջ ունեցվածքը:
«Ինչո՞ւ եմ վախենում, որովհետև կարծում եմ, որ ձեր նշած անձը այն խոստումները, որ տվել է որոշ շրջանակների, նաև Հայաստանից դուրս գտնվող շրջանակների, որոնք որոշակի լծակներ ունեն նաև իր ունեցվածքի, ակնհայտ է, որ իր ստանձնած պարտավորությունները չի կատարելու, և ակնհայտ է, որ այդ ամբողջ ունեցվածքը իր ձեռքից վերցվելու է: Ես դրա համար շատ ցավում եմ, որովհետև չէի ուզենա, որ որևէ տեղ հայկական համարվող որևէ կապիտալ զրոյացվեր»,- նշել է Փաշինյանը:
Հարցին՝ եթե չհաղթեն կվերցնե՞ն մանդատները, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդ Սամվել Կարապետյանն այդպես էլ հստակ չպատասխանեց, փոխարենը պնդեց, թե ինքը ընտրություններից հետո կլինի վարչապետ:
Կարապետյանը պնդեց, թե Նիկոլ Փաշինյանն ունի 25 տոկոսի հասնող վարկանիշ. «Ես հիմնվում եմ նաև Փաշինյանի բացարձակ ցածր ռեյտինգի վրա: Դրա համար մենք հիմա գնում ենք ընտրությունների օրինական ճանապարհով, թույլ չտալով ոչ մի ապօրինություն, բայց մենք վստահ ենք, տեսնում եք մեր նկատմամբ կիրառվող բոլոր ապօրինությունները: Իրենք ուրիշ ձև չունեն, 25 տոկոս ռեյտին ունենալով չեն կարող իշխանություն ունենալ Հայաստանում»:
«Մեզ պետք են մեկից ավելի երաշխավորներ». խաղաղության պայմանագրի և ԹՐԻՓ-ի մասին
Խաղաղության պայմանագրի վերաբերյալ «Ազատության» հարցին ի պատասխան Կարապետյանն ասաց. «Մենք հասկանում ենք, որ այսպիսի խաղաղությունը հայ ազգին, հայ ժողովրդին չի բավարարելու, մենք փոքր պետություն ենք, թեկուզ՝ հպարտ, մեզ պետք են մեկից ավելի երաշխավորներ, աշխարհում շատ չեն այդ երաշխավորները, աշխարհում կա ռեալ երեք գերտերություն՝ ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը: Կան տարածաշրջանային շահեր ունեցող պետություններ, մենք ունենալու ենք երաշխավորություն այդ պետություններից միաժամանակ՝ ում հետ կարող ենք պայմանավորվել, վստահ եմ՝ մեկից ավելի»:
Ինչ վերաբերում է ԹՐԻՓ-ին, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդը նշեց՝ չեն կանգնեցնելու պետական մակարդակով ստորագրված ոչ մի փաստաթուղթ. «Դա չի նշանակում՝ մենք անելու ենք ցանկացած բան, ինչ գրված է այնտեղ, մենք փորձելու ենք լավարկել այդ փաստաթուղթը: Ավելի համապատասխանեցնել մեր երկրի շահերին, քանի որ ես մտավախություն ունեմ, որ դրանից օգտվում են բոլորը բացի Հայաստանը»:
Արդյոք ՀԱՊԿ-ին որպես անվտանգության երաշխավոր դիտարկո՞ւմ է, թե՞ չէ, հստակ չպատասխանեց, փոխարենը նշեց, թե առնվազն մի երկիր պետք է որպես երաշխավոր ներգրավեն:
ՀԱԿ-ի հետ չստացված դաշինքի մասին
Թե ինչո՞ւ չստացվեց այլ քաղաքական ուժերի, այդ թվում՝ ՀԱԿ-ի հետ դաշինքը, Կարապետյանը բացատրեց, թե քննարկումներ շատ ուժերի հետ են ունեցել, բայց նկատել են օրակարգերի որոշակի տարբերություններ, և հենց դրա համար էլ չի ստացվել:
«Իրենք առաջարկել են իրենց օրակարգը, տեսել ենք, որ դրան մի քիչ չեն համապատասխանում, դրա համար մենք գնացինք մեր ճանապարհով, իրենք գնացին՝ իրենց»:
«Լևոն Տեր-Պետրոսյանի մասով կարող եմ ասել՝ ինքը փորձառու քաղաքական գործիչ է, և, ճանաչելով Փաշինյանին, ունի իր անհանգստությունները։ Մենք գնալու ենք մեր օրակարգով, բացարձակ հաղթանակի, և վստահ ենք, որ օրը գալու է, մենք ստանալու ենք հաղթողի մանդատը և ձևավորելու ենք կառավարություն», - նշեց «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Միլիարդատեր Սամվել Կարապետյանի առաջնորդած ուժի հետ դաշինք կազմելու Հայ ազգային կոնգրեսի ջանքերը ձախողվել էին: Չնայած տապալված բանակցություններին, առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի ղեկավարած ուժը հայտնում է, որ պատրաստ է համագործակցել «Ուժեղ Հայաստանի» և այլ ընդդիմադիր ուժերի հետ և՛ նախընտրական, և՛ հետընտրական փուլում՝ խորհրդարանում կոալիցիա կազմելու և «երկիրը վերահաս սպառնալիքներից փրկելու գործում»:
«Բոլոր այն երկրների հետ, որոնցից օգուտ կլինի, կկառուցեն լավ հարաբերություններ»
Լրագրողների դիտարկմանը՝ «Ձեզ ընկալում են որպես պրոռուսական ուժ, ինչպե՞ս եք բալանսավորված քաղաքականություն վարելուն», Սամվել Կարապետյանը պատասխանեց՝ բոլոր այն երկրների հետ, որոնցից օգուտ կլինի, կկառուցեն լավ հարաբերություններ:
Ինչ վերաբերում է ԵՄ-ին, «Ուժեղ Հայաստան»-ի առաջնորդն ասաց. «Այնտեղ սփյուռք կա և պարտավոր ենք այդ երկրների հետ ունենալ լավ հարաբերություններ, որ մարդիկ այնտեղ նորմալ ապրեն։ ցանկացած սխալ պահվածք պետության ղեկավարի կողմից սփյուռքի վրա անդրադառնում է շատ թանկ: Ինչ վերաբերում է ռուսամետությանը, ես չեմ համարում ՌԴ-ին մեզ թշնամի բայց ինձ կարևոր է Հայաստանի շահը»:
Նա ընդգծեց, որ «Թուրքիայի հետ ունենալու ենք նորմալ հարաբերություններ, բայց ՀՀ շահերից ելնելով»: «Ես հասկանում եմ, որ հենց բացեցինք սահմանը գյուղատնտեսություն չենք ունենա: Ինձ համար դա չի լինելու կյանքի խնդիր»:
Արձագանքելով հարցին՝ թե երկիրը տանելո՞ւ են միութենական պետություն, Սամվել Կարապետյանը ասաց. «Այդ խոսույթներն իրենց մասին են»
«Հենց Փաշինյանը վերընտրվի Ադրբեջանի գուբերնիա կդառնանք: Հիմա ինքը Ադրբեջանի մարզպետն է», - նշեց նա:
«Հայաստանի տնտեսությունն ամբողջությամբ կախված է ՌԴ-ից, ես ուզենամ էլ՝ ավելի բարձր մակարդակի չեմ կարող հասցնել: Իրենք հնարավորություն ունեն մի ստորագրությամբ դուրս գալ ՀԱՊԿ-ից, ինչո՞ւ դուրս չեն գալիս, վախենո՞ւմ են», - հայտարարեց Կարապետյանը:
Ընտրակաշառքի գործի մասին
Լրագրողներից մեկը մեջբերումներ արեց Հակակոռուպցիոն կոմիտեի ձայնագրություններից և հարցրեց՝ արդյոք այդ ենթադրյալ կաշառքը իր հրահանգով է: Սամվել Կարապետյանը պնդեց, թե իրենք գործում են օրենքի սահմաններում՝ «եթե ռեալ սխալ արած լինեինք, հարյուրավոր մարդիկ բանտերում կլինեի»:
«Մեր երկրում կաշառք տվողն էլ է գործող իշխանությունը, կաշառք վերցնողն էլ է գործող իշխանությունը: Մենք որպես առաջատար ուժ կաշառք տալու կարիք չունենք: Մենք ամեն ինչ անում ենք օրենքի սահմաններում»:
Կարապետյանն ընդգծեց՝ իրենք այլևս չեն տիրապետում իրավիճակին. «Իրենք ամեն բան հիմա անում են ոչ օրենքի սահմաններում, այդ անողները օրենքի սահմաններում պատասխան են տալու»:
Նա պնդեց, թե ինքն անգամ չի լսել այդ ձայնագրությունները, որովհետև համոզված է ապօրինություններ չեն արել: