Մատչելիության հղումներ

Ինչ է հայտնի Իրանի նոր առաջնորդի մասին

Լրացված

Ալի Խամենեիի սպանությունից ավելի քան մեկ շաբաթ անց Իրանի փորձագետների խորհուրդը նոր գերագույն առաջնորդ է ընտրել նրա որդուն՝ Մոջթաբա Խամենեիին: Իրանի պատմության մեջ առաջին անգամ է, որ հոգևոր առաջնորդին փոխարինում է նրա որդին: Այս պաշտոնում նա կունենա վերջնական խոսքի իրավունք քաղաքական և ռազմական բոլոր հարցերում։

56-ամյա Մոջթաբա Խամանեին խորհրդավոր ֆիգուր է. նա հիմնականում գործել է կուլիսների ետևում, հազվադեպ է հայտնվել հանրության մեջ և մեծ հենարան ունի ուժային կառույցներում:

Այդուհանդերձ, Մոջթաբա Խամենեիի նշանակումը շատերի մոտ է հարց առաջացրել, թե ինչպե՞ս կարող է այս ճգնաժամի պարագայում երկիրը կառավարել մի մարդ, որը ոչ պետական ինստիտուտներ ղեկավարելու լուրջ փորձ ունի, ոչ էլ ներքին կամ միջազգային լեգիտիմություն:

Իրանի անվտանգության ծառայության ղեկավար Ալի Լարիջանին վստահեցրել է, որ Մոջթաբա Խամենեին կարող է ղեկավարել երկիրն այս դժվարին պայմաններում և կոչ է արել համախմբել նրա շուրջ:

Իրանի նոր գերագույն առաջնորդին արդեն շնորհավորել են Ռուսաստանի և Հայաստանի առաջնորդները: Իրանական աղբյուրներում տեղացիները հիմնականում աջակցությունն են հայտնում նոր առաջնորդին:

«Շատ ուրախ ենք, որ առաջնորդն այժմ ընտրվել է։ Հիմա վստահ ենք, որ նրա առաջնորդությամբ մեր ուղին կշարունակվի», - նշել է Թեհրանի բնակիչներից մեկը։

Մեկ այլ բնակիչ էլ ասել է. «Լսեցի, որ նա է ընտրվել որպես առաջնորդ։ Շատ ուրախ եմ։ Կարծում եմ, որ նա ամենաարժանին է շիա ազգն առաջնորդելու համար»:

Իրանցիներից ոմանք էլ դեմ են նոր գերագույն առաջնորդին: Համացանցում տարածված տեսանյութում լսվում է, թե ինչպես են իրանցիները վանկարկում «Մահ Մոջթաբային»:

Իրանի զինված ուժերն արդեն հավատարմության երդում է տվել նոր առաջնորդին: Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսն էլ հայտարարել է՝ պատրաստ հետևել Խամենեիի հրամաններին։

«Տեսնենք, թե ինչ կլինի». Թրամփ

Նոր գերագույն առաջնորդի ընտրության մասին հայտնի դառնալուց կարճ անց Times of Israel-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահը հրաժարվել է ուղիղ մեկնաբանել նրա ընտրությունը, միայն ասել է՝ «տեսնենք, թե ինչ կլինի»։ Սակայն Fox News-ը հաղորդում է, թե Դոնալդ Թրամփը «դժգոհ» է այս որոշումից:

Դոնալդ Թրամփը նաև ասել է, որ պատերազմը դադարեցնելու որոշումը կկայացվի Իսրայելի վարչապետի հետ համատեղ։

Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին, սակայն մերժել է հրադադարի հնարավորությունը՝ շեշտելով, որ հակամարտության պետք է «վերջնականապես ավարտ»։ Արտգործնախարարության խոսնակն էլ հայտարարել է, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ցանկանում են մասնատել Իրանը և ապօրինաբար տիրանալ երկրի նավթային պաշարներին: Իսմայել Բաղային նաև ԱՄՆ-ին մեղադրել է բանակցությունները «տորպեդահարելու» համար:

ԱՄՆ պաշտպանության նախարարն էլ CBS-ին տված հարցազրույցում ասել է, որ ԱՄՆ-ն դեռ չի դիմել լուրջ գործողությունների՝ Իրանի դեմ ռազմական արշավում իր նպատակներին հասնելու համար: Փիթ Հեգսեթը պնդել է, թե ամեն ինչ նոր է սկսվում, իսկ ԱՄՆ-ն ավելի մեծ հնարավորություններ ունի, քան Իրանը և պատրաստ է պատերազմել այնքան, որքան անհրաժեշտ է հաջողության հասնելու համար. «Ոմանք կարծում են, թե մեր կամքը, հնարավորությունները կամ զինամթերքը կարող են սահմանափակ լինել։ Նրանք սխալվում են։ Իրանցիները սխալվում են և սխալ հաշվարկ են անում... Մենք դեռ նոր ենք սկսել պատերազմը»:

Իրանն ու Իսրայելը փոխադարձ հարվածներ են հասցրել միմյանց

Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտարարել է, որ պատրաստ է հետևել Խամանեի հրամաններին։
Իրանի զինված ուժերն էլ հավատարմության երդում է տվել նոր առաջնորդին և արդեն նրա պաշտոնավարման ներքո առաջին հարվածներն է հասցրել Իսրայելին: Իրանական պետական հեռարձակողը սոցցանցում հրթիռի լուսանկար է հրապարակել՝ «Ծառայում ենք ձեզ, Սեյիդ Մոջթաբա» գրությամբ:

Իրանը նաև շարունակել է հարվածները Ծոցի երկրներին: Քուվեյթում հարվածել են միջազգային օդանավակայանին, կա երկու զոհ: Բահրեյնում էլ հարվածել են ջրի աղազրկման և երկրի ամենամեծ նավթավերամշակման գործարանին: Բահրեյնում առնվազն 32 վիրավոր կա:

Թուրքիան հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի ուժերն իր օդային տարածքում իրանական երկրորդ բալիստիկ հրթիռն են խոցել: ԱՄՆ-ն էլ իր քաղաքացիներին կոչ է արել լքել Թուրքիայի հարավ-արևելքը և Ադանայում ԱՄՆ հյուպատոսության աշխատակիցների մի մասին կոչ է արել դուրս գալ երկրից:

Իսրայելի բանակն էլ հայտարարել է, որ հարվածել է Իրանի կենտրոնական շրջաններին, նաև Թեհրանին և Սպահանին, կան վիրավորներ: Թիրախավորել են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսին պատկանող բազաներ, հրամանատարական կենտրոն, այդ թվում՝ ոստիկանության շտաբ:

Իրանի պաշտոնական տվյալներով՝ պատերազմի հետևանքով վերջին ինը օրում զոհվել է ավելի քան 1255 մարդ, վիրավորվել՝ 12,000-ը: Իսրայելում զոհերի թիվը, դարձյալ պաշտոնական տվյալներով, 13 է, վիրավորներինը մոտ 2000:

Իսրայելը նաև շարունակել է հարվածները Իրանի աջակցությունը վայելող «Հեզբոլա»-ի օբյեկտներին Լիբանանի մի քանի շրջաններում, այդ թվում՝ Բեյրութում, կան զոհեր և վիրավորներ: Արևմուտքի կողմից ահաբեկչական ճանաճված «Հեզբոլա»-ն իր հերթին հայտարարել է, որ հարավում հարվածել է Իսրայելի բանակին:

Լիբանանում Իսրայելի գործողությունների հետևանքով առ այսօր զոհվել է 394, այդ թվում՝ 83 երեխա, վիրավորվել 1000-ից ավելի մարդ, այդ թվում՝ 254 երեխա։ Պատերազմի հետևանքով տեղահանվել է կես միլիոնից ավելի մարդ, 2 տարով հետաձգվել են մայիսին նախատեսված խորհրդարանական ընտրությունները:


XS
SM
MD
LG