21:55
Հայրապետին հրաժարեցնելու մեկ պատճառ կա. երբ սկսի հակառակ դավանանք քարոզել. Տեր Ասողիկ քահանա
21:50
Ինչու էին քաղաքացիները Մայր Աթոռ եկել
20:12
Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու քահանա Տեր Վրթանեսը սուր մկանային ինֆարկտ է ստացել:
Հայր Զաքարիա ծայրագույն վարդապետ Բաղումյանը հայտնել է, որ Վրթանես քահանայի կյանքին վտանգ չի սպառնում, քիչ հետո կստենտավորեն: Քահանայի ինքնազգացողությունը վատացել էր, նրան հոսպիտալացրել էին:
18:45
Տեղում վատացավ Տեր Վրթանես քահանա Բադալյանի ինքնազգացողությունը: Նրան տեղափոխեցին շտապ օգնությամբ:
Վատացավ նաև լրագրողներից մեկի ինքնազգացողությունը, նրան պարեկային մեքենայով տեղափոխեցին:
Տեղում աշխատող լրագրողները նշում էին՝ ոչ ոստիկանական հագուստով անձինք կոպիտ կերպով փորձում էին «համակարգել» իրավիճակը:
Ոստիկանապետը չպատասխանեց հարցին՝ ովքեր էին այդ մարդիկ, նշեց միայն՝ «նշանակում է՝ իրենք համազգեստով ծառայություն իրականացնող չէին»:
18:25
Գարեգին Երկրորդը իր ելույթում նշեց, որ առկա խնդիրները լուծվում են կանոնական կարգով: Նա հորդորեց սրբազան հայրերին վերադառնալ կանոնական դաշտ:
«Այսօր տագնապալի օրեր ենք ապրում, այս պայմաններում փոխանակ հանրության մեջ հաշտության, հանդուրժողականության, միասնության հոգին զորացնելու, ընդհակառակը՝ շարունակվում են հարձակումները մեր եկեղեցու դեմ: Սուրբ Էջմիածնի հանդեպ հերթական ոտնձգությունը կատարվեց այսօր, ցավոք նաև մեր երոշ եկեղեցականների միջոցով», - հայտարարեց վեհափառ հայրապետը:
«Այս աղմուկը, որ բարձրացվում է եկեղեցում, երբեք չի կարող խաթարել մեր առաքելությունը, մեր ծրագրերը, որոնք կոչված են մեր երկրի շինության, մեր եկեղեցու պայծառության համար»,- ասաց նա:
18:20
10 եպիսկոպոսները, որոնք հրավիրել էին այսօրվա հավաքը, դրա մեկնարկից ավելի քան կես ժամ անց դուրս եկան Մայր Աթոռի մոտ հավաքված հազարավոր հավատացյալների առջև, տեղեկացնելով, որ վեհափառի հրաժարականի պահանջով նամակ են հանձնել քարտուղարություն։
«Մեր առաքելությունն այս պահին ավարտված է։ Հաջորդ անգամ մենք այստեղ լինելու ենք ձեզ հետ միասին՝ Մայր Տաճարից աղոթելու մեր ժողովրդի, ազգի, հոգևոր դասի ամրապնդման և պայծառության համար», - ասաց Բալթյան երկրների թեմի առաջնորդ Վազգեն արքեպիսկոպոս Միրզախանյանը:
Նրա ելույթի ժամանակ հավատացյալներից շատերը սուլում էին, ոմանք գոռում էին «Հուդա»:
18:15
Հավաքը հրավիրած ու կաթողիկոսի հրաժարականը պահանջող բարձրաստիճան հոգևորականները ժամանեցին Մայր Աթոռ: Նրանց մոտենալ լրագրողներին չի հաջողվում:
17:50
Սուրբ Էջմիածնում ժամերգություն է ընթանում, որին մասնակցում է նաև Գարեգին Երկրորդ կաթողիկոսը:
Դեռևս այստեղ չեն նկատվում այն եպիսկոպոսները, որոնք հրավիրել էին այս հավաքը: Կարգալույծ քահանա Ասատրյանը լրագրողներին ասաց, որ նրանք հավանաբար արդեն տեղում են կամ շուտով կժամանեն:
17:37
Հովհաննավանքի կարգալույծ քահանա Ստեփան (Արամ) Ասատրյանը, ում Էջմիածինն արգելել է եկեղեցական ծեսեր կատարել, ևս այստեղ է: Լրագրողներին ասաց՝ եկել են եկեղեցին ազատագրելու:
«Ոստիկաններն էլ այնտեղ են, որտեղ իրենց ժողովուրդն է», -մեկնաբանելով մեծաթիվ ոստիկանների առկայությունը՝ ասաց նա:
17:25
Կաթողիկոս Գարեգին Երկրորդի գլխավորությամբ թափորը դուրս եկավ վեհարանից և շարժվեց դեպի Մայր Աթոռ:
Մինչ այդ նրա աջակիցներն ու հրաժարականը պահանջողները տարբեր կողմերում են կանգնած:
16:55
Մայր Աթոռում այս պահին ստեղծվել է հետևյալ իրավիճակը՝ ոստիկանական շղթայից այն կողմում հավաքված են կաթողիկոսի հեռացումը պահանջողները, մյուս կողմում՝ նրան աջակցողները:
Առաջին խումբը բացականչում է «հեռացիր», երկրորդը՝ «վեհափառ»:
Այստեղ են նաև իշխանության ներկայացուցիչներ, ընդդիմադիր պատգամավորներ:
16:47
Սաղմոսավանքի հոգևոր հովիվ Տեր Փառեն քահանա Առաքելյանը լրագրողների հետ զրույցում, մինչդեռ, պնդեց վեհափառը մինչև իր կյանքի վախճանը մնալու է Ամենայն Հայոց կաթողիկոս:
«Այսօր Վեհափառ Հայրապետի գլխավորությամբ աղոթք է լինելու, որից հետո գնանք տուն, ամեն մեկս մեր հանգստի»,- ասաց նա՝ արձագանքելով վարչապետի այսօրվա հայտարարություններին:
Փաշինյանն այսօր հայտարարել էր, որ Հայաստանյայց Առաքելական եկեղեցին «պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից (կաթողիկոսի աշխարհիկ անունը-խմբ.) ու Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից»:
16:31
«Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջնորդ, նախկին ՄԻՊ Արման Թաթոյանը ևս վստահություն հայտնեց, որ եպիսկոպոսների հավաքի «հետևում վարչապետն է կանգնած»: Նրա նպատակն, ըստ Թաթոյանի, եկեղեցին վերահսկողության տակ առնելն է:
Նիկոլ Փաշինյանը, հիշեցնենք, մի քանի ամիս է՝ հայտարարում է, որ կաթողիկոսը խախտել է կուսակրոնության ուխտը և պետք է հեռանա:
16:15
Մայր Աթոռ են շարունակում ժամանել քաղաքացիներ: Ժամը 17-ին այստեղ նախատեսված է ժամերգությունը:
Քիչ առաջ այստեղ եկավ նաև «Մեր ձևով» շարժման համակարգող, կալանավորված գործարար Սամվել Կարապետյանի եղբորորդի Նարեկ Կարապետյանը: Լրագրողների հետ զրույցում նա նշեց, որ այս քայլով Փաշինյանը ցանկանում է աշխարհին ցույց տալ, որ չի պայքարում եկեղեցու դեմ:
«Բայց բոլորս գիտենք, որ նա սրբազաններին, քահանաներին կալանավորում է և պայքարում է եկեղեցու անկախության դեմ», - ասաց նա՝ հավելելով, որ կաթողիկոսին հանգստյան գնալու կոչով հանդես եկող բարձրաստիճան հոգևորականների դեմ իշխանությունը «կոմպրոմատներ ունի»:
15:38
Մայր Աթոռ սուրբ Էջմիածնում մեծաթիվ ոստիկանական ուժեր են կենտրոնացած վարչապետին միացած եպիսկոպոսների հայտարարած հավաքին ընդառաջ:
ՀՀ ոստիկանապետ Արամ Ղազարյանը լրագրողների հարցին, թե որն է այսքան շատ ոստիկանների ներկայության պատճառը, հնարավո՞ր են բախումներ, միայն արձագանքեց, որ անհրաժեշտություն լինելու դեպքում ներկա են լինում:
«Մայր Աթոռը բոլորինս է», - ասաց նա:
Այլ հարցերի խոստացավ հետո պատասխանել:
Նախօրեին Հայ Առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դիմել էին ժողովրդին՝ դեկտեմբերի 18-ին հրավիրելով Մայր Աթոռ սուրբ Էջմիածին։ Ավելի ուշ Արագածոտնի թեմը հայտնել էր, որ Բյուրականի սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռում:
ՆԳՆ-ն այսօր հայտարարությամբ էր հանդես եկել՝ նշելով, որ Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո սոցցանցերում և հանրային հարթակներում հայտնվել են սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ։ Նախարարությունը հորդորել է զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:
Մայր Աթոռը իր խորը մտահոգությունն է հայտնել եպիսկոպոսների հայտարարության պատճառով, զգաստության կոչ ուղղել «վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս այսօր ճեպազրույցում անդրադարձավ այս հավաքին՝ հայտարարելով՝ բացառում է բախումների հավանականությունը:
«Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով», - նշեց նա:
Փաշինյանը պնդեց՝ չի ուղղորդում, բայց աջակցում և ողջունում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումը պահանջած տասը եպիսկոպոսների գործողությունները: