Արշակ արքեպիսկոպոսի քեռու ընտանիքը նույնպես հայտնվել է իրավապահների թիրախում, ահազանգում է սրբազանի փաստաբան Արսեն Բաբայանը: Նրա տեղեկությամբ՝ երեկ առավոտյան խուզարկել են Մայր Աթոռի դիվանապետի քեռակնոջ տունը, զուգահեռ՝ ուժայինները նաև սրբազանի զարմուհու՝ ընտանիքի հետ առանձին ապրող քեռու դստեր տուն են մտել:
«Առգրավել են բոլոր հեռախոսները և համակարգիչները՝ առանց որևէ պատճառաբանության, ընդ որում՝ պարտադրել, պահանջել են նաև, որպեսզի հեռախոսների վրա առկա գաղտնաբառերն ասեն», - փոխանցեց Բաբայանը:
Ըստ նրա՝ սրբազանի հարազատներին արգելել են անգամ կապ հաստատել փաստաբանի հետ, իսկ տներից մեկի խուզարկության վերաբերյալ դատարանի որոշումը, ապա՝ արձանագրությունը հրաժարվել են ցույց տալ: Խուզարկություններն, ըստ Բաբայանի, իրականացվում են սրբազանին վերագրվող ինտիմ տեսանյութի վարույթով, ոչ թե թմրանյութերի գործով:
«Փաստացի՝ տուժողի նկատմամբ և նրա ընտանիքի անդամների նկատմամբ է իրականացվում էս տեսակ բիրտ մեթոդներ, կոշտ միջոցներ: Գալիս է վկայելու, որ քննչական մարմնի նպատակը իշխանության ցանկություն կատարելն է, մասնավորապես՝ Արշակ սրբազանին, նրա ընտանիքի անդամներին ճնշելը, և հաշվի առնելով նաև ձեռագիրը այս իշխանության՝ վերջնական արդյունքում որպեսզի Արշակ սրբազանին ստիպեն, պարտադրեն հետ կանգնի իր գաղափարներից», - հայտարարեց փաստաբանը:
Կալանավորումից օրեր առաջ Արշակ սրբազանը հաստատել էր՝ տեսանյութի գործով իր քեռակնոջը նույնպես կանչել են Քննչական կոմիտե, և նա էլ է պնդել, որ այդ տեսանյութում ինքը չէ: Այժմ, ըստ փաստաբանի, իրավապահները փորձում են առաջ մղել տեսանյութի պատրաստման, տարածման ընտանեկան վարկածը, թեպետ, վստահ է՝ իրավապահներն իրենք էլ գիտեն, որ տեսանյութը կեղծ է, ինչպես նաև թմրամիջոցների գործը, որով կալանավորվեց սրբազանը:
«Իշխանությունն է իրականացնում էս ամբողջը, որպեսզի Արշակ սրբազանի նկատմամբ հանրային ատելություն տարածի», - պնդեց Արսեն Բաբայանը:
Արքեպիսկոպոսի հարազատների տների խուզարկությունների վերաբերյալ Քննչական կոմիտեն ոչինչ չի ասում, հրաժարվում են հոգևորականների վերաբերյալ քրեական գործերից որևէ տեղեկատվություն տրամադրել:
Երեք արքեպիսկոպոսները նամակ են հղել մեկուսարանից
«Հանցագործները կզբաղեցնեն այն տեղը, ուր ապօրինի կերպով գտնվում ենք մենք՝ խղճի կալանավորներս»,- ասված է ԱԱԾ շենքի նկուղի նույն մեկուսարանում գտնվող Միքայել, Բագրատ և Արշակ սրբազանների նամակում: Նրանք «հանցագործ» ու «զինված բանդա» են անվանում նրանց, որ «կիրակի օրերը եկեղեցիներ են զավթում», այնտեղ «սատանայական պաշտամունքներ անում»:
«Այս հանցավոր բանդան գլխավորում է վարչապետի պաշտոնն զբաղեցնող, անհայտ դավանանքի տեր մի անձ, ով զինված մարդկանց ուղեկցությամբ, բացահայտ և անթաքույց լկտիությամբ, թափանցում է իր իրավասության տակ չգտնվող եկեղեցու սակրալ տարածքներ՝ խախտելով կրոնական ազատության սահմաններն ու սեփականության իրավունքի անձեռնմխելիությունը», - ասված է նամակում:
Կալանավորված արքեպիսկոպոսների ձևակերպմամբ՝ «բանդային, նախարար-պատգամավոր-զանազան արկածախնդիրներին միացած» հոգևորականներն էլ իրենց օծումը ոտնահարել ու Աստծո դատաստանին են արժանացել:
Կաթողիկոսի հեռացումը պահանջող եպիսկոպոսները կոչ են անում չթիրախավորել իրենց
Իսկ Կաթողիկոսի հեռացումը պահանջող եպիսկոպոսները իրենց մեղադրողներին կոչ են անում զերծ մնալ վիրավորական խոսույթից, չթիրախավորել իրենց: Նրանք այսօր ևս մեկ հայտարարություն են տարածել, որով նախատեսված եպիսկոպոսաց ժողովի հետաձգումը չհիմնավորված են համարում: Ժողովը Մայր Աթոռն էր հետաձգել՝ հարմար չհամարելով «եկեղեցականների նկատմամբ բռնաճնշումների այս մթնոլորտում» հավաքի անցկացումը: «Ափսոս, մեր հարցերը անպատասխան մնացին». Վեհափառի դեմ ընդվզած եպիսկոպոսները սպասում էին այս ժողովին:
«Մեկ անգամ ևս ՎԵՐԱՀԱՍՏԱՏՈՒՄ ԵՆՔ ենք մեր հիմնավոր և արդարացի դիրքորոշումը, որ ԱՆՀՐԱԺԵՇՏ Է հիմնարար լուծում տալ մեր պետության և Սուրբ եկեղեցու շուրջ ծավալվող անընդունելի երևույթներին», - հայտարարում են եպիսկոպոսները:
Քաղհասարակության ներկայացուցիչներն ապօրինի են համարում իշխանության փորձերը՝ խառնվելու եկեղեցական կյանքին
Հոգևոր ու աշխարհիկ վերնախավերի բախման 7-րդ ամսում երրորդ հայտարարությունն են տարածում հայաստանյան քաղհասարակության ներկայացուցիչները, այս անգամ՝ ավելի ընդլայնված կազմով: Ապօրինի են համարում իշխանության փորձերը՝ խառնվելու եկեղեցական կյանքին: Գրում են՝ կոպիտ խախտվում է եկեղեցու՝ Սահմանադրությամբ ու միջազգային կոնվենցիաներով պաշտպանված ինքնավարության իրավունքը: Եկեղեցու դարերով ձևավորված կանոնները իշխանությունը փորձում է փոխել, ընտրովի արդարադատություն է իրականացվում հոգևորականների նկատմամբ, նրանց անձնական կյանքի վերաբերյալ տեղեկություններն ապօրինի տարածվում են, ասված է հայտարարությունում:
«Խստորեն դատապարտելի է ուժային կառույցների, ներառյալ Ազգային անվտանգության ծառայության, կողմից Եկեղեցու սպասավորների նկատմամբ ճնշման գործադրումը։ Նման գործելաոճը ոչ միայն պետական պաշտոնատար անձի լիազորությունների չարաշահում է, այլև Ազգային անվտանգության ծառայության գործունեության նպատակներից և խնդիրներից անթույլատրելի շեղում», - հայտարարում են քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները:
Եթե ԱԱԾ-ականը քահանային է մոտենում Վեհափառի անունը պատարագի տեքստից չեզոքացնելու Փաշինյանի պայմանը ներկայացնելու համար, սա ոչ թե ճնշում, այլ խնդրանք էր համարել վարչապետն ինքը, հիմնավորել՝ ԱԱԾ-ն կարող է գործին խառնվել, որովհետև Գարեգին Երկրորդը ազգային անվտանգության հարց է:
Իրավապաշտպան, «Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների» հասարակական կազմակերպության իրավական հարցերով փորձագետ Աննա Մելիքյանն ընդգծում է. - «Մեր օրենսդրությունը սահմանում է՝ ազգային անվտանգության խնդիրները որոնք են, և եթե նման հիմքեր կան ենթադրելու, որ իրոք կան որևէ վտանգներ, դրա գործիքակազմը լրիվ այլ պետք է լինի»:
Իրավապաշտպանները դատապարտելուց բացի պահանջներ ունեն՝ վարչապետը Սահմանադրություն, օրենքներ խախտող գործողություններից պիտի ձեռնպահ մնա, չխառնվի եկեղեցու գործերին ու իրավապահների վրա ոչ իրավաչափ ազդեցություն չունենա: Հիշեցում կա նաև Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի համար. նրա գործն է հետևել Սահմանադրության պահպանմանը:
Վարչապետը պնդում է՝ Կաթողիկոսին հեռացնելու է իր հեղինակած ճանապարհային քարտեզով
Այսօր էլ Բեռլինից է Նիկոլ Փաշինյանը սրտիկ ուղարկել ու լավ օր մաղթել, ժամեր անց պարզ դարձավ՝ իրավապաշտպանների կոչը նշանակություն չունի, վարչապետը Կաթողիկոսին հեռացնելու է Վեհարանից իր իսկ հեղինակած ճանապարհային քարտեզով. առաջին կանգառում տեղապահ են ընտրելու եպիսկոպոսները, ինչպես եկեղեցական կանոնն է, որովհետև վարչապետն այստեղ այլ առաջարկ չունի:
«Կաթողիկոսական տեղապահի առաջնային գործը պետք է լինի Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու նոր կանոնագրքի ընդունման պրոցեսի կազմակերպումը», - հայտարարեց Փաշինյանը:
Թափանցիկ եկեղեցի, բարեվարք եկեղեցականներ. վարչապետը գերմանական այցի ընթացքում էլ է առաջ մղել գլխավոր օրակարգը: Վստահեցրել է՝ եկեղեցու դեմ պայքար չի մղում: Հիսուսը իր սիրտն է: