Մատչելիության հղումներ

Մայր Աթոռը զգաստության կոչ է անում հավաքի նախաձեռնություն ստանձնած Սրբազան Հայրերին


Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը խոր մտահոգությունն է հայտնում տասը եպիսկոպոսների հերթական հայտարարության պատճառով հանրության մեջ առաջ եկած ընդվզումների առիթով։

Մայր Աթոռը զգաստության կոչ է ուղղում «վտանգաշատ հավաքի նախաձեռնությունը ստանձնած Սրբազան Հայրերին»։

«Պետք է դրսևորել պատասխանատվություն՝ զերծ պահելու ժողովրդին աղետաբեր հուզումներից և գործել բացառապես Եկեղեցու կանոնական ընթացակարգերով։ Հարկ չկա շահարկելու ժողովրդի նվիրական զգացումները և հայտնի կեղծ օրակարգով հակառակություններ սերմանել Եկեղեցու բարեպաշտ զավակների մեջ՝ խաթարելով հայոց հոգևոր կենտրոնի խաղաղությունն ու աղոթական միջավայրը», - ասված է հայտարարությունում։

Մայր Աթոռը հորդորում է հավատավոր ժողովրդին պահպանել հանդարտություն և չտրվել սադրիչ հայտարարությունների ազդեցությանը։

Նախօրեին Հայ առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դիմել էին ժողովրդին՝ դեկտեմբերի 18-ին հրավիրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ավելի ուշ Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հայտնել էր, որ Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը:

ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո սոցցանցերում և հանրային հարթակներում հայտնվել են սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ։ Նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին:



Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG