Եպիսկոպոսաց ժողովը ժամանակավորապես հետաձգվում է՝ պայմանավորված բռնաճնշումներով, հայտարարում է Մայր Աթոռը:
«Նկատի ունենալով Հայաստանում տիրող ներկա իրավիճակը, մասնավորապես եկեղեցականների նկատմամբ իրականացվող բռնաճնշումները, այդ թվում՝ կալանավորումները, ընդառաջ եպիսկոպոսների խնդրանքին՝ Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությամբ եպիսկոպոսաց ժողովի գումարումը ժամանակավորապես հետաձգվում է», - ասված է հաղորդագրության մեջ։
Կաթողիկոսը դեկտեմբերի 10-12-ը եպիսկոպոսաց ժողով էր հրավիրել՝ «քննության առնելու Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու շուրջ վերջին զարգացումները և ներեկեղեցական կյանքին առնչվող հարցեր»:
Ներկայումս կալանավորված է 4 սրբազան:
Նոյեմբերի 4-7-ը կայացած ժողովի արդյունքներով Մայր Աթոռի տարածած հաղորդագրության համաձայն՝ Գերագույն հոգևոր խորհուրդը խստորեն դատապարտել էր «եկեղեցու և եկեղեցականների իրավունքների նկատմամբ իրականացվող բացահայտ ապօրինի ոտնձգություններն ու ճնշումները»:
Նոյեմբերի 27-ին վարչապետի հետ հանդիպած ութ եպիսկոպոսներից և արքեպիսկոպոսներից մի քանիսի բացակայության պատճառով հաջորդ օրը տապալվել էր Գերագույն հոգևոր խորհրդի ժողովը: Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը այնուհետև հայտարարել էր՝ դատապարտում են այդ կեցվածքը, բայցև կոչ անում եկեղեցականներին վերադառնալ կանոնական դաշտ, իրենց մտահոգություններն արծարծել եկեղեցու ներսում, չխաթարել եկեղեցու միաբանությունը:
Նույն օրերին արտահոսած հայտարարության մեջ 13 բարձրաստիճան հոգևորականներից ինը Ամենայն Հայոց կաթողիկոսին անվանել էին «սրբապղծության հովանավոր»՝ կոչ անելով մյուս եպիսկոպոսներին միանալ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը «սրբապիղծ հոգևորականներից» և նրա մեղքը կիսողներից մաքրելու գործին։ Բարձրաստիճան հոգևորականները Գարեգին Երկրորդի վարքագիծը որակել էին անհամատեղելի Հայ եկեղեցու կանոնների հետ։ Այդ մեղադրանքները Մայր Աթոռն անհիմն էր որակել: