Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց՝ բացառում է բախումների հավանականությունը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նախատեսված հավաքի ընթացքում:
«Բախումների որևէ հնարավորություն բացառում եմ, որովհետև Հայաստանի իրավապահ մարմինները ունեն բոլոր գործիքակազմն ու հնարավորությունները սադրիչ գործելակերպով աչքի ընկնող անձանց չեզոքացնելու օրենքով սահմանված կարգով», - լրագրողների հետ ճեպազրույցում ասաց վարչապետը՝ շարունակելով, - «Հայաստանյայց Առաքելական եկեղեցին պետք է պաշտպանել Կտրիճ Ներսիսյանից ու Մայր Աթոռը զավթած մյուս աղանդավորների խմբից»:
Փաշինյանը հայտարարեց՝ չի ուղղորդում, բայց աջակցում և ողջունում է Ամենայն Հայոց կաթողիկոսի հեռացումը պահանջած տասը եպիսկոպոսների գործողությունները:
Նախօրեին Հայ առաքելական եկեղեցու 10 եպիսկոպոսներ դիմել էին ժողովրդին՝ դեկտեմբերի 18-ին հրավիրելով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին։ Ավելի ուշ Հայ առաքելական եկեղեցու Արագածոտնի թեմը հայտնել էր, որ Արագածոտնի թեմի Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցում նախատեսված միասնական ժամերգությունը կտեղափոխվի և տեղի կունենա Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում նույն օրը:
ՆԳՆ-ի փոխանցմամբ՝ Արագածոտնի թեմի հայտարարությունից հետո սոցցանցերում և հանրային հարթակներում հայտնվել են սադրիչ և իրավիճակը թեժացնող գրառումներ։ Նախարարությունը հորդորում է զերծ մնալ հակաիրավական, սադրիչ գործողություններից, հարգել այլոց իրավունքները, չտրվել սադրանքների, ենթարկվել ոստիկանության ծառայողների օրինական պահանջներին: