Հայերը պետք է շատ զգույշ լինեն, որպեսզի չկրկնեն այն, ինչ տեղի ունեցավ Ուկրաինայում, հայտարարել է Բելառուսի նախագահը:
«Ուկրաինայում հենց այդպես էլ սկսվեց, դուք դա հիշում եք: Որպեսզի հայերը, որոնք հենց նոր են դուրս եկել մի պատերազմից, չընկնեն ծանր դրության մեջ այդ կապակցությամբ: Պետք չէ շտապել: Պետք է ուղղակի մտածել, պետք է իմաստուն լինել», - БелТА լրատվական գործակալության փոխանցմամբ՝ լրագրողներին ասել է Ալեքսանդր Լուկաշենկոն Աստանայում ԵԱՏՄ գագաթնաժողովի ժամանակ:
Նա հայ ժողովրդին կոչ է արել «այդպիսի քայլ անելուց առաջ»՝ ենթադրաբար նկատի ունենալով ԵԱՏՄ-ից հնարավոր դուրս գալը և դեպի Եվրամիությանն անդամակցություն ընթանալը, «շատ լուրջ մտածել»: «Ահա միակ բանը, ինչի կոչ եմ անում ես նրանց: Ժողովուրդն իր կարծիքը կարտահայտի՝ մենք նրա հետ կհամաձայնենք», - հայտարարել է Բելառուսի նախագահը:
Խոսելով Աստանայում ընդունված հայտարարության մասին, որում Եվրասիական տնտեսական միության անդամ չորս պետությունների ղեկավարները հայտնում են, որ դեկտեմբերին քննարկելու են Հայաստանի անդամակցության հարցը, ինչպես նաև Երևանին հորդորում են սեղմ ժամկետներում ԵՄ-ին անդամակցելու կամ ԵԱՏՄ-ում մնալու հարցով հանրաքվե անցկացնել, Լուկաշենկոն ասել է. - «Մենք ճնշում չենք գործադրում ժողովրդի նկատմամբ, առավել ևս, որ հասկանում ենք, որ այստեղ քաղաքական խաղ է՝ վաղը Հայաստանում ընտրություններ են: ... Բայց Հայաստանի ղեկավարությունը զուր է այդպես վարվում: Դա հասնում է ԵԱՏՄ-ի նվաստացման: Եվ ԵԱՏՄ անդամները բոլորը դրան համաձայնեցին»:
«Ինչ-որ մեկին դա շահավետ է: Եկան, հավաքեցին այնտեղ ինչ-որ մարդկանց, գիտեք՝ ով էր այնտեղ եվրոպացիներից, ինչ ասես խոստացան: Թեպետ մենք այդ խոստումները չլսեցինք, միայն դատապարտումներ էին. - «Բելառուսը և Ռուսաստանը այսպիսին են, այնպիսին են»: Իհարկե, մենք կատարյալ չենք, ... բայց մի ձեզ նայեք», - հայտարարել է Բելառուսի նախագահը:
«Վերջերս ես լսեցի Փաշինյանի հայտարարությունները. - «Ահա, մեր տարածքով խողովակներ են անցնելու, և մեզ վճարելու են գազով: Թե՛ գազ, թե՛ փող շատ է լինելու»: Լսեք, երբ դա կլինի՝ հարց է: Որտեղի՞ց, ի՞նչ խողովակներ են անցկացվելու: Կուզեի իմանալ՝ ինչո՞ւ է նա ստում իր մարդկանց: Ի՞նչ խողովակներ, որտեղի՞ց են այդ խողովակները գալու և ո՞վ է նրանց այդ գազը տալու, և ի՞նչ փողեր են լինելու», - նաև ասել է Լուկաշենկոն:
Պաշտոնական Մոսկվան վերջին շաբաթներին բազմիցս իր դժգոհությունն է արտահայտել Եվրամիության հետ Հայաստանի կապերի սերտացման, այդ թվում՝ մայիսի սկզբին Երևանում անցկացված Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի և դրան Զելենսկու մասնակցության առնչությամբ:
Ռուսաստանն ամենաբարձր մակարդակով Հայաստանին հորդորում է արագ կողմնորոշվել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև, այդ հարցով հանրաքվե անցկացնել։ Աստանայի գագաթնաժողովում համապատասխան հայտարարությանը միացան Բելառուսը, Ղազախստանը և Ղրղըզստանը:
Երևանը շեշտում է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, Մոսկվայի շահերին էլ հարգանքով է վերաբերվում:
Այդուհանդերձ, Ռուսաստանը նորանոր սահմանափակումներ է մտցնում Հայաստանից ներմուծումների նկատմամբ, նաև հայտարարում է երկրին մատակարարվող գազի գինը բարձրացնելու հնարավորության մասին: