Մատչելիության հղումներ

Ռուսական գազի արտոնյալ գինը «երկնքից չի ընկնում, ՌԴ-ի հաշվին է». Կրեմլի խոսնակ

«Գազպրոմ Արմենիա»-ի շենքը Երևանում, արխիվ
«Գազպրոմ Արմենիա»-ի շենքը Երևանում, արխիվ

Ռուսական գազի արտոնյալ գինը օգնություն է Հայաստանի ժողովրդին՝ Ռուսաստանի հաշվին, լրագրողների հետ զրույցում այսօր պնդել է Կրեմլի խոսնակը:

«Այդ արտոնությունը, որը ստանում են հայերը, միշտ ինչ-որ մեկի հաշվին է։ Դա երկնքից չի ընկնում, դա Ռուսաստանի Դաշնության հաշվին է։ Հայ ժողովուրդը մեր եղբայրական ժողովուրդն է և կմնա եղբայրական։ Բայց դա մեր հաշվին է, պետք է իրերն իրենց անուններով կոչել։ Օրինակ՝ եվրոպացիներին, երբ գազը վաճառում են 500-800 դոլարով, ոչ ոք իր հաշվին չի օգնում։ Ամերիկացիներն օգնում են եվրոպացիներին հենց իրենց՝ եվրոպացիների հաշվին, մեծ գումարների դիմաց», - հայտարարել է Դմիտրի Պեսկովը:

Այսօր հայտնի դարձավ, որ Պետդումայի անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովի փոխնախագահն առաջարկել է վերանայել Ռուսաստանի կողմից Հայաստանին տրամադրվող գազային արտոնությունները, ինչպես նաև դիտարկել հայկական կոնյակի ներմուծման սահմանափակման հնարավորությունը:

Ռուսական կողմի այս հայտարարությունները հնչում են Աստանայում վաղը կայանալիք ԵԱՏՄ գագաթնաժողովի նախաշեմին, որտեղ, ըստ ռուս պաշտոնյաների, քննարկվելու է նաև Հայաստանի կարգավիճակի հարցը:

Մոսկվան տևական ժամանակ Երևանին հորդորում է ընտրություն կատարել ԵԱՏՄ-ի և Եվրամիության միջև, հայկական կողմից էլ արձագանքում են, թե դեռ ընտրության պահը չի հասունացել:

Ապրիլին Կրեմլում ընդունելով Հայաստանի վարչապետին՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը շեշտել էր, որ Մոսկվան գազը Երևանին վաճառում է հազար խմ-ի դիմաց 177 դոլարով, մինչդեռ Եվրոպայում այն այժմ արժե շուրջ 600 դոլար:

Գազի ապագա գնի մասին հարցն այսօր Պեսկովը հորդորել է ուղղել «Գազպրոմ»-ին. - «Այնտեղ կա արտոնյալ գին. այն կարող է լինել ավելի բարձր, կարող է լինել ավելի ցածր, կարող է վերանայվել։ Կորպորացիաները կարող են բարձրացնել այդ հարցը, դա կորպորատիվ հարց է»։

«Գազպրոմ Արմենիա»-ից օրերս «Ազատությանը» հայտնել էին, թե թանկացման հայտ չեն ներկայացրել:

Այսօր, ակնհայտորեն արձագանքելով ռուսական գազի հնարավոր թանկացմանը, Կոտայքում քարոզարշավ անող վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, թե «անտրամաբանական է Հայաստանին սպառնալ բարձր գնով»: Ըստ Փաշինյանի՝ այդ սպառնալիքին կա պատասխան՝ «մենք շատ ավելի փող կունենանք, որ դա մեզ թանկ չթվա»:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG