Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը կանչվել է Մոսկվա՝ խորհրդակցությունների, հաղորդում է ՌԴ արտգործնախարարությունը:
Ըստ գերատեսչության՝ պատճառը «Եվրամիության հետ մերձեցման ուղղությամբ հայաստանյան ղեկավարության քայլերն են, որոնք վնաս են հասցնում փոխգործողությանը Եվրասիական տնտեսական միության շրջանակում»:
Այլ մանրամասներ հաղորդագրությունում նշված չեն:
Պաշտոնական Մոսկվան և Եվրասիական տնտեսական միության անդամ 4 պետությունները ամենաբարձր մակարդակով Հայաստանին հորդորում են արագ կողմնորոշվել Եվրամիության ու ԵԱՏՄ-ի միջև։ Երևանը բազմիցս շեշտել է, որ ԵԱՏՄ-ից դուրս գալու մտադրություն չունի, Մոսկվայի շահերին էլ հարգանքով է վերաբերվում:
Նախօրեին Աստանայում կայացած գագաթնաժողովի ժամանակ ԵԱՏՄ անդամ 4 պետությունների ղեկավարները ՀՀ փոխվարչապետին հայտարարություն են փոխանցել , ըստ որի՝ դեկտեմբերին քննարկելու են կազմակերպությունում Հայաստանի անդամակցության հարցը: