Կալանավորված երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին՝ Լևոն Քոչարյանն այսօր հրավիրած ասուլիսում պնդեց՝ չունեն որևէ ապօրինի գույք, որը պետք է վերադարձնեն:
«Էդ մարդիկ էլ են ունեցել շանս: Ունեցել են շանս գալ, ասել՝ գիտե՞ք ինչ, մենք մի քանի միլիարդ գողացել ենք Հայաստանի Հանրապետությունից և ուզում ենք վերադարձնել Հայաստանի Հանրապետությանը», - հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Իրավապահների պնդմամբ՝ առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու մեջ մեղադրվող Ռոբերտ Քոչարյանը իր նախագահության ընթացքում իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր: Այս գործի շրջանակում հիշատակվում են Play City-ն, Orange Fitness-ը, Piazza Grande-ն, Toyota-ն և այլ ընկերություններ: Դրանք իրավապահները կապարակնքել են ու փակել:
«Մենք չունենք որևէ բան ապօրինի, որի համար էլ պետք է ինչ-որ բան մուծվենք: Երկրորդն էլ՝ մենք իրանից չենք վախենում՝ իր կալանքներից, որ այսպես փրկագին վճարենք, էնքան որ չնստենք կամ չհետապնդվենք», - ասաց Լևոն Քոչարյանը:
«Քոչարյանին մեկուսացնում են՝ սպասվող զարգացումներին ընդառաջ»
Օգոստոսի 27-ից կալանավորված երկրորդ նախագահի թիմն այսօր հրավիրած ասուլիսում կրկին պնդեց՝ Ռոբերտ Քոչարյանին ներկայացված մեղադրանքն ապօրինի է և բացառապես քաղաքական: «Հայաստան» դաշինքի պատգամավորների ձևակերպմամբ՝ Քոչարյանին մեղադրում են միայն նրա համար, որ նա իր պաշտոնավարման ընթացքում վավերացրել է կառավարության որոշումները՝ մի բան, որ ի պաշտոնե պարտավոր էր անել:
«Հայաստան» խմբակցության անդամների պնդմամբ՝ իրականում երկրորդ նախագահի կալանավորմամբ իշխանությունը պարզապես մեկուսացնում է ընդդիմադիր առաջնորդին Հայաստանին առաջիկայում սպասվող զարգացումներին ընդառաջ: Ընդդիմադիր դաշինքում կարծում են, որ Փաշինյանն առաջիկայում Ադրբեջանի պահանջով նոր զիջումներ է անելու, մասնավորապես՝ նոր Սահմանադրության և անկլավների հարցում, ու կալանավորելով ընդդիմադիր առաջնորդներին՝ փորձում է կոտրել դիմադրության կենտրոնները:
Ի դեպ, Ռոբերտ Քոչարյանն օրերս մեկուսարանից նույնպես խոսել էր սպասվող վտանգներից՝ զգուշացնելով «երկրի հնարավոր կորստի մասին»:
«Կարո՞ղ եք ասել՝ ինչի՞ է հիմա նախագահ Քոչարյանը գտնվում կալանքի տակ: Սրա բացատրությունը չկա: Դրա համար ենք մենք ասում, որ բացառապես պայմանավորված է նրանով, որ առաջիկա ամիսների ընթացքում Հայաստանին սպասում են լուրջ զարգացումներ», - նշեց «Հայաստան» խմբակցությունից Ագնեսա Խամոյանը:
«8 տարի չեն կարողանում ապացուցել Քոչարյանի մեղավորությունը»
Քոչարյանները 2018-ից անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով: Հակակոռուպցիոն դատարանում այս գործը քննվում է դեռ 2023 թվականից, վերջնական որոշում սակայն չկա: Դատախազությունը Քոչարյաններից պահանջում է վերադարձնել երկու տասնյակից ավելի անշարժ գույք, միլիոնավոր դոլարների ավանդներ, պարտատոմսեր ու փոխառություններ, տարբեր ընկերությունների բաժնեմասեր, այդ թվում՝ Toyota-ում և «Նաիրի Ինշուրանս»-ում:
«Ութ տարի ոչ մի բան չեն կարողանում ապացուցել: Ու երբ որ ասում ես՝ ինչի՞ չեք կարողանում ապացուցել, նոր հայտնագործություն են անում, ասում են՝ «որովհետև ծախված էին բոլորը, չգիտեմ, ուժայինները, իրավապահները ծախված են»: Ժողովուրդ ջան, Հակակոռուպցիոն կոմիտեն և Հակակոռուպցիոն դատարանը ստեղծել են էս իշխանությունները: Այսինքն՝ իրենք ստեղծել են մարմիններ, որոնք չեն կարողացել ապացուցել մեղավորությունը նախագահ Քոչարյանի և իր ընտանիքի», - ընդգծեց Խամոյանը:
«Ունեցվածքի խլման գործընթաց՝ քրեական վարույթով»
Հենց ապօրինի գույքի բռնագանձման գործը նկատի ունենալով՝ երկրորդ նախագահի փաստաբանները պնդում են, թե Քոչարյանին արդեն չորրորդ անգամ կալանավորելու իրավական հիմք ընդհանրապես չկար: Ըստ նրանց, եթե խոսվում է 18 թվականից քննվող գործի մասին, ապա ինչպե՞ս կարող էր 8 տարի անց Ռոբերտ Քոչարյանը խոչընդոտել այդ գործի քննությանը, ինչի հիմնավորմամբ էլ նրան կալանավորել են:
«Տեսնելով, որ այդ պրոցեսները ձախողվում են, հիմա նախաձեռնել են նոր ալիք՝ արդեն այդ ունեցվածքի խլման գործընթացը փաթեթավորում են քրեական վարույթներով», - ասաց փաստաբան Հովհաննես Խուդոյան:
Փաշինյան-Պուտին հանդիպմանը քննարկվե՞լ է Ռոբերտ Քոչարյանի հարցը
Հայաստանյան ընդդիմադիր առաջնորդների՝ մեկը մյուսին հետևած ձերբակալություններն անարձագանք չմնացին Ռուսաստանում: Քոչարյանից բացի, կալանքի տակ է ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, միլիարդատեր Սամվել Կարապետյանը տարեսկզբից տնային կալանքում է: Սեպտեմբերի 1-ին Բիշքեկում Փաշինյան-Պուտին հանդիպման նախօրեին Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը պնդել էր, թե «անկասկած Ռուսաստանի հետ լավ հարաբերությունների կողմնակից ընդդիմադիր առաջնորդների զանգվածային ձերբակալությունների հարցը կդառնա քննարկման առարկա»:
Արդյոք այդ հանդիպմանը Վլադիմիր Պուտինը բարձրացրե՞ց ընդդիմադիր առաջնորդների, ներառյալ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանավորման հարցը: Երկու երկրների ղեկավարների ավելի քան 15 րոպե տևողությամբ հրապարակային զրույցում այդ հարցին այդպես էլ անդրադարձ չեղավ: Արդյոք հարցը քննարկվե՞լ է փակ դռների հետևում, հայտնի չէ:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի խոսնակ Մելանյա Հարությունյանն «Ազատությանը» միայն փոխանցեց, որ «Փաշինյան-Պուտին քննարկման վերաբերյալ հրապարակված հայտարարությանն ավելացնելու բան չունեն»:
«Ես կապ միանշանակ տեսնում եմ, այո՛, հայ-ռուսական հարաբերություններն էլ են էն պատճառներից մեկը, որի հետևանքում հայրս հիմա կալանքի մեջ է», - ասաց Լևոն Քոչարյանը:
Ռոբերտ Քոչարյանի առաջնորդած «Հայաստան» դաշինքում համոզված են՝ Հայաստանի և Ռուսաստանի սրված հարաբերությունների վճռորոշ փուլը սպասվում է Փաշինյան-Պուտին առաջիկա հանդիպմանը: Ինչպես ռուսական կողմն է նշել, օրակարգում Հայաստանի կողմնորոշման հարցն է լինելու՝ Երևանը մնո՞ւմ է ԵԱՏՄ-ում, թե՞ դուրս է գալիս տնտեսական այդ կառույցից: