Մատչելիության հղումներ

Փաշինյան-Պուտին հանդիպումից հետո որևէ կնճռոտ հարցի լուծման մասին չհայտարարվեց

Ղրղզստան - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բիշքեկում, 1-ը սեպտեմբերի, 2026թ.
Ղրղզստան - Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հանդիպումը Բիշքեկում, 1-ը սեպտեմբերի, 2026թ.

Բիշքեկում Փաշինյան-Պուտին երեկվա հանդիպումից հետո կնճռոտ որևէ հարցի լուծման մասին չհայտարարվեց: Հակառակը՝ երկու երկրների ղեկավարները պոստֆակտում հաստատեցին՝ պայմանավորվել են շարունակել քննարկումները:
Նիկոլ Փաշինյանն առաջիկայում Մոսկվա կմեկնի:

«Շատ լավ հանդիպում ունեցա ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ, և պայմանավորվեցինք անկեղծ և կառուցողական խոսակցությունը շարունակել Մոսկվա կատարելիք իմ առաջիկա այցի ընթացքում», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Յուրաքանչյուրն իր կարծիքին մնաց արտաքին քաղաքական վեկտորի՝ Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն հարցով հանրաքվեի վերաբերյալ: Պուտինը կրկին պնդեց հանրաքվեն: Մի քանի օր առաջ ԵՄ-ին անդամակցելու դիմումի նախապատրաստության մասին հայտարարած Փաշինյանը նորից ասաց՝ ընտրության հարցը դեռ չի հասունացել:

Բանավեճը հասավ նրան, որ Ռուսաստանի նախագահը շատ ուղիղ ասաց՝ երբ անցած տարի Հայաստանն ընդունեց Եվրամիությանը անդամակցության գործընթաց սկսելու մասին օրենքը, փաստացի ԵԱՏՄ-ից դուրս գալու հայտարարություն արեց։

Վլադիմիր Պուտինը նախ թվերով հիշեցրեց՝ Ռուսաստանն ու ԵԱՏՄ անդամակցությունն ինչ ծանրակշիռ դեր ունի Հայաստանի տեսության մեջ, ապա անմիջապես բարձրացրեց ԵՄ-ին անդամակցելու հարցով Հայաստանում հանրաքվե անելու հարցը՝ պատճառաբանելով, թե իրենք էլ իրենց տնտեսական քաղաքականությունը պետք է համապատասխանեցնեն այդ որոշմանը:

«Հայաստանն ինքնիշխան պետություն է, և հայ ժողովուրդն է որոշելու իր զարգացման ուղղությունը։ Սակայն դա, անշուշտ, դժվարություններ է ստեղծում Եվրասիական տնտեսական միությունում գտնվելու հարցում և սպառնում է զրոյացնել հանրապետության առավելությունները Եվրասիական տնտեսական միության շուկայում ու խզել ձևավորված առևտրային շղթաները։ Մինչդեռ Եվրասիական ինտեգրացիոն գործընթացներին ավելի քան տասը տարի մասնակցելու ընթացքում Հայաստանի ՀՆԱ-ն գրեթե եռապատկվել է», - հայտարարեց Ռուսաստանի նախագահը:

Նիկոլ Փաշինյանը վստահեցրեց՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացի մեկնարկի մասին օրենքի ընդունմամբ Ռուսաստանի ու ԵԱՏՄ-ի առջեւ պայմանագրերով ստանձնած պարտավորությունները Երևանը չի խախտել:

«ԵԱՏՄ պայմանագրում չկա այնպիսի կարգավորում, ըստ որի՝ անդամ պետությանը կարելի է հեռացնել կազմակերպությունից։ Այսինքն՝ այնտեղ նախատեսված է, որ եթե երկիրը որոշում է դուրս գալ Եվրասիական տնտեսական միությունից, ապա պետք է այդ մասին նախապես՝ վեց ամիս առաջ, տեղեկացնի գործընկերներին։ Այս պահի դրությամբ մենք մեր գործընկերներին չենք տեղեկացրել, որ պատրաստվում ենք դուրս գալ ԵԱՏՄ-ից: Կարծում եմ՝ մենք պետք է հենվենք հենց այս փաստի վրա», - հայտարարեց Հայաստանի վարչապետը:

Ինչո՞ւ ընդունվեց ԵՄ ձգտումների մասին օրենք. Փաշինյանը պնդում էր՝ դա չի նշանակում, որ բազմաթիվ հարցերով հանդերձ՝ Հայաստանը դժգոհ է ԵԱՏՄ-ից: Նա Պուտինի հետ հանդիպմանը օրենքն ընդունելու մի նոր մեկնաբանություն արեց. - «Օրենքը քաղաքացիական հասարակության կողմից էր նախաձեռնվել։ Եթե խորհրդարանը չընդուներ այս օրենքը, ապա նախաձեռնողները կարող էին հավաքել ևս 250 հազար ստորագրություն, և եթե այս անգամ էլ խորհրդարանը մերժեր, մենք պետք է հանրաքվե անցկացնեինք։ Այսինքն՝ այս օրենքի ընդունմամբ ստացվում է, որ մենք հրաժարվեցինք հանրաքվեի գաղափարից։ Իսկ ինչո՞ւ հրաժարվեցինք, որովհետև այս հարցը դեռևս չէր հասունացել այն մակարդակի, որ հնարավոր լիներ հարց ձևակերպել մեր ժողովրդի առջև»։

Պուտինը, մինչդեռ, համաձայն չէր Փաշինյանի հետ, թե Հայաստանը ԵԱՏՄ-ից դուրս գալու մասին չի հայտարարել, փաստացի, ըստ նրա, դա տեղի է ունեցել:

«Դուք ասացիք, որ դուրս գալու մասին չեք հայտարարել։ Մեկ այլ տնտեսական կազմակերպությանն անդամակցության ընթացակարգի մեկնարկի մասին օրենքի ընդունումը փաստացի նշանակում է մեր կազմակերպությունից դուրս գալու մասին հայտարարություն, որովհետև միաժամանակ երկու տեղում գտնվելն անհամատեղելի է։ Ահա սա է խնդիրը», - ընդգծեց Ռուսաստանի նախագահը:

Խորհրդարանական ընտրություններից հետո Փաշինյանն ու Պուտինն առաջին անգամ էին հանդիպում: Անցնող ամիսներին տարբեր պաշտոնյաների հանդիպումները չլուծեցին հայկական արտադրանքի նկատմամբ ռուսական արգելքի հարցը, երեկվա հանդիպման հրապարակային մասում գոնե թեմային անդրադարձ չեղավ: Նաև՝ հայ-ռուսական հարաբերությունների ակտիվացման օգտին խոսող ընդդիմադիրների ձերբակալությանը: Փաստացի դժգոհելով՝ Պուտինի օգնականն ուղիղ էր ասել, թե դա էլ կքննարկվի:

Կոռուպցիոն ու տնտեսական մեղադրանքներով կալանավորվել են նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը, իսկ ընտրություններում Փաշինյանի մեկ այլ գլխավոր ընդդիմախոս՝ «Ուժեղ Հայաստան»-ի ղեկավար Սամվել Կարապետյանը տնային կալանքի տակ է:

Երեկվա հանդիպման ժամանակ Փաշինյանն առաջարկեց քննարկել նաև ոչ շահութաբեր ընկերությունների հարցը, արդյո՞ք խոսքն այս ամիսներին հրապարակային բանավեճի թեմա երկաթուղու ռուսական կառավարմանն էր վերաբերում, չհստակեցրեց:

Հայտնի է, որ «Հարավկովկասյան երկաթուղին» է հիմնականում վնասով աշխատում, Երևանն առաջարկում է վաճառել, պնդում, որ ռուսական կառավարումը նվազեցնում է Հայաստանի մրցակցային դիրքը, Մոսկվան չի համաձայնում զիջել 2008-ից 30 տարով ստացած կառավարումը: Արդյո՞ք Փաշինյանն ու Պուտինը այս թեմայով զրույցը փակ դռների ետևում շարունակեցին, պարզ չդարձավ, բայց ռուսաստանցի լրագրողների հետ զրույցում Ռուսաստանի նախագահը հայտնեց, որ իրենց հաջորդ քննարկման թեման նաև երկաթգծի շուրջ կծավալվի:

Պուտինը միայն ներդրումներից խոսեց, ոչ մի խոսք կառավարումը այլ երկրի զիջելու առաջարկի մասին:

«Նման ենթակառուցվածքներում ներդրումները կախված են բեռնափոխադրումների ծավալներից: Աստված տա՝ պատերազմական իրավիճակի ավարտից հետո ամեն ինչ այլ կերպ զարգանա, բացվի Թուրքիայի հետ սահմանը, մյուս ուղղությունները, և գուցե բեռնահոսք առաջանա։ Եթե առաջանա, այդ ներդրումները կարող է անել ցանկացած մեկը, Ռուսաստանն էլ կարող է անել», - ասաց ՌԴ նախագահը:

Ասուլիսում Պուտինը խոսեց նաև Գյումրիում ռուսական ռազմաբազայի ապագայի մասին՝ հայտարարելով, որ Մոսկվան չի պատրաստվում Հայաստանին պարտադրել իր ռազմական ներկայությունը։

«Եթե Հայաստանը համարում է, որ ռուսական ռազմաբազան իրեն պետք չէ, մենք թեկուզ վաղը կհեռանանք։ Իսկ եթե հայ ժողովուրդը ցանկանում է, որ կողքին ինչ-որ ռուսական ռազմական «թև» լինի, մենք կմնանք, կաշխատենք, կհամագործակցենք», - վստահեցրեց Ռուսաստանի նախագահը:

Երևանից դեռ չեն արձագանքել Պուտինի այս հայտարարությանը: Նախկինում Հայաստանի իշխանությունները վստահեցրել են, որ ռուսական ռազմաբազան հանելու մտադրություն չունեն:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG