Ի՞նչ կփոխվի Փաշինյան-Պուտին վաղը սպասվող հանդիպումից հետո: Եվրամիությո՞ւն, թե՞ Եվրասիական տնտեսական միություն դիլեմայից բացի, Նիկոլ Փաշինյանն ու Վլադիմիր Պուտինը վաղը Բիշքեկում քննարկելու են նաև «Մոսկվայի հետ լավ հարաբերությունների կողմնակից ընդդիմադիր առաջնորդների կալանավորումների հարցը»: Այդ մասին ուղիղ հայտարարել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի Ուշակովը:
«Զրույցը տեղի կունենա Հայաստանում ընդդիմության առաջնորդների զանգվածային ձերբակալությունների անսովոր ֆոնին: Այս թեման, անկասկած, կքննարկվի։ Եվ, իհարկե, Հայաստանի ղեկավարության այս գործողությունները մեզ մտահոգում են», - հայտարարել է Ուշակովը:
«Նախագահ Քոչարյանի կալանքի հարցը, եթե զուտ տնտեսական հարց լիներ, ինչո՞ւ այդ հարցը պետք է նման կարևոր հարթակում քննարկման առարկա դառնար, դա է գալիս ապացուցելու այն հանգամանքը, որ գործ ունենք քաղաքական և աշխարհաքաղաքական կալանքի հետ», - ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանը:
Հաշվի առնելով, որ Ռոբերտ Քոչարյանի կալանավորումը, 2-րդ նախագահի թիմակիցների համոզմամբ, «աշխարհաքաղաքական է», արդյոք հնարավո՞ր է Պուտին-Փաշինյան հանդիպումը հանգեցնի կալանավորված ընդդիմադիր առաջնորդների, այդ թվում՝ ԱԱԾ մեկուսարանում գտնվող Քոչարյանի ազատ արձակմանը:
«Նախագահ Քոչարյանը պետք է կալանքից ազատ արձակվի, որովհետև դա ապօրինի է, և ոչ թե, որովհետև Պուտինը պետք է խնդրի: Արդյոք կարծո՞ւմ եմ, որ դրա շուրջ պետք է ձևավորվի օրակարգը Պուտին-Փաշինյան զրույցի, ոչ, ես կարծում եմ, որ Հայաստանի և Ռուսաստանի միջև ճգնաժամը պետք է հանգուցալուծվի, որ մենք չառերեսվենք տնտեսական կոլապսի, որի հետևանքները կրում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիները», - նշեց Աննա Գրիգորյանը:
«Փաշինյանը չեզոքացնում է բոլորին, ովքեր պնդում են, թե ՌԴ-ի հետ թշնամությունը Հայաստանին որևէ լավ բան չի տալիս»
Նախկին նախագահի թիմում կապ են տեսնում նրա կալանավորման և հայ-ռուսական սրված հարաբերությունների միջև:
«Հայաստան» խմբակցության ղեկավար Աննա Գրիգորյանն ասում է, թե Ռոբերտ Քոչարյանը հանդես է գալիս Ռուսաստանի հետ բարիդրացիական հարաբերությունների օգտին, և այդ համատեքստում էլ, ըստ ընդդիմադիր գործչի, Փաշինյանը չեզոքացնում է բոլոր նրանց, ովքեր պնդում են, թե Ռուսաստանի հետ թշնամությունը Հայաստանին որևէ լավ բան չի տալիս:
«Նիկոլ Փաշինյանը փորձում է Հայաստանի Հանրապետությունը տանել ամբողջությամբ թուրքական ենթակայության տակ ու դրա համար պետք է նաև թշնամանք, թշնամական հարաբերություններ հաստատել Ռուսաստանի հետ, ինչի նախանշանները մենք ամբողջությամբ տեսնում ենք», - ընդգծեց Գրիգորյանը:
Վարչապետ Փաշինյանը, մինչդեռ, պնդում է, որ իր իշխանությունը Ռուսաստանի դեմ որևէ գործողություն չի անում, պարզապես առաջնորդվում է Հայաստանի շահերով:
Աշխարհաքաղաքական դրդապատճառներից բացի, Ռոբերտ Քոչարյանի թիմում նաև համոզված են, որ Քոչարյանին կալանավորելով Փաշինյանը չեզոքացնում է նաև իր ընդդիմախոսներին՝ Բաքվի պահանջով, հերթական զիջումներին ընդառաջ:
«Մասնավորապես ադրբեջանական պահանջները Տիգրանաշենի հանձնման.... որը Փաշինյանի թեթև ձեռքով դարձավ Քյարքի, և պարզվեց՝ այլևս Հայաստանի տարածքային ամբողջականության մաս չէ, չնայած որևէ հիմք դրա համար չկա, ինչպես նաև Սահմանադրությունը: Հստակ պահանջ է եղել Սահմանադրության փոփոխությունը, Անկախության հռչակագրին հղումը հանելը Ադրբեջանի կողմից, որի սպասարկմանն է հիմա տանում Նիկոլ Փաշինյանը, իր քաղաքական օրակարգը դրա մասին է: Հետևաբար պետք էր չեզոքացնել քաղաքական ընդդիմադիր դաշտում քաղաքական հիմնական դերակատարներից մեկին՝ նախագահ Քոչարյանին», - ասաց Գրիգորյանը:
Քոչարյանը խոսում է սպասվող վտանգների մասին
Ինքը՝ կալանավորված Ռոբերտ Քոչարյանը այսօր ԱԱԾ մեկուսարանից նույնպես խոսել է սպասվող վտանգների մասին՝ զգուշացնելով երկրի հնարավոր կորստի մասին: 2-րդ նախագահը պնդել է, թե «Փաշինյանը ոչ միայն հանձնում է հայկական հողերը, այլև կոտրում է ազգի կոլեկտիվ կամքն ու հոգևոր արժեքները»։
Արդյոք Քոչարյանը նկատի ունի՞ անկլավների, մասնավորապես, ռազմավարական համարվող Տիգրանաշենի թեման, նախկին նախագահը չի հստակեցրել: Ամեն դեպքում, վարչապետ Փաշինյանը պնդել է, թե անկլավների հարցում ընդունված որևէ որոշում չկա:
Ինչ վերաբերում է իր դեմ հարուցված քրեական գործին, ապա կալանավորված Ռոբերտ Քոչարյանն այն որակել է «իրավական դեբիլիզմ կամ Ադրբեջանի դատաիրավական համակարգին լիակատար ենթարկում»։
Արդեն 4-րդ անգամ կալանավորված 2-րդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով առանձնապես խոշոր չափերի փողերի լվացման և կաշառք ստանալու մեջ
Իրավապահների պնդմամբ, նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը պաշտոնավարման ընթացքում իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով, պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։
Այս գործի շրջանակում հիշատակվում են Play City-ին, Orange Fitness-ը, «Պիացցա Գրանդե»-ն, Toyota-ն և այլ ընկերություններ։ Դրանք իրավապահները կապարակնքել են ու փակել։
Արդյոք Ապօրինի գույքի բռնագանձման վարույթով Քոչարյանները կարո՞ղ են գնալ հաշտության Գլխավոր դատախազության հետ: Ըստ օրենքի, դա կարող է լինել միայն այն դեպքում, երբ պատասխանող կողմն ընդունում է, որ գույքը ապօրինի ծագում ունի:
Ռոբերտ Քոչրայանի փաստաբանը, սակայն, նշում է, որ գույք վերադարձնել՝ նշանակում է ապօրինի գործընթացի մասնակից լինել, օրինական եղանակով ձեռք բերված գույքերը վերադարձման ենթակա չեն: Հետևաբար Գլխավոր դատախազության հետ հաշտեցում, ըստ Օրբելյանի, հնարավոր է մի պայմանով. «Դատախազությունը կհրաժարվի իր բոլոր պահանջներից, ներողություն կխնդրի, մենք վնասների հատուցման պահանջ չենք ներկայացնի»:
Ի դեպ, հունիսի 7-ի ընտրություններից հետո, վաղը Պուտինն ու Փաշինյանն առաջին անգամ են հանդիպում:
Հայ-ռուսական լարված հարաբերությունների ֆոնին, Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մինչև օրս այդպես էլ չի շնորհավորել Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում ՔՊ հաղթանակի և վարչապետի պաշտոնում վերընտրության համար:
Փոխարենը Ռուսաստանի նախագահն այսօր շնորհավորել է Ռոբերտ Քոչարյանին՝ 72-ամյակի կապակցությամբ: Պուտինը Քոչարյանին մաղթել է քաջ առողջություն, հոգու արիություն և տոկունություն՝ «այն փորձությունների առջև, որոնց ներկայումս նա և նրա ընտանիքի անդամները բախվում են»: