Մատչելիության հղումներ

Ռոբերտ Քոչարյանը և որդին՝ Սեդրակ Քոչարյանը ձերբակալվել են

Լրացված

Այսօր վաղ առավոտյան ձերբակալվել են Հայաստանի երկրորդ նախագահ, ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը և նրա որդին՝ գործարար Սեդրակ Քոչարյանը, «Ազատությանը» հայտնել են Հակակոռուպցիոն կոմիտեից:

Նույն քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է ևս չորս անձ, նրանց անունները իրավապահները, սակայն, չեն նշել:

Քոչարյանի փաստաբան Ալեքսանդր Կուչուբաևն «Ազատությանը» հայտնեց, որ Ռոբերտ Քոչարյանը տեղափոխվել է հիվանդանոց: Սեդրակ Քոչարյանին տանում են դատարան՝ կալանքի հարցը քննարկելու:

Հակակոռուպցիոն կոմիտեն առայժմ նաև չի հայտնել, մյուս ձերբակալվածների նկատմամբ կալանավորման միջնորդություն կներկայացվի՞, թե՞ ոչ։

Ըստ նախաքննության՝ Ռոբերտ Քոչարյանը, «պաշտոնեական դիրքն օգտագործելով, իր մտերիմների հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր»։

Հակակոռուպցիոն կոմիտեն գույքի ծավալուն ցանկ է հրապարակել, որոնք, ըստ քննիչների, խախտումներ են օտարվել ու գնվել: Մասնավորապես, հաղորդագրությունում նշվում են «Փլեյ Սիթի» ժամանցի կենտրոնը, «Ֆաստ քարթ» ընկերությունը, «Կասկադ» համալիրի ձախ հատվածում գտնվող 2 հա հողամասը, Պարոնյան 8 հասցեի շենքը, Գեղարքունիքի մարզում գտնվող «Կապուտակ Սևան» հանգստյան համալիրը, «Արթ Բիլդ» ընկերությունը, «Թենիսի օլիմպիական հերթափոխի մանկապատանեկան մարզադպրոց» ՊՈԱԿ-ին պատկանող 29 հազար քմ հողատարածքն ու դրա վրա գտնվող 1700 քմ շինությունը, «Օրանժ Ֆիտնես» ակումբը, «Պիացցա Գռանդե» բիզնես կենտրոնը, «Տոյոտա Երևան» ընկերությունը և այլն:

Ուսումնասիրվում են նաև նախկին նախագահի որդու անվամբ կատարված շուրջ 144 մլրդ դրամի, 309 մլն դոլարի, 77 մլն եվրոյի և 18 մլն ռուբլու փոխանցումները, ինչպես նաև Հայաստանում և արտերկրում գտնվող տասնյակ անշարժ գույքերի ձեռքբերման հանգամանքները։ «Գույքերի հնարավոր օտարումը կանխելու նպատակով դրանց նկատմամբ արգելանքներ կիրառելու գործընթաց է իրականացվում», - հայտնում է Հակակոռուպցիոն կոմիտեն։

Այսօր վաղ առավոտից իրավապահները խուզարկություններ են իրականացնում Քոչարյանների տներում և նրանց հետ կապված ընկերություններում: Ռոբերտ Քոչարյանին ու ավագ որդուն վաղ առավոտյան էին տեղափոխել էին Հակակոռուպցիոն կոմիտե:

Իրավապահները առավոտից քննչական գործողություն են իրականացնում նաև երկրորդ նախագահի կրտսեր որդու՝ Լևոն Քոչարյանի տանը: Վերջինս պատգամավորական անձեռմխելիություն ունի, օրենքով նրան ձերբակալելու համար անհրաժեշտ է Ազգային ժողովի թույլտվությունը, որի միջնորդությունը գլխավոր դատախազն է ներկայացնում: Խորհրդարանի լրատվության վարչությունից «Ազատությանը» հայտնել են, որ կեսօրի դրությամբ նման միջնորդություն դատախազություն դեռ չեն ստացել:

Իրավապահները՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի տան դիմաց, ներսում քննչական գործողություններ են, 25.08.2026 թ.
Իրավապահները՝ պատգամավոր Լևոն Քոչարյանի տան դիմաց, ներսում քննչական գործողություններ են, 25.08.2026 թ.

Հակակոռուպցիոն կոմիտեից «Ազատությանը» հաստատել էին, որ կոմիտեում կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով քննվող քրեական վարույթի շրջանակում մի քանի տասնյակ հասցեներում կատարվում են խուզարկություններ և վարութային այլ գործողություններ: Քննչական կոմիտեի խոսնակն իր հերթին հայտնել էր, որ քննչական և վարութային գործողություններ են իրականացվում «Օրանժ ֆիթնես» ակումբում և «Փլեյ սիթի» զվարճանքի կենտրոնում, այդ ընկերությունների տնօրենների բնակարաններում:

«Ազատությանը» հայտնի է դարձել, որ վարույթի շրջանակում իրավապահները մտել նաև են «Toyota» ընկերության երևանյան գրասենյակ, որի 30 տոկոսը պատկանում է Սեդրակ Քոչարյանին, նաև Լևոն Քոչարյանի կնոջ՝ երգչուհի Սիրուշոյի Pregomesh ընկերություն:

Այսօրվա ձերբակալություններին ու խուզարկություններին նախորդել էր երեկ ընդդիմադիր պատգամավոր Լևոն Քոչարյանի և վարչապետ Նիկոլ Փաշինյանի սուր բանավեճը խորհրդարանում, որտեղ քննարկվում է կառավարության 5-ամյա ծրագիրը: Կրտսեր Քոչարյանը, մասնավորապես, ասել էր. «Ժողովուրդը մեզ ասում է՝ «Արցախը կործանած, հազարավոր զոհեր բերած էդ պիղծ դավաճանը ինչու է դեռ մինչև հիմա մնում»:

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ արձագանքելով Լևոն Քոչարյանին, ասել էր.

«Ձեր ընտանիքը ինչի՞ հաշվին է միլիոնատեր: Էդ ունեցվածքը որտեղի՞ց ձեզ: Դուք ուզում եք ասեք, որ ձեր միլիոնները պիտի ժառանգեն ձեր երեխաները, ձեր երեխաներն էլ իրենց երեխաներին... Ես ձեզ ուղիղ ասում եմ, որ չի լինելու դա: Սա ոչ թե անձնավորված հարց է, այլ քաղաքական խնդիր է: Հատիկ-հատիկ ամեն ինչը պիտի վերադարձվի ՀՀ-ին»:

Քոչարյանն արձագանել էր.- «Թե ինչը ում պետք է վերադարձվի, պիտի որոշի դատարանը, ոչ թե երկրի առաջին դեմքը: Երբ Դուք ասում եք՝ դու չես կարող ժառանգել...ու զուգահեռ գործ կա դատարանում: Սա ուղիղ ճնշում է դատարանի վրա: Ես իմ ամեն լումայի համար էդ պատասխանը տալու եմ կամ չեմ տալու, դա դատարանում է: Բայց Դուք էստեղ դրա մասին խոսելով խախտում եք հիմնարար սկզբունքը: Ձեր մոտ ընտրողաբար մոտեցումն է. Ձեր մոտ կա էլ նախկինի նախկին, մարզպետներ կան, որոնց մասին էնքան հոդվածներ եք գրել ժամանակին, բայց հիմա Ձեր մոտ են ու իրենց հետ կապված խնդիր չունեք: Ուրեմն, էս ամեն ինչը անձնավորված է»:

Ապա վարչապետը Նոր Կտակարանից էր մեջբերում արել. «Մի՛ դատիր, որ չդատվես, որովհետև ինչ դատով դատես, նույն դատով էլ դատվելու ես»: Հիմա էն, ինչ ձեզ ասեցի, այո, ես ձեզ դատում եմ, և ես ձեզ դատելու եմ և պատրաստ եմ նույն դատով դատվել»:

ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» դաշինքը ձերբակալություններն ու խուզարկությունները կապում է նախօրեին ԱԺ-ում տեղի ունեցածի հետ: Իշխանականներն առայժմ չեն մեկնաբանել 71-ամյա նախկին նախագահի ու որդու ձերբակալությունը, Քոչարյանների ընտանիքին պատկանող ընկերություններում խուզարկությունները:

Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG