Մատչելիության հղումներ

«Ռոբերտ Քոչարյանը դեռ ապրիլից մեղադրյալ է ներգրավված եղել». Հակակոռուպցիոն կոմիտեն մանրամասներ է ներկայացրել

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր առաջնորդած «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը իր առաջնորդած «Հայաստան» դաշինքի քարոզարշավի ժամանակ, մայիս, 2026թ.

«Ռոբերտ Քոչարյանի հանրային քրեական հետանդումը ոչ թե օգոստոսի 25-ին է հարուցվել, այլ նա արդեն ապրիլ ամսին այս գործով մեղադրյալ է ներգրավված եղել՝ ընդամենը մեկ դրվագով, և այդ ժամանակ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը», - նախօրեին Հանրային հեռուստատեսության եթերում հայտարարել է Հակակոռուպցիոն կոմիտեի սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետ Դավիթ Կոստանդյանը:

Բարձրաստիճան պաշտոնյան տեղեկացրել է, որ դրանից հետո քրեական վարույթով ի հայտ են եկել նոր հանգամանքներ, նոր տվյալներ այլ դրվագների հետ կապված, և դրանց համադրման արդյունքում մեղադրանքը փոփոխվել է:

Կոստանդյանի խոսքով, քննիչը ստացված տվյալները համարելով բավարար՝ կալանքի միջնորդություն է ներկայացրել դատարան, և այն բավարարվել է:

«Այդ տվյալները նախկինում հայտնի չեն եղել. խոսքը մի կազմակերպության մասին է, որը հայտնի դարձավ վարույթն իրականացնող մարմնին, որ այդ կազմակերպության միջոցով մի շարք պետական գույքեր են մասնավորեցվել և արդյունքում դարձվել բարձրաստիճան անձի հետ փոխկապակցված անձանց սեփականությունը», - նշել է Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան:

Արձագանքելով ընդդմիմությունից հնչող պնդումներին, թե խորհրդարանում վարչապետ Նիկոլ Փաշինյանի հրահանգից հետո կոմիտեն Քոչարյաններին կալանավորելու միջնորդություն ներկայացրեց դատարան, Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետը պնդել է, թե այս քրեական վարույթը ստացվել է դեռ 2024 -ի հունվարին, պարզապես երկար ժամանակ աշխատել են դրա վրա, քանի որ քնության առարկա են դարձել «մի քանի տասնյակ անշարժ գույքերի մասնավորեցման գործընթացում թույլ տրված չարաշահումնե, միլիարդավոր դրամների փոխանցումներ, մոտ 20 երկիր իրավական փոփոխության միջնորդություններ են ուղարկվել»:

«Ես ձեզ մի տվյալ ասեմ՝ օգոստոսի 25 -ին 35-ից ավելի հասցեներում իրականացված խուզարկությունների վերաբերյալ միջնորդությունը դատարան էինք ներկայացրել օգոստոսի 21-ին», - նշել է է պաշտոնյան, պնդելով, որ անկախ վարչապետի խորհրդարանում արված հայտարարությունից՝ իրենք միևնույն է այդ օրը խուզարկություններ ու ձերբակալություններ էին իրականացնելու:

«Որևէ կապ չկա», - վստահացրել է Սեփականության դեմ ուղղված կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության վարչության պետը:

Նախօրեին, կալանավորված երկրորդ նախագահի փաստաբան Արամ Օրբելյանը «Ազատությանն» ասել էր՝ Ռոբերտ Քոչարյանը չի հասկանում, թե իր ո՞ր գործողությունների համար են իրեն մեղադրում:

Օրբելյանի պնդմամբ՝ մեղադրանքում որևէ կերպ նկարագրված չէ, թե իր պաշտոնավարման տարիներին (1998-2008 թվականներին) կոնկրետ ի՞նչ է արել Ռոբերտ Քոչարյանը, իր ո՞ր քայլով է չարաշահել պաշտոնեական լիազորությունները, որի արդյունքում էլ խախտում է արձանագրվել: Փաստաբանի խոսքով՝ մեղադրանքում պարզապես նկարագրված են այլ անձանց գործողություններ, բայց վերջում խմբային պատասխանատվությունը դրվել է Քոչարյանի վրա:

Մինչդեռ Հակակոռուպցիոն կոմիտեի պաշտոնյան օրինակներով պատմել է, թե ինչպես են պետական սեփականություն հանդիսացող գույքերը մասնավորեցվել ինչ-որ ընկերությունների կողմից, բայց հետո փոխանցվել Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուն՝ Սեդրակ Քոչարյանին: Վերջինս ևս կալանավորված է:

Երեկ Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Սարգիս Դադոյանի որոշմամբ Հայաստանի երկրորդ նախագահը կալանավորվեց երկու ամսով՝ պաշտոնեական լիազորությունների չարաշահմամբ առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և փողերի լվացման մեղադրանքներով:

Իրավապահները պնդում են, որ Ռոբերտ Քոչարյանն իր նախագահության ընթացքում իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ, պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այս գործի շրջանակում հիշատակվում են Play City-ին , Orange Fitness-ը, «Պիացցա Գրանդե»-ն , Toyota -ն և այլ ընկերություններ։ Դրանք իրավապահները կապարակնքել են ու փակել։



Հոդվածը կարող եք գտնել հետևյալ բաժիններում
XS
SM
MD
LG