Հակակոռուպցիոն դատարանն առաջիկա ժամերին պետք է քննի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին երկու ամսով կալանավորելու միջնորդությունը։
Այսօր միայն օրվա ավարտին հայտնի դարձավ, որ Հակակոռուպցիոն կոմիտեն Ռոբերտ Քոչարյանին կալանավորելու միջնորդություն է ներկայացրել։
«Ռոբերտ Քոչարյանը բերվել է դատարան, գործը մակագրվել է Սարգիս Դադոյանին, դատը կքննվի 8:30, նյութերը նոր ենք ստացել, չենք հասցրել ծանոթանալ»,- լրագրողներին ասաց փաստաբան Արամ Օրբելյանը:
Երկրորդ նախագահը դատարան է տարվել հենց հիվանդանոցից, որտեղ գտնվում էր երեկվանից։ Քոչարյանի ինքնազգացողությունը երեկ վատացել էր Հակակոռուպցիոն կոմիտեում, նա տեղափոխվել էր Սուրբ Գրիգոր Լուսավորիչ հիվանդանոց։ Նրա որդին՝ Լևոն Քոչարյանը, տեղեկացրել էր, որ մոտ երկու շաբաթ առաջ երկրորդ նախագահը վիրահատվել էր, սրտի ստենտավորում է իրականացվել, և հենց բժիշկները թույլ չէին տվել երեկ նրան տանել դատարան։ Թե արդյոք երկրորդ նախագահը կրկին կկալանավորվի, պարզ կդառնա առաջիկա ժամերին:
Ռոբերտ Քոչարյանը 2018-ից մինչև օրս արդեն երեք անգամ կալանավորվել է՝ սահմանադրական կարգի տապալման մեղադրանքով։ Այս անգամ երկրորդ նախագահը մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելով խոշոր չափերի կաշառք ստանալու և փողերի լվացման հոդվածներով։ Այս նույն մեղադրանքներով երեկ ուշ գիշեր կալանավորվեց նրա ավագ որդին՝ Սեդրակ Քոչարյանը։
«Միայն կարելի է արձանագրել, որ գործ ունենք ապօրինի քաղաքական նաև կոնտեքստ ունեցող հետապնդման հետ»,- ասում է Սեդրակ Քոչարյանի փաստաբանը:
Քոչարյանին փոխկապակցված ընկերությունները կապարակնքված են
Հայաստանի երկրորդ նախագահին, նրա ավագ որդուն և իր հետ փոխկապակցված ընկերություններին առնչվող այս նոր գործը վերաբերում է 2000-ականների սկզբին տեղի ունեցած գործարքներին։ Գլխավոր դատախազությունը երեկ պնդել էր, թե փաստական տվյալներ են ստացվել, որ Ռոբերտ Քոչարյանն իր պաշտոնավարման ընթացքում իր հետ մտերիմ անձանց հետ նախնական համաձայնությամբ պաշտոնեական դիրքն օգտագործելով, տարբեր շինծու հիմքերով՝ պետական սեփականությունից առանձնացրել և շուկայականից էականորեն ցածր գներով ձեռք է բերել հասարակական և տնտեսական նշանակություն ունեցող մի շարք արժեքավոր գույքեր։ Այս գործի շրջանակում իրավապահ մարմինները Ռոբերտ Քոչարյանի հետ փոխկապակցված մի շարք ընկերությունների ցանկ է հրապարակել՝ Play City, Orange Fitness, «Պիացցա Գրանդե», «Toyota» և այլն։ Դրանք իրավապահները կապարակնքել ու փակել են։
Ըստ իրավապահների՝ այս ընկերությունները կամ դրանց բաժնեմասերը Քոչարյանները ձեռք են բերել ապօրինի եղանակով։ Ի դեպ, Գլխավոր դատախազությունը հատուկ շեշտում է՝ 1998-2008 թվականները Հայաստանը ղեկավարած Ռոբերտ Քոչարյանին քրեական պատասխանատվության ենթարկելու վաղեմության ժամկետները անցած չեն։
Ի դեպ, այս ընկերությունների անունները խորհրդարանի ամբիոնից երեք հերթով հնչեցնում էր վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես ինչի՞ Կասկադում հող չունեմ ժողովուրդ, ինչի՞ Սևանի ափին հանգստյան տուն չունեմ, ինչի՞ հյուրանոց չունեմ, այսինքն՝ ես միամի՞տ եմ»,- ասում է վարչապետը:
«Քաղաքական հետապնդում է». Լևոն Քոչարյան
Ռոբերտ Քոչարյանի կրտսեր որդին, թեև հստակ ապացույցներ չունի, բայց կասկածում է, թե Փաշինյանն անցած ութ տարիների ընթացքում ոչինչ ձեռք չի բերել։
Լևոն Քոչարյանի խոսքով.- «Իրականում ինչ կա, հետագան ցույց կտա էլի, թե իրականում ով ինչքան գումար ունի: Քանի օրինակ ձեզ բերեմ, երբ ինքը ինչ-որ մի բան ասել է ու սուտ է ասել: Իհարկե, ես իր ամեն ասածին կասկած ունեմ»:
Ինչ վերաբերում է իր հոր և եղբոր դեմ ներկայացված մեղադրանքներին, ապա Լևոն Քոչարյանի համոզմամբ՝ դա ոչ թե իրավական գործընթաց է, այլ մեկ հոգու բացահայտ ապօրինի ցուցում, որին, ըստ Քոչարյանի՝ հանցակից են դառնում իրավապահ և դատական համակարգի ներկայացուցիչները։ Լևոն Քոչարյանը հիշեցնում է՝ իր հոր դեմ քրեական գործի հիմքում որևէ նոր բան չկա, այդ դրվագներով հայց կա դեռ 2018-ից։
Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, նրա կինը, երկու որդիները, նրանց կանայք, դուստրն ու նրա ամուսինը անցնում են ապօրինի գույքի բռնագանձման գործով։ Հակակոռուպցիոն դատարանում այս գործը քննվում է դեռ 2023 թվականից և ինչպես տեղեկանում ենք Դատալեքսից, այս գործով վերջին նիստը տեղի է ունեցել 2024 թվականի հունվարին և կայացված որոշումներ չկան:
Լևոն Քոչարյանը վստահ է՝ դատարանում իրենք ապացուցելու են, որ բոլոր այդ գույքերը ձեռք են բերվել օրինական եղանակով, մինչդեռ, «չսպասելով դատական գործի ավարտին այս գործընթացով ընդամենը փորձ է արվում մեծ աղմուկ գեներացնել հոր դեմ»:
Կրտսեր Քոչարյանը պնդում է՝ իրենց պատկանող որևէ գույք ապօրինի չէ, հետևաբար դրանք չեն վերադարձվելու. «Չէ, ոչ մի բան սխալ չի, որ մի հատ էլ վերադարձնես։ Ուղղակի սա քաղաքական հետապնդում է, սրա մեջ ենք ապրում արդեն ութ տարի, ու այս պայքարը չի դադարելու, այստեղ վերադարձնելու հարց չկա»:
«Ազատության» հարցին, թե արդյոք նախագահի որդի լինելու հանգամանքը չէ պատճառ հանդիսացել, որ նրանք այդքան հաջողակ բիզնեսմեններ են դարձել, արդյոք հովանավորչություն չի եղել, պատգամավոր Լևոն Քոչարյանն ասաց, թե բնականաբար, իրենց զբաղեցրած դիրքը որոշակի առումով ազդեցություն ունեցել է գործընկերներ ձեռք բերելու և գործնական հարաբերություններ հաստատելու հարցում, բայց արտոնություններ չեն եղել։
«3 երեխաները մնացել են առանց մոր»
Հակակոռուպցիոն կոմիտեում քննվող գործի շրջանակում Ռոբերտ Քոչարյանի ավագ որդուց բացի կալանավորվել է ևս չորս անձ, որոնց թվում են Կոնդի առանձնատների տնտեսության տնօրենի պաշտոնը զբաղեցրած Արամայիս Ոսկանյանի ընտանիքը։ Նրա կինը և երկու դուստրերը կալանավորվել են։ Ինքը՝ Ոսկանյանն, ի տարբերություն ընտանիքի անդամների տնային կալանքի տակ է։
Լևոն Քոչարյանը զարմանում է՝ ինչպես կարող էին երեք երեխաների մորը կալանավորել, ով ամուսին չունի և երեխաները զրկվել են միակ խնամողից։ «Ես օրինակ չգիտեմ՝ այդ երեխեքին ով պետք է պահի»,- ասում է Լևոն Քոչարյանը:
Իշխանությունից հակադարձնում են՝ այդ ծավալի քրգործը մեկ գիշերում չէր կարող արվել
Քոչարյանների դեմ այս մեղադրանքները նախորդեցին խորհրդարանի ամբիոնից վարչապետ Փաշինյանի զգուշացումներին, որտեղ նա սպառնացել էր՝ թույլ չի տալու Քոչարյաններին ապօրինի ձեռք բերված գույքը ժառանգել իրենց զավակներին։
Ընդդիմադիրները շտապեցին պնդել՝ հերթական անգամ վարչապետի հրահանգով իրավապահները գործեր են կարում ընդդիմության դեմ։ ՔՊ-ական պատգամավոր Սոնա Ղազարյանը, մինչդեռ, այսօր հակադարձում էր՝ այդ ծավալի քրեական գործը չէր կարող մեկ գիշերում արվել։
«Կա հանրային լայն պահանջ, որպեսզի Հայաստանը ունեզրկած բոլոր քաղաքական գործիչները հայտնվեն բանտում, և ես՝ որպես քարոզարշավն ամբողջությամբ վարչապետի հետ անցած մարդ, ասում եմ, որ այս հանրային պահանջը կա, և մեր իրավապահ համակարգը չի կարող իզոլացված լինել, ինքը պետք է բացատրի նախևառաջ՝ ինչպես ութ տարի չէր բացահայտվում այս ամենը»,- նշում է Սոնա Ղազարյանը:
Ռոբերտ Քոչարյանին առնչվող քրեական գործով անցնում է նաև երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը: Վերջինիս նկատմամբ, սակայն, խափանման միջոց է կիրառվել բացակայելու արգելքը: